Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան քննարկվել է, բայց մինչև տարեվերջ քիչ հավանական է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Իսկապես, քննարկվել է մեր նախագահի այցը Հայաստան կազմակերպելու հնարավորությունը, բայց հստակ Ժամկետներ առայժմ չեն քննարկվում»,- ասել է Ուշակովը:
Նա նշել է, որ երկու նախագահներն այս տարի դեռ կհանդիպեն Դուշանբեում՝ ԱՊՀ գագաթնաժողովին, ինչպես նաև Աստանայում՝ ՀԱՊԿ նիստին: Բացի այդ, նրա խոսքով՝ դեկտեմբերին Մոսկվայում նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողով, որը նույնպես երկու առաջնորդներին զրուցելու հնարավորություն է տալիս:
«Այցի կամ որևէ ժամկետների հարցը առայժմ չեն քննարկվում… Կարծում եմ, որ թերևս այցի հարցում ավելի խելամիտ է պատրաստվել հաջորդ տարի»,- ասել է նա:
Ուշակովը նաև հիշեցրել է, որ Փաշինյան-Պուտին հանդիպումը տեղի է ունեցել «բոլորովին վերջերս»:
«Այս տարի նրանք արդեն հանդիպել են երեք անգամ, բավարար չափով հանգամանալից քննարկումներ են եղել: Մասնավորապես, վերջին անգամ նախագահն ու վարչապետը զրուցել են մոտ երեք ժամ, իսկապես լավ և հանգամանալից խոսել են»,- ընդգծել է Ուշակովը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ