Պաշտոնեական լիազորություններն անցնելու համար մեղադրվող ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանն իր դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում արդեն մի քանի անգամ հարցաքննվել է, այդ թվում նաեւ առերես հարցաքննությունների է մասնակցել: Այս մասին Aravot.am-ին ասաց նրա պաշտպան Տիգրան Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 309րդ հոդվածի 2րդ և 3-րդ հոդվածներով արարքի՝ պաշտոնեական լիազորությունները անցնելու համար: Նա մեղադրվում է ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում, իսկ ապրիլի 22-ին Արցախի պողոտայում ոստիկանության կողմից հանրահավաքների մասնակիցների նկատմամբ հատուկ միջոցներ՝ մասնավորապես լուսաձայնային նռնակներ կիրառելու մեջ։
Լեւոն Երանոսյանի հանդեպ որպես խափանման միջոց ընտրված է չհեռանալու մասին ստորագրությունը:
Տիգրան Սաֆարյանի խոսքով, Երանոսյանն իր ցուցմունքում նշել է, որ այդ օրերին թե իր, թե ոստիկանների գործողությունները եղել են իրավաչափ՝ հատկապես հատուկ միջոցների կիրառման առումով:
Թե ով է այդ օրերին հատուկ միջոցներ կիրառելու հրաման տվել, փաստաբանն ասաց, որ ցանկացած ծառայող հրազեն, հատուկ միջոցներ կիրառելու իրավունք, որոշ դեպքերում նաև պարտականություն ունի՝ օրենքով նախատեսված նախապայմանների առկայության դեպքում եւ պարտադիր չէ հրաման տալու դեպքում նրանք որոշեն հրազեն կամ հատուկ միջոց կիրառել։
Նա նաեւ ասաց, որ հատուկ քննչական ծառայություն կանչվել են սեպտեմբերի տասից, մի քանի անգամ հարցաքննություններ են եղել, այդ թվում առերեսում քննություններ: Թե գործի շրջանակներում ում հետ է առերեսվել Լեւոն Երանոսյանը, նրա պաշտպանը հրաժարվեց ասել:
Փաստաբանը նաեւ հավելեց, որ Երանոսյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը եւ առաջիկա օրերին մամուլի ասուլիս կհրավիրեն՝ մեղադրանքի վերաբերյալ իրենց անհամաձայնությունը փաստերով ներկայացնելու համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ