Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայտարարություն Աշտարակ համայնքի ավագանու նիստում տեղ գտած ապօրինության եւ քաղաքացիների ահաբեկման մասին

Սեպտեմբեր 26,2018 18:04

2018 թ. սեպտեմբերի 18-ին Աշտարակի համայնքապետի աշխատասենյակում տեղի է ունեցել ավագանու հերթական նիստը, որին սկզբում ներկա է եղել ավագանու 15 անդամից 8-ը: Նիստը սկսվել է 7 րոպե ուշացումով եւ տեւել է 28 ր: Նիստը նախագահել է Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանը:

Օրակարգի 4-րդ հարցի քննարկման ընթացքում («…Համաձայնություն տալ Աշտարակի թիվ 2 «Արևիկ» մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում Բելա Սաֆարյանին նշանակելու համայնքի ղեկավարի առաջարկությանը) ավագանու անդամ Աշոտ Հունանյանը լքել է նիստը, բացակայել 4-րդ, 5-րդ եւ 6-րդ հարցերի քննարկման եւ քվեարկությունների ընթացքում, ապա վերադարձել է քվեարկությունից հետո:

Այս հարցերի քննարկման եւ քվեարկության ժամանակ ավագանու վերոհիշյալ անդամի բացակայութան պատճառով քվորում չլինելու մասին համայնքի ղեկավար Թ.Շահվերդյանին տեղեկացրել է նիստում ներկա գտնվող Աշտարակի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի համակարգող, Աշտարակի բնակիչ Նվարդ Բոցինյանը: Համայնքապետը չի արձագանքել այդ հայտարարությանը, իսկ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ս.Սահակյանը պատասխանել է, թե ամեն ինչ ճիշտ է արվել: Ավագանու անդամներից մեկը կատակելով հայտարարել է, թե նիստերի դահլիճից դուրս եկած ավագանու անդամը իր համաձայնությունը վաղուց տվել է քննարկված թիվ 4, 5, 6 որոշումների ընդունմանը, եւ այդ պատճառով գնացել է:

Նիստի վերջում համայնքի ղեկավարը առաջարկել է արտահայտվել, թե ներկաներն ինչ խնդիրներ են տեսնում քաղաքում: Աշտարակի քաղաքացիական-երիտասարդական կենտրոնի համակարգող Ն.Բոցինյանը կրկին հիշեցրել է, որ երեք որոշումների նախագծերը քննարկվել եւ ընդունվել են քվորումի բացակայության պայմաններում, ինչին Թ.Շահվերդյանը արձագանքել է, թե 13 հոգի տեսել է, որ 8 հոգին քվեարկել է, իսկ մի հոգին ստում է: Քաղաքապետը դիմելով Ն.Բոցինյանին, ասել է,-մենք բոլորս համախմբվել ենք, որպեսզի Աշտարակը դարձնենք լավ քաղաք: Ես քեզ էլ եմ ասում, աղջի, չփորձվեք համայնքապետարանի անվան հետ խաղալ:

Քաղաքապետը այս ելույթի ժամանակ նյարդայնացած մի քանի անգամ բռունցքով սեղանին է խփել, ավելացնելով.-Ես քեզ էլ եմ ասում, եղբորդ էլ եմ ասում, մի քանի ծրագիր անելու համար մեզ խայտառակում եք, եթե համարձակվեք ինչ-որ բան անել, շատ կփոշմանեք, ես հետո կասեմ, թե ով ով է ու վերջում ձեզ լավ չեք զգա, ու դա ես հաստատ եմ ասում:

Ավագանու անդամ Կարեն Շահազիզյանը եւ Արմեն Սարգսյան փորձել են սաստել համայնքապետին: Կ.Շահազիզյանը բռնել է համայնքապետի ձեռքը, իսկ Ա.Սարգսյանը մի քանի անգամ բղավել է.-Հերիք է:-Քաղաքապետը մի քանի անգամ սպառնալիքներ է տեղացել Աշտարակի քաղաքացիական-երիտասարդական կենտրոնի համակարգողի, նրա եղբոր եւ կենտրոնի հասցեին:

Այնուհետ վիճաբանության ընթացքում համայնքապետը, չընդունելով իր թույլ տված սխալները, բավականին էմոցիոնալ ձեւով դուրս է հրավիրել Նվարդ Բոցինյանին եւ Լիանա Հակոբյանին, վերջում համայքապետարանի Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ՝ Շանթ Վահանյանը հրահանգել է «դուրս քշել սրանց»: Վահանյանին միացել է նաեւ աշխատակազմի ղեկավար Սամվել Սահակյանը:

Նվարդ Բոցինյանը եւ Լիանա Հակոբյանը ստիպված են եղել հեռանալ:

Աշտարակի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի հիմնադիր Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Աշտարակի, Գյումրու, Վանաձորի, Իջեւանի, Հրազդանի, Գավառի, Արմավիրի, Արտաշատի, Եղեգնաձորի եւ Կապանի երիտասարդական քաղաքացիական կենտրոնները խստորեն դատապարտում են Աշտարակի քաղաքապետի վարքը եւ թույլ տված ապօրինությունները:

Դիմում ենք ՀՀ ոստիկանությանը՝ պահանջելով հետաքննել տեղի ունեցած միջադեպը:
Դիմում ենք նաեւ Արագածոտնի մարզպետարանին եւ ՀՀ արդարադատության նախարարությանը, պահանջելով ուսումնասիրել 2018 թ. սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած Աշտարակի ավագանու նիստի ընթացքում կայացված որոշումների օրինականությունը, տալ իրավական գնահատական առանց քվորումի որոշումների կայացման պրակտիկային եւ բեկանել օրակարգի 4-րդ, 5-րդ եւ 6-րդ հարցերով կայացված որոշումները:

Աշտարակի քաղաքապետից պահանջում ենք անհապաղ հրապարակավ ներողություն խնդրել ամբարտավան եւ անվայել վարքի համար, իսկ հետագայում զերծ մնալ ապօրինություններից եւ քաղաքացիներին սպառնալուց: Խորհուրդ ենք տալիս հասկանալ եւ մտապահել, որ Հայաստանում անպատժելիության եւ ամենաթողության ժամանակներն անցել են:

 
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ

Աշտարակի, Գյումրու, Վանաձորի, Իջեւանի, Հրազդանի, Գավառի, Արմավիրի, Արտաշատի, Եղեգնաձորի եւ Կապանի քաղաքացիական-երիտասարդական կենտրոններ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930