Ուրախ ենք տեղեկացնել, որ Թումոյի առաջին միջազգային կենտրոնը` Թումո Փարիզը երեկ բացեց իր դռները Փարիզի երիտասարդների առջև: Կենտրոնի 1500 ուսանողների կեսը Թումո Փարիզի կրթական ծրագիրը սկսում են այս տարի, իսկ ուսանողների մյուսը կեսը կենտրոն կհաճախի հունվար ամսից:
«Մենք ճանաչեցինք Հայաստանը` որպես գիտության, տեխնոլոգիաների ու կրթության ոլորտում ավանդույթներ ունեցող երկիր: Թումոյի միջոցով մենք Փարիզի երիտասարդներին տրամադրում ենք ապագայի աշխարհը կերտելու համար անհրաժեշտ բոլոր գործիքները»,- նշել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, ով այցելեց կենտրոն` Թումոյի զարգացման հարցերով ղեկավար Բեկոր Փափազյանի ուղեկցությամբ:
Կենտրոնում կրթությունն անվճար է: Ուսումնական ծրագիրը լիովին ադապտացվել է Փարիզի կենտրոնին և թարգմանվել է ֆրանսերեն: Գրանցված ուսանողների շուրջ մեկ երրորդը ցածր եկամուտ ունեցող ընտանիքներից է, և նրանց մոտ 40 տոկոսը աղջիկներ են:
Թումո Փարիզը գտնվում է Forum des Images կենտրոնում՝ Փարիզի Les Halles շրջանի կենտրոնական հատվածում: Կրթական կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին:
Թումո թիմ