Հայաստանի անկախության 27-ամյակի կապակցությամբ, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցեց մի շարք միջոցառումների:
Սեպտեմբերի 21-ին դեսպան Տոլմաջյանը բացման խոսքով հանդես եկավ դեսպանության և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի Ֆրանսիայի ներկայացուցչության հետ համատեղ կազմակերպված հանդիպում-քննարկմանը, որը նվիրված էր Հայաստանում ստեղծված նոր իրողությունների պայմաններում տնտեսական զարգացման հնարավորությունների արդյունավետ օգտագործմանը և Ֆրանսահայ գործարարների ներգրավմանը: Դեսպանը ներկայացրեց Հայաստանի նոր կառավարության տնտեսական առաջնահերթությունները, ինչպես նաև տնտեսական քաղաքականության առանցքային ուղղությունները:
Նույն օրը ՀԲԸՄ և Նուվել դ’Արմենի ամսագրի կողմից համատեղ կազմակերպված «Rendez-vous «Nouvelles d’Arménie» (Նուվել դ’Արմենի ժամադրություն) հանդիպում-բանավեճին դեսպանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը, հայ-ֆրանսիական հարաբերությունները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ս.թ սեպտեմբերի 14-ի Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի լույսի ներքո և Ֆրանսիայի Նախագահ Մակրոնի՝ Հայաստան կատարելիք պետական այցի նախաշեմին, ինչպես նաև Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացը, Հայաստան-Սփյուռք հարաբերությունները և այլն: Դեսպանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:
Սեպտեմբերի 22-ին Հասմիկ Տոլմաջյանը հարցազրույց տվեց «ԱՅԲ ՖՄ» Ֆրանսիայի հայկական ռադիոյին, որի ընթացքում անդրադարձ կատարեց անկախության տարիներին Հայաստանի ձեռքբերումներին, երկրի առջև ծառացած նոր մարտահրավերներին, ֆրանսահայ համայնքի դերակատարությանը և խնդիրներին, դեսպանության գործառույթներին և այլն:
ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ