ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանին, փոխնախագահ Գևորգ Գոյունյանին և Շարունակական կրթության բաժնի պետ Սերգեյ Թանթուշյանին։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀԱՀ-ի միջև համագործակցության հնարավորություններին, մասնավորապես ՀԱՀ-ի կողմից իրականացվող Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի շրջանակում։ Գևորգ Գոյունյանը համառոտ ներկայացրել է ծրագրի հիմնական ուղղությունները և ձեռքբերումները։ Ծրագիրն իրականացվում է Տավուշի, Շիրակի և Վայոց ձորի մարզերում, Արցախում և Ջավախքում, նպատակն է աջակցել գյուղական համայնքների զարգացմանը՝ աշխատատեղերի ստեղծման, ձեռնարկատերերին կրթական և ֆինանսական հնարավորություններ տրամադրելու միջոցով։
Նրա խոսքով՝ մինչ այժմ ծրագրի աջակցությամբ ստեղծվել է ավելի քան 350 բիզնես ձեռնարկություն, 580 աշխատատեղ։ Ծրագրի շրջանակում իրականացվում է բիզնես վարկավորում՝ տարեկան 6 % տոկոսադրույքով, ինչպես նաև անցկացվում են գործարարության անվճար դասընթացներ։
Հայաստանի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչներն առաջարկել են համագործակցել գյուղոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի շրջանակում, մասնավորապես դասընթացների կազմակերպման և մոնիտորինգի իրականացման հարցում։
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ողջունել է առաջարկը՝ հավելելով, որ նախարարությունը մշտապես բաց է և պատրաստակամ համագործակցության առաջարկների քննարկման համար, որոնք միտված են գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը և իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացմանը։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին