Կիրակի տեղի ունեցած Երևանի քաղաքապետի ընտրություններում հաղթեց «Իմ քայլը», որի միջուկը կազմում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը: «Իմ քայլը» հավաքել է ձայների ավելի քան 80%-ը, ինչի շնորհիվ մեծամասնություն է ստանում ավագանիում , իսկ Երևանի քաղաքապետ է դառնում նրա թեկնածու, նախկին դերասան Հայկ Մարությանը, գրում է «Նեզավիսիմայա գազետա» թերթը:
ԿԸՀ հայտարարած նախնական արդյունքները միանգամից հերքեցին մինչ այդ հնչող կանխատեսումները հնարավոր լուրջ մրցակցության մասին: «Իմ քայլը» շրջանցեց բոլոր թեկնածուներին՝ ոչ մի հարց բաց չթողնելով:
Հայաստանցի փորձագետների մեծ մասի կարծիքով կիրակի տեղի ունեցան հետխորհրդային երկար տարիներ հետո առաջին արդար ընտրությունները: Չի եղել նախկինում սովորություն դարձած ընտրակաշառքը, սպառնալիքները, շանտաժ, լցոնումներ, կարուսելներ և այլն: Ընտրողները քվեարկել են քաղաքական գործիչների և նրանց ծրագրերի օգտին: Եվ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» մրցակցությունից դուրս էր:
Ինքը՝ վարչապետը, քարոզարշավի ընթացքում բավականին ակտիվ էր: Հանրահավաքները շարունակում են մնալ նրա տարերքը: Իրեն զգալով ինչպես ձուկը ջրում՝ Փաշինյանն իր դաշինքը տարավ դեպի հաղթանակ շատ եռանդուն, երբեմն անգամ ագրեսիվ: Դա բազմիցս առաջ բերեց ընտրությունների այլ թեկնածուների դժգոհությունը, որոնք ժամանակին աջակցել էին թավշյա հեղափոխությանը, բայց Երևանի իշխանության համար պայքարում որոշել էին ինքնուրույն գործել:
Հանրապետական կուսակցությունը ընտրություններին չի մասնակցել: Հայտնի կուսակցական գործիչների բացատրությունները հազիվ թե որևէ մեկին համոզեին, որ նման որոշման պատճառը ոչ թե ընտրություններում պարտվելու, այլ ջախջախվելու վախն էր: Այլ արդյունք, ըստ երևույթին, չէր էլ կարող լինել, իսկ Երևանում հանրապետականների ստորացուցիչ պարտությունը, թերևս, կկանխորոշեր նրանց անհաջողությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որոնց մասին առայժմ միայն հայտնի է այն, որ դրանք պարտադիր կլինեն:
Մեկնաբանելով Երևանի մասշտաբով հաղթարշավը՝ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում է բանակցություններ սկսել կուսակցությունների հետ խորհրդարանի արտահերթ ընտրությունների հարցում: Նրա խոսքով՝ երևանցիները քվեարկել են «Իմ քայլի» համար, իսկ դա նշանակում է, որ պաշտպանելով իր քաղաքական հարթակը, մարդիկ կողմ են արտահայտվել արտահերթ ընտրություններին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ