Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքման հարցը բարձրացվել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի մոտ և մենք սպասում ենք Հայաստանի մեր գործընկերների արձագանքին:
Այս մասին այսօր Արցախի խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանը՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին՝ թե Հայաստանում առկա նոր իրողությունների պայմաններում ինչպիսի քայլեր են ձեռնարկվում Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքման հարցի վերաբերյալ:
Բ. Սահակյանը խոսքով տարիներ առաջ այդ ուղղությամբ կատարվել են որոշակի աշխատանքներ և ՀՀ գործընկերների հետ մշակվել է այդպիսի փաստաթուղթ: Ըստ նրա՝ հարցին անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում՝ ՀՀ նոր ղեկավարության հետ ունեցած հանդիպումների ընթացքում:
«Երբ այդ փաստաթղթի ստեղծման շուրջ նախկինում աշխատանքներ էին տարվում, հաշվի էին առնվում նաև մի շարք գործոններ՝ այդ թվում աշխարհաքաղաքական զարգացումները: Այդ փաստաթղթի մշակումը, ստորագրումը և կյանքի կոչելը կապված է իրականում այդպիսի մի շարք հանգամանքների հետ, և մենք պարտավոր ենք այդ ամենը հաշվի առնելու, ինչպես և հաշվի ենք առել նախկինում»,- նշեց Բակո Սահակյանը:
Արցախի նախագահը ընդգծեց, որ Հայաստանի և Արցախի ղեկավարությունը նպատակ չունեն խուսափելու այդ փաստաթղթի ընդունումից, քանի որ գիտակցվում է դրա կարևորությունը, միևնույն ժամանակ գիտակցվում նաև նշված հանգամանքները հաշվի առնելու անհրաժեշտությունը:
«Մենք փորձելու ենք ամեն ինչ անել այդ կարևորագույն նշանակություն ունեցող փաստաթուղթը վերջնականապես կյանքի կոչելու համար»,- շեշտեց Բ. Սահակյանը:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ