«Երևանի ավագանու ընտրությունները կարելի է վստահության մանդատ համարել, բայց իրականում այդ վստահության մանդատը մինչև այդ էլ կար»,-«Հոդված 3» ակումբում հրավիրված քննարկմանը հայտարարեց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը: Ըստ քաղաքագետի՝ ակնհայտ է, որ ԱԺ-ն իր ներկայիս կազմով բոլորովին չի համապատասխանում քաղաքական իրողություններին. «ՀՀ-ում ստեղծվել է արտառոց իրավիճակ, և հնարավորինս շուտ պետք է փոխել իրավիճակը և ԱԺ-ն համապատասխանեցնել հասարակական տրամադրություններին և քաղաքական իրողություններին»:
Ըստ Արմեն Բադալյանի՝ ակնհայտ է, որ ՀՀԿ-ականները կդիմադրեն մինչև վերջ. «Ավագանու ընտրությունները ցույց տվեցին՝ ամենայն հավանականությամբ ՀՅԴ-ն չի լինի հաջորդ խորհրդարանում: Հաջորդ խորհրդարանում ևս ԲՀԿ-ն կպահպանի երկրորդ քաղաքական ուժի կարգավիճակը, ԲՀԿ-ն գուցե բանակցությունների արդյունքում համաձայնի խորհրդարան ցրել: Լույս դաշինքը, եթե դեմ գնա, դա կլինի քաղաքական ինքնասպանություն»:
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ խնդիրն այն է լինելու, թե ինչպես կհաջողվի իշխանության հետ գնալ պայմանավորվածության. «Բոլորի համար խորհրդարան հայտնվելու խնդիր կա: Նիկոլ Փաշինյանը ևս շահագրգռվածություն ունի, որ այլ ուժեր ևս մուտք կգործեն խորհրդարան: Ուստի մյուս ուժերը կարող են իշխանության հետ գնալ կոմպրոմիսի, խաղի կանոններ մշակել, որ այս փուլում խորհրդարանում հայտնվելը դյուրին լինի, հնարավոր է անցողիկ շեմն իջեցվի: Սա լինելու է միջանկյալ խորհրդարան, հեղափոխական իրավիճակում ձևավորված խորհրդարան, հիմնական քաղաքական պրոցեսները պիտի տեղի ունենան դրանից հետո, կան հարցեր, թե ՀՀ-ում որն է լինելու երկրորդ քաղաքական ուժը, ինչպես է բաշխվելու այդ ամենը»:
Քաղաքագետ Էդգար Վարդանյանի կարծիքով՝ իշխող քաղաքական ուժը շատ ավելի մեծ ձայներ հավաքելու հնարավորություն ունի. «Հնարավոր է 81 տոկոսը ավելանա ևս մի քանի տոկոսով: Այն պարզ պատճառով, որ նախ խորհրդարանական ընտրությունները շատ ավելի մեծ ուշադրության են արժանանում հանրության կողմից և ամենակարևոր հանգամանքն այն է, որ ցուցակը կգլխավորի Նիկոլ Փաշինյանն ուղղակի: Ուստի ուղղակիորեն Նիկոլ Փաշինյանի ընտրություններն են լինելու»:
Էդգար Վարդայանն արձանագրեց՝ ԲՀԿ-ի յոթ տոկոսը հնարավոր է եղել այն պարագայում, որ ԲՀԿ-ն չի հակադրվել հեղափոխության օրակարգին և ուղղակի փորձել է ասել, որ իրենք հեղափոխության կողմնակից ենք, բայց իշխանությունն այդ հեղափոխությունից նահանջ է իրականացնում: Այս առիթով նա մանրամասնեց. «Նույնիսկ ԲՀԿ-ն հասկացել է, որ չի կարող հեղափոխությանը հակադրվելով՝ որևէ շանս ունենալ: Իսկ եթե իրավական հարթության վրա լինում են բացահայտումներ, որոնք վերաբերում են ԲՀԿ-ին այս պարագայում հնարավոր է փոխվի նրանց յոթ տոկոսը, դա էլ կարող են կորցնել: Լինելու է լուրջ պայքար, դիմադրության առումով, և սակարկությունների գնալու առումով»:
Էդգար Վարդանյանը, դառնալով ՀՀԿ-ի շանսերին, ասաց, թե ակնհայտ է, որ ջախջախիչ պարտության է մատնվելու:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Հոդված 3» ակումբի