Սեպտեմբերի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ընդունեց Գերմանական Մարշալ հիմնադրամի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) կողմից կազմակերպված՝ ԱՄՆ և ԵՄ դիվանագետների, քաղաքական փորձագետների և լրագրողների պատվիրակությանը, որը ճանաչողական այցով ժամանել է Հայաստան: Հանդիպմանը ներկա էր ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարի տեղակալ Ռուբինյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները, անդրադարձավ նոր կառավարության զարգացման բարեփոխումների օրակարգին։ ԵՄ հետ համագործակցության համատեքստում նախարարի տեղակալն ընդգծեց Հայաստանի դերը տարածաշրջանում որպես ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների կրողի:
Փոխնախարարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ Հայաստանի մոտեցումները, հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը:
Հանդիպմանը նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանեցին պատվիրակության անդամների հարցերին:
ՀՀ ԱԳՆ