Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի, Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության Հայաստանի հետ երկկողմ առևտրի համակարգման հարցերով բաժնի ղեկավար Պետրոս Սուրմելիսի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի ղեկավարած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը ներկայացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կատարած աշխատանքները, անդրադարձել ՀԳԸՀ ճանապարհային քարտեզի մշակման գործընթացին:
Դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին և Հայաստանի կառավարությանը համագործակցության համար՝ նշելով, որ տպավորված է 2018 թվականի ԵՄ տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում ներկայացված նախագծերի ուղղությամբ տարված աշխատանքներով: Դեսպանը գոհունակությամբ է խոսել նաև միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների մասին և հույս հայտնել, որ Հայաստանի հետ հետագա համագործակցությունն էլ ավելի կզարգանա:
Վասիլիս Մարագոսը ևս բարձր է գնահատել ընթացիկ ծրագրերի շրջանակներում հայկական կողմի կատարած աշխատանքները, ակնկալել կառուցողական համագործակցության շարունակականություն և հորդորել է ավելի արագացնել գործողությունների ընթացքը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ համագործակցության հնարավոր նոր ծրագրերի շուրջ: Փոխվարչապետը ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ կողմից մեր երկրում իրականացվող բոլոր ծրագրերը և ջանք չի խնայի դրանց արդյունավետ իրականացումն ապահովելու ուղղությամբ: