«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով ներկայացրեց Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ իր վերլուծությունն ու հետհեղափոխական շրջանում նոր կառավարության արած-չարածների վերաբերյալ գնահատականը:
«2018 թվականի սեպտեմբերի 23-ին Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում պահանջվող շեմը փաստացի հաղթահարել են իշխանության մեջ ընդգրկված 3 քաղաքական ուժեր: Հայաստանի հանրապետությունում կրկին հաղթել է իշխող կոալիցիան: Մինչեւ վերոնշյալ ընտրությունները Հայաստանի հանրապետության քաղաքական եւ տնտեսական կառուցվածքի ապամենաշնորհումը, հակակշիռների եւ զսպումների մեխանիզմի եւ անկախ դատական համակարգի ներդրման ուղղությամբ օրինագծեր չեն պատրաստվել, չնայած որ դրա համար բավարար ժամանակ կար: Չեն ընդունվել այնպիսի սահմանադիր նոր օրենքներ, ինչպիսիք են կուսակցությունների մասին օրենքը՝ վերագրանցել բոլոր կուսակցությունները, արգելել ավտորիտարիզմը սպասարկող եւ քառորդ դարի ընթացքում ապօրինությունների մեջ ներգրավված կուսակցությունների գործունեությունը, ապահովել կուսակցությունների նվազագույն անկախ ֆինանսավորումը: Ընտրական օրենսգիրքը՝ ընտրական իրավունքի իրացումից դարձյալ զրկված են եղել արտերկրում գտնվող Հայաստանի հանրապետության քաղաքացիները: Ըստ էության, չի գործում տեղական ինքնակառավարման ինստիտուտը՝ մարզպետներին կառավարությունն է նշանակում»,-ասաց Փոստանջյանը:
Նա անդրադարձավ այլ ոլորտներին էլ. «Լյուստրացիան՝ գաղնտազրկման մասին օրենքը, որը կտարածվի բոլոր այն անձանց վրա, ովքեր նորանկախ Հայաստանի հանրապետության 27 տարիների ընթացքում ոտնահարել են մարդու իրավունքները, ապօրինի եղանակով հարստացել են մեր քաղաքացիների հաշվին եւ սպասարկել են օտար երկրների հատուկ ծառայություններին»:
Ըստ Փոստանջյանի, հետհեղափոխական շրջանում չի ընդունվել տնտեսական դաշտը բարելավող հարկային եւ մաքսային օրենսդրություն:
ԵԾ-ի ղեկավարը նաեւ հիշեց ՀՀ նախկին բոլոր նախագահներին. «Քաղաքական գնահատականի չեն արժանացել Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում կատարված ապօրինությունները՝ ապօրինի սեփականաշնորհում բոլոր համապետական ընտրությունների եւ հանրաքվեների կեղծում, քաղաքական սպանություններ, ապօրինի բանտարկություններ, խոսքի եւ հավաքների ազատության նկատմամբ ոտնձգություններ եւ այլն»:
Իսկ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին էլ հիշեց ապրիլյան պատերազմի համատեքստում. «2016 թվականին պայմանավորված պատերազմի հիմնական մեղավոր Սերժ Սարգսյանի գործողությունները, անգործությունը նույնպես քաղաքական գնահատականի չեն արժանացել»:
Փոստանջյանը նաեւ ասաց, որ քաղաքական հալածյալները չեն արդարացվել, համաներում չի հայտարարվել:
«Գրեթե նման պայմաններում եւ հռետորաբանությամբ 1991 հոկտեմբերի 16-ին ՀՀ նախագահ է ընտրվել Լեւոն Տեր-Պետրոսյանը ՝ 83% քվեով: Մեկ քաղաքական միավորի 80% -ից ավելի քվե ստանալը վկայում է պոտենցիալ վտանգի եւ հետընթացի մասին: Երկրում կուսակցական մենիշխանություն հաստատելու համար կառավարություն ընտրողներին ապակողմնորոշել են հակահեղափոխականության մասին թեզով: Նման պայմաններում առողջ եւ ստեղծագործ քաղաքական դաշտ չի կարող ձեւավորվել: Այս ըմբռնումով մենք շարունակելու ենք պայքարը հանուն ժողովրդավար, ինքնավար Հայաստանի, որտեղ իշխանությունից տարբերվող քաղաքական տեսակետները չեն խեղդվում՝ իշխանական լծակների գործադրման միջոցով»,-ասաց Փոստանջյանը:
Նա հայտարարեց, որ վաղվանից սկսում են խորհրդատվություններ, իր խոսքերով ասած՝ քաղաքական բոլոր այն ուժերի հետ, որոնք այս պահին ներկայացված են այդ ապօրինի խորհրդարանում. «Որպեսզի մինչեւ խորհրդարանի լուծարումը, նրանք ընդունեն այնպիսի օրենքներ, որոնց միջոցով կարողանանք կազմակերպել համայն հայության համար Ազգային ժողովի ընտրություններ»:
Փոստանջյանը խոստացավ վաղը ժամը 20.00-ին կրկին մտնել ուղիղ եթեր եւ զեկուցել իրավիճակը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ