Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվրասիական տնտեսական միություն. կախել չի կարելի ներել

Սեպտեմբեր 26,2018 15:56

Դավիթ Ստեփանյան,

ԱրմԻնֆո գործակալության քաղաքական մեկնաբան

ՄԱՀՀԻ- ի գործընկեր

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Կախել չի կարելի ներել: Թվում է, թե հենց այս բավականին տարածված թևավոր արտահայտությունն է խիստ պարզորոշ կերպով բնութագրում Մոսկվայի նախաձեռնությամբ ստեղծված Եվրասիական տնտեսական միության այսօրվա վիճակը: Այս հետազոտությունը մի փորձ է ընթացիկ տարվա իրադարձությունների և կարծիքների վերլուծության հիման վրա ԵԱՏՄ-ի հնարավոր հեռանկարների կանխատեսման միջոցով վերնագրի մեջ բացակայող ստորակետը դնել ճիշտ տեղում:

ԵԱՏՄԻ ՎԵՐՋԻՆ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

Առաջին հայացքից, հատկապես 2015թ. ճգնաժամից հետո, ԵԱՏՄ անդամ երկրների`Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի տնտեսությունները 2017թ. կայուն աճի միտումներ են ցույց տվել: Օրինակ` ըստ վերջին պաշտոնական վիճակագրական տվյալների[i]՝ 2018 թ. երկրորդ եռամսյակում Հայաստանի տնտեսական աճը կազմել է 7,2%, ՀՆԱ-ի ծավալը`1 358.4 մլրդ դրամ կամ մոտ 2,8 մլրդ դոլար: Այսպիսով առաջին կիսամյակի արդյունքներով ՀՆԱ-ի աճը գերազանցել է 8,4%-ը: Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն երկրորդ եռամսյակում կազմել է 457,399 դրամ (948 դոլար), այն դեպքում երբ այդ նույն տարվա առաջին եռամսյակում այն կազմել է 374,394 դրամ (778 դոլար): Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վերջին տվյալների[ii]` 2017թ. ԵԱՏՄ անդամ-երկրների ՀՆԱ-ն աճել է 1,8%-ով (Հայաստանի ՀՆԱ-ն` 7.5%-ով, Ղրղըզստանինը`4.5%, Ղազախստանինը` 4%, Բելառուսինը` 2.4%, Ռուսաստանինը`1.5%): Արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 1.7%, գյուղատնտեսությանը` 2.5%: ԵԱՏՄ անդամ երկրների միջև առևտրաշրջանառությունը ավելացել է 26.1%-ով: Ապրանքների և ծառայությունների մատակարարումը երրորդ երկրների շուկաներ աճել է 24,4% -ով: «Doing Business-2018»-ի վարկանիշում ԵԱՏՄ-ն բարձրացել է 35-րդ տեղը, իսկ մի շարք ցուցանիշներով ընդհանրապես առաջատարների մեջ է մտել:

Վերոնշյալ թվերը, որոնց մասին ուրախությամբ հայտարարում են հայ և եվրասիական պաշտոնյաները, առաջին հայացքից ցույց են տալիս, որ ԵԱՏՄ-ի տնտեսության հետ, ըստ էության, ամեն ինչ կարգին է: Սակայն, իրականում այդ մակրոտնտեսական ցուցանիշները, մասնավորապես, փոխադարձ առևտրի դինամիկայի մասով կրում են բացառապես վերականգնողական բնույթ, և այս լույսի ներքո խոսել զարգացման մասին առայժմ, կարծես թե, վաղաժամ է: Այսպես, նույն այդ ԵՏՀ-ի տվյալներով, ԵԱՏՄ անդամ երկրների փոխադարձ առևտրի ծավալը 2015 թվականին կրճատվել է 25.5% -ով, իսկ 2016-ին` ևս 5.8% -ով: Իսկ, օրինակ, ԵԱՏՄ անդամ երկրների առևտրի ծավալը երրորդ երկրների հետ 2015թ. հունվար-սեպտեմբերին նույն 2014թ.-ի համեմատ նվազել է 34,5% -ով` հասնելով մինչև 437 մլրդ դոլարի: Նման իրավիճակում, նույնիսկ 2018թ.-ի արդյունքներով սպասվող ռուսական տնտեսության 2-3% աճը ԵԱՏՄ մակրոտնտեսական ցուցանիշների վրա լուրջ ազդեցություն չի կարող ունենալ:

Այն ի վիճակի չէ կրճատել նաև առևտրային խոչընդոտների և սահմանափակումների վերաբերյալ ԵԱՏՄ-ի երկրների` տարեցտարի աճող փոխադարձ պահանջների ցանկը մի տարածության մեջ, որն, ըստ ինտեգրացիոն գաղափարի հեղինակների մտահղացման, վաղուց արդեն պետք է լիներ միասնական: Մի շարք, փորձագետների և տնտեսագետների կարծիքով, այդ թվում և ազգությամբ ռուս, իրականում ԵԱՏՄ-ը ընդամենը ինտեգրացիայի իմիտացիա է, ընդ որում հարկադիր հիմքի վրա: Եվ ԵԱՏՄ-ն այսօր գրեթե բոլոր մասնակիցների, բացառությամբ՝ թերևս Ռուսաստանի, համար  սրընթաց կերպով կորցնում է տնտեսական գրավչության վերջին մնացորդները, համար:

ՎՃԱՐ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ՀԱՄԱՐ

Ռուսաստանի կողմից ձևավորած եվրասիական տարածաշրջանում վերջին զարգացումները թույլ են տալիս գալ, առնվազն, արդեն այդ միության համար կայուն բնութագիր դարձած այն եզրակացությանը, որ ԵԱՏՄ-ն` որպես Մոսկվայի ձեռքում հետխորհրդային պետություններին Արևմուտքից և Չինաստանից մեկուսացման քաղաքական ինտեգրացիոն նախագիծ-գործիք,  ոչ լիարժեքորեն է համապատասխանում իրողություններին: Ոչ մի կերպ չփորձելով վիճարկել այդ թեզը, այնուամենայնիվ, թվում է, թե ԵԱՏՄ անդամ երկրների միջև ներկայիս սաստկացող հակասությունների արմատը մեծամասամբ տնտեսության, այլ ոչ թե քաղաքականության մեջ է: Պարադոքս է, բայց այդ հակասությունները գլխավորապես առաջանում են եվրասիական ինտեգրացիայի հիմնական նախաձեռնողի` Ռուսաստանի կողմից: Ի տարբերություն Խորհրդային միության` «Նոր Ռուսաստանը», ձգտելով պահպանել իր ազդեցությունը հետխորհրդային տարածության մեջ և չհրաժարվելով ընդհանուր եվրասիական տնտեսական կարկանդակի իր մասնաբաժնից, ամենևին չի էլ ցանկանում գործընկերների հետ իր սեփական ռեսուրսներով, հիմնականում՝ էներգետիկ, կիսվել: Այդ թեզի ապացույցը տնտեսական մի շարք ոլորտներում ինտեգրացիայի ակնհայտ ձգձգումն է: Ելնելով ԵԱՏՄ անդամ երկրների շահերի իրացման հակասականությունից` նավթի և գազի միասնական շուկայի ստեղծումը հետաձգվել է մինչև 2025թ., էլեկտրաէներգիայինը` մինչև 2019թ., ծառայություններինը`մինչև 2025թ.: Սակայն, հաշվի առնելով, որ ԵԱՏՄ անդամ հինգ երկրներից էներգետիկ մենաշնորհի, գլխավորապես արևմտյան ուղղությամբ, հավակնում է միայն Ռուսաստանը, կանխատեսել, թե ում շահերին է հակասում եվրասիական ինտեգրման էներգետիկ բաղադրիչը, թվում է, դժվար բան չէ:

Այդ ամենի խորապատկերին ԵԱՏՄ մյուս երկրները ավելի խորը տնտեսական ինտեգրացիայի ցանկություն չեն ցուցաբերում: Ելնելով այն իրողությունից, որ ընդհանուր, միմյանց փոխկապակցված տնտեսական խնդիրները դեռ հեռու են լուծված լինելուց` Աստանայում ԵԱՏՄ շրջանակներում քաղաքական ինտեգրացիան վաղաժամ են համարում: Իր երկրի ղեկավարության այդ դիրքորոշումը մի շարք ձևաչափերով բազմիցս բարձրաձայնել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը: Այս նույն խորապատկեևին  Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նույնիսկ ԵԱՏՄ-ի պայմանագրով նախատեսված ինտեգրացիայի արագացման անհրաժեշտություն է տեսնում մինչև 2025թ.-ը:

Մոսկվայի` ԵԱՏՄ-ի իր դաշնակիցներին ներքին սակագներով էներգառեսուրսների մատակարարումը ձգձգելու պատճառները հարցեր չեն առաջացնում: Օրինակ, իր ռազմավարական դաշնակից Հայաստանին «Գազպրոմ» ԲԲԸ-ն սահմանին գազ է մատակարարում հազար խորանարդ մետրի համար 150 դոլարով, որից հետո նրա դուստր կազմակերպությունը` «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ն հանրապետության բնակչությանը գազ է մատակարարում մոտ երկու անգամ ավելի թանկ գնով: Սակայն, վճարել իր ազդեցության ներքո և իր շահերի օգտին գործող ինտեգրացիայի համար, այնուամենայնիվ պետք է, իսկ ԵԱՏՄ-ի դաշնակիցները, բացառությամբ սեփական գազի հանքերն ունեցող Ղազախստանի, պնդում են վճարման հենց այս ձևը: Այս լույսի ներքո, ավելորդ չէ նշել, որ հենց նավթագազային կարկանդակը չկիսելու ցանկությունն է, օրինակ, Ադրբեջանին, զրկում ԵԱՏՄ մտնելու շարժառիթից:

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԳԵՐԻՇԽՈՒՄԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Այդուհանդերձ, այս ամենով հանդերձ, Մոսկվան ակնհայտորեն չի պատրաստվում հետաձգել ԵԱՏՄ-ի համաձայնագրով նախատեսված այն դրույթների իրականացումը, որոնք չեն հակասում իր տնտեսական շահերին: Օրինակ, խոսքը վերաբերում է Հայաստանի կողմից ներմուծվող 770 անուն ապրանքների մաքսատուրքերը մինչև 2022թ. ԵԱՏՄ տարածքում միասնական սակագներին բերելու նախատեսված աստիճանական համապատասխանեցման հետաձգմանը: Միևնույն ժամանակ, բոլոր ամենալավատեսական հաշվարկներով այս քայլը Հայաստանում կբերի ապրանքների այդ կատեգորիայի մաքսատուրքերի ավելացմանը 2-ից մինչև 50 %-ի:

2013թ. սեպտեմբերի 3-ի՝ այն ժամանակ դեռևս Մաքսային միությանը միանալու մտադրության մասին Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարության հնչեցմամբ այդ նախաձեռնության կողմնակիցները, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում, ի թիվս այլ առավելությունների, որ խոստանում էր այդ նախաձեռնությունը, հիշատակում էին անդամ- երկրների քաղաքացիների համար ընդհանուր աշխատաշուկայի ավելի դյուրին հասանելիությունը: Հարկ է նշել, որ այդ կետը բավականին գայթակղիչ էր հնչում հիմնականում Ռուսաստանից ուղարկվող տրանսֆերտներով սնվող հայկական տնտեսության օլիգարխիկ մոդելի, և որ ամենակարևորն է՝ ռուսական լայնարձակ տարածքներում շրջագայող քաղաքացիների ականջների համար: Ինչպես նաև պետք է խոստովանել, որ ԵԱՏՄ-ի ստեղծման պայմանագիրը իսկապես ընդլայնել է Միության ամբողջ տարածքում որակավորումը պարտադիր ճանաչող մասնագիտությունների ցանկը: Պայմանագրով նաև ԵԱՏՄ-ի ամբողջ տարածքում երաշխավորվում է բժշկական, ապահովագրական ծառայություններին միանման մատչելիությունը, ճանաչվում են աշխատանքային և կենսաթոշակային ստաժի սահմանման միասնական կանոնները:

Սակայն, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից երեք տարի անց վերջնականապես պարզ դարձավ, որ ԵԱՏՄ-ի ստեղծման պայմանագրի դրույթները տեղերում, հիմնականում Ռուսաստանում, իրականացվում են առնվազն, ոչ ամբողջությամբ: Ըստ Ռուսաստանում լավ կյանք փնտրող մեր հայրենակիցների՝ Ռուսաստանի տարբեր շրջանների և նույնիսկ դաշնային մակարդակի շատ պաշտոնյաներ ընդհանրապես չեն նկատում ԵԱՏՄ-ի կարգավորող մարմնի` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրահանգները՝ շարունակելով առաջնորդվել լավագույն դեպքում, Ռուսաստանի օրենսդրության դրույթներով: Այս լույսի ներքո խոսել Երևանի, Մինսկի, առավել ևս՝ վերջին անդրսահմանային սկանդալի  խորապատկերին Աստանայի և Բիշքեկի կողմից Եվրասիական օրենսդրության հոդվածների անվերապահ իրականացման մասին, չարժե:

Այս համատեքստում պետք է հատուկ ընդգծել ԵԱՏՄ հիմնադրման մասին պայմանագրի այն դրույթը, որով նախատեսվում է ազգային մակարդակում վերազգային մարմնի որոշումների արգելափակման հնարավորությունը: Այսպիսով, ԵՏՀ-ի որոշումները կրում են խիստ հռչակագրային բնույթ և տարօրինակ կերպով չեն իրականացվում այն երկրի ղեկավարության կողմից, որը կարծես թե առաջին հերթին պետք է շահագրգռված լինի ԵԱՏՄ-ի արդյունավետ զարգացմամբ: Արդյունքում, ԵՏՀ-ը այդպես էլ չվերածվեց իրական վերազգային մարմնի առաջին հերթին տնտեսական, այլ ոչ ամենևին քաղաքական հանգամանքների պատճառով: Եվ տնտեսական պատճառներն ու շահերը, հատկապես արևմտյան պատժամիջոցների խորապատկերին, այստեղ հաստատապես չեն զիջում քաղաքականին: Ընդ որում, բուն Մոսկվայում ԵԱՏՄ-ի վերազգային մարմինների լիազորությունների հասունացող խնդիրը վաղուց սովորույթի համաձայն վերագրում են ԵԱՏՄ անդամ երկրներին, Արևմուտքի արտաքին ճնշմանը, բայց ոչ իհարկե Ռուսաստանին:

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Վերոնշյալ երևույթները ուղեկցվում են ԵԱՏՄ-ի երկրների, առաջին հերթին՝ նրանց ղեկավարության միջև, էական և փոխադարձ անվստահությամբ: Անվստահությունը պայմանավորված է ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով, էականորեն սրում է իրավիճակը և աճի միտում ունի, միանգամայն ի վիճակի է արդեն մոտակա ժամանակներս եվրասիական ինտեգրման նախագիծը ճգնաժամային իրավիճակի մեջ դնել: Եվ այդ նույն Մոսկվան ստիպված է լինում սեփական ինտեգրացիոն իղձերին և շահերին, մեղմ ասած, այնքան էլ չհամապատասխանող միջոցներ ձեռնարկել` ելնելով, առաջին հերթին, եվրասիական գործընկերների նկատմամբ վստահության անբավարար մակարդակից:

Այս խնդիրը առավել ցցուն դրսևորում ստացավ ԵԱՏՄ երկրների ղեկավարների մակարդակով փետրվարի 2-ին Ալմաթիում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում: Հանդիպումը լիովին ցույց տվեց ԵԱՏՄ-ի ներսում առկա հիմնական տարաձայնությունները` թափանցիկորեն ցույց տալով մոտակա եվրասիական օրակարգը և առանցքային ինտեգրացիոն վեկտորների հնարավոր արդյունքները: Ալմաթիում ամենաբացահայտ խնդիրը դարձավ բազմաթիվ փոխադարձ խոչընդոտների, սահմանափակումների և արգելքների գոյության առկայությունը, տարբերությունները սակագների միջև, որոնք իրենց ամբողջության մեջ հեռվացնում են ԵԱՏՄ-ի` որպես լիարժեք տնտեսական միության, կազմավորումը:

ԵԱՏՄ մյուս երկրներից դեպի Ռուսաստան երրորդ երկրների ապրանքների վերարտահանման ամենասուր խնդրի ամենավերջին օրինակներից մեկը հանդիսացավ 2017թ. վերջին առևտրային պատերազմը մի կողմից Ռուսաստանի և Ղազախստանի, իսկ մյուս կողմից` Ռուսաստանի և Բելառուսի միջև: Մոսկվայում, մասնավորապես, շաքարավազի ներքին գնի 40 տոկոսանոց գնանկումը կապում էին բելառուսական և ղազախական թրեյդերների կողմից ռուսական շուկա առանց մաքսատուրքի շաքարավազ վերաարտահանելու հետ: Ինչից հետո ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը պահանջեց ընդհանրապես ռուսական շուկան փակել բելառուսական և ղազախական ներմուծման համար: Ալմաթիում վարչապետների հանդիպումն ավարտվեց շաքարավազի շուկայում առկա իրավիճակի վերլուծության անհրաժեշտության վերաբերյալ պայմանավորվածությամբ `ցույց տալով, որ խնդիրը դեռ շատ հեռու է լուծումից:

Հունվարի 30-ին ՌԴ առևտրի և արդյունաբերության նախարարությունը հրապարակեց նոր կորուստների չափը` 25.2 միլիարդ ռուբլի՝ այս անգամ դրանք պայմանավորելով ռուսական շուկա Ղազախստանից պողպատի արտոնյալ մատակարարումներով[iii]: Գերատեսչության հաշվարկներով, Աստանայի կողմից պողպատի մատակարարումը սուբսիդավորելը 2017թ. յոթ ամիսների ընթացքում հանգեցրել է դեպի Ռուսաստան դրա արտահանման 90%-անոց աճին` զուգահեռաբար կտրուկ գնանկում առաջացնելով ռուսական շուկայում: Հատկանշական է, որ նախարարությունում արդեն մշակում են դաշնակից Ղազախստանից պողպատե հարթ գլանվածքի համար 800-միլիոն դոլարանոց «փոխհատուցման միջոցներ»` ԵԱՏՄ շուկայում «մրցակցության անհավասար պայմանների վերացման համար»: Մինչ այդ, խոշոր հակամարտություն բռնկվեց երկու երկրների երկաթուղիների միջև: Մասնավորապես, Ղազախստանը մերժեց իր եկաթուղային ցանցեր թողնել 25 տոննա քաշը գերազանցող, բարձր ռուսական վագոնները: Ի պատասխան դրան` «Ռոստրանսնադզորը» 1200 չուղղված ղազախական վագոններ հայտնաբերեց, այդ թվում, արգելված` չինական կողային շրջանակով:

Եվրասիական տարածության մեջ առևտրային պատերազմների ևս մեկ վեկտոր է Ռուսաստան-Բելառուս ուղղությունը, որը նշանավորվեց Բելառուսում ներմուծվող ապրանքների նկատմամբ պարտադիր պետական ​​փորձաքննություն մտցնելով` նույնիսկ շրջանցելով ապրանքների՝ ԵԱՏՄ պահանջներին համապատասխանության վկայականների գոյությունը: Ինչից հետո Մինսկը պարզապես անտեսեց ԵՏՀ նոյեմբերյան որոշումը Բելառուսի կողմից ԵԱՏՄ պայմանագրի 53-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները խախտելու մասին, առաջնորդվելով նրանով, որ մայր պայմանագիրը միության անդամ պետություններին պարտավորեցնում է ապահովել ԵԱՏՄ պահանջներին համապատասխանող արտադրանքի շրջանառությունը առանց որևէ լրացուցիչ ընթացակարգի: Այնուամենայնիվ, Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը Ալմաթիի այդ նույն նիստին չզլացավ ռուս գործընկերներին ևս մեկ անգամ հիշեցնել գազի, նավթի և նավթամթերքների միասնական շուկայի ստեղծման անհրաժեշտության մասին: Թվում է, այս հիշեցումը լավագույնս ցույց տվեց ԵԱՏՄ-ի շրջանակում Մոսկվայի ու Մինսկի միջև դաշնակցային հարաբերությունների իրական աստառը և էությունը:

Վերադառնալով վերաարտահանման խնդրին` պետք է հատուկ նշել «մոխրագույն» ներկրումներից ԵԱՏՄ-ի արտաքին սահմանների շատ թույլ պաշտպանվածությունը, և այդ ամենը՝ ԵԱՏՄ երկրների միջև վստահության փաստացի բացակայության պայմաններում: Այս իրավիճակը նույն Բելառուսին թույլ է տալիս Ռուսաստանին պատժամիջոցների ցուցակ մտցրած Եվրամիության անդամ երկրներից սննդամթերք վերարտահանել Ռուսաստան: Հայաստանը թուրքական լոլիկ է վերարտահանում Ռուսաստան, Ղրղզստանը և Ղազախստանը` ապրանքներ Չինաստանից: Օրինակ, Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանի գյուղատնտեսական ապրանքների արտահանման աճը 2017թ. գերազանցել է 97%-ը[iv]:

Պետք է նշել, որ հենց վերաարտահանումը Ռուսաստանի և Բելառուսի միջև չդադարող և մինչև այժմ շարունակվող առևտրային պատերազմների սկիզբը դրեց: Այս համատեքստում տեղին է հիշեցնել նաև Բիշքեկի և Աստանայի միջև առկա այն լուրջ խնդիրների մասին, որոնք առաջացել են Ղրղզստանով Ղազախստան և արդեն հետագայում՝ դեպի Ռուսաստան չինական ապրանքների վերաարտահանման հետ կապված: Ըստ այդմ, ավելորդ չի լինի հիշեցնել նաև, որ այս իրավիճակը, ի թիվս այլոց, Ղրիմում և Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցային քաղաքականությանը Մոսկվայի  պատասխան պատժամիջոցների հետևանքն էր: Միևնույն ժամանակ, նույնքան ակնհայտ է, որ ինտեգրացիոն միավորման՝ պատժամիջոցների ներքո չգտնվող մյուս երկրների, ներառյալ՝ Հայաստանի, համար նման նորամուծությունները, ըստ սահմանման, առանձնահատուկ օգուտներ չեն կարող բերել:

Հենց այդ պատճառով էլ Մոսկվան այսօր ջանքեր է գործադրում թվային հարթակների ստեղծման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա ԵԱՏՄ-ի ամբողջ տարածքում հետևել ապրանքներին: Խոսքը, մասնավորապես, մինչև 2024թ. EGAIS և Մերկուրի ազգային համակարգերի հիման վրա բոլոր ապրանքային հոսքերի հսկողության ազգային համակարգի ստեղծման մասին է: Նույն այդ Ալմաթիում փետրվարի 2-ին Ռուսաստանի նախաձեռնությամբ ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման վերաբերյալ շրջանակային համաձայնագիր ստորագրվեց: Անդամները համաձայնեցին նաև միմյանց միջև համակարգել ազգային հսկողության համակարգերի ներդրումը:

Այնուամենայնիվ, առևտրային հոսքերի նկատմամբ որքան հնարավոր է մեծ թվով հսկողություն մտցնելու, ընդհուպ մինչև՝ ամբողջությամբ բացառելու Մոսկվայի ձգտումը, բախվում է եվրասիական գործընկերների կասկածամտությանը: Գործընկեր երկրների նկատմամբ Մոսկվայի տնտեսական քաղաքականության վերաբերյալ դժգոհությունը, որոնք արտահայտվում են, օրինակ, Հայաստանում ԵԱՏՄ երկրների դեսպանների կողմից, Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների միջև ապրանքների վերաարտահանման խնդիրը հերթական անգամ պայմանավորում է նրանց միջև վստահության խիստ ցածր մակարդակով: Այս լույսի ներքո, ԵԱՏՄ մյուս երկրները պարզապես չեն կարող շահագրգռված լինել Մոսկվայի կողմից այդ վերահսկողության մեխանիզմների ներդրմամբ՝ սեփական ազգային շահերին դրանց օբյեկտիվորեն և սուբյեկտիվորեն հակասելու պատճառով:

Եվ, այնուամենայնիվ, ապրանքների հսկողության տեղեկատվական համակարգերի ստեղծումը, կարծես թե, չափազանց ծախսատար է ինչպես ԵԱՏՄ երկրների, այնպես էլ տնտեսվարող սուբյեկտների բյուջեների համար: Պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ եթե նույնիսկ դրա ստեղծումը հաջողությամբ ավարտվի, դրանք պետք է գործարկվեն և շահագործվեն ոչ միայնակ, այլ ամբողջությամբ տարբեր մշակողների կողմից: Արդյունքում այդ համակարգերին սպառնում է տեխնոլոգիական ոչ այնքան համատեղելիության բնական հեռանկարը՝ դրանց լիարժեք գործունեությունն ապահովելիս խնդիրներ հարուցելով այդ համակագերի հետագա ինտեգրման ընթացքում: ԵԱՏՄ երկրների գործընկերների միջև առկա հենց այդ վստահության բավարար մակարդակի բացակայությունը, անկասկած, ևս մեկ խոչընդոտ կդառնա այդ ծրագրի իրականացման ճանապարհին: Այս լույսի ներքո առաջիկա տարիներին ԵԱՏՄ ամբողջ տարածքում հսկողության միջպետական ​​տեղեկատվական հարթակների արագ աճին սպասելը հնարավոր չի թվում:

Վերոհիշյալ լույսի ներքո պետք է արձանագրել, որ առևտրային վեճերը, որոնց մասին գործընկեր երկրների հասարակություններին հայտնի են միայն մասնակիորեն, ԵԱՏՄ-ում գործընկերների միջև վստահության էական պակասի անմիջական հետևանք են: Գործընկեր երկրները փորձում են առավելագույն օգուտներ քաղել ԵԱՏՄ-ում իրենց անդամակցությունից՝ առանց ընդհանուր բարիքի և շահերի համար առանձնահատուկ ջանքեր գործադրելու: Այստեղ հատուկ տեղ է զբաղեցնում տեղական իշխանական վերնախավերի անզուսպ ախորժակը, ազգային էգոիզմն ու այստեղ և հենց հիմա որքան հնարավոր է շատ պոկելու հետխորհրդային համախտանիշը՝ վաղվա մասին քիչ հոգալով: Այս իմաստով ԵԱՏՄ-ի առանցքային երկրների անջատվելու ցանկությունը խաթարում է միասնական տնտեսական տարածքի գաղափարի հանդեպ վստահությունը, որի վառ ազդանշաններն են Ղազախստանի և Բելառուսի հետ Ռուսաստանի հակամարտությունները: Հեռանկարում այս ամենը միանգամայն ի վիճակի է բացասաբար անդրադառնալու ոչ միայն փոխադարձ առևտրի շրջանառության, այլև ԵԱՏՄ պետությունների գործընկերության վրա: Այս լույսի ներքո, ներկայիս առևտրային պատերազմները, կարծես թե, ուղիղ ճանապարհ են դեպի վստահության վերջնական եվրասիական ճգնաժամի ձևավորմանը:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Ուշագրավ է, որ նույնիսկ ԵԱՏՄ-ի նման ներքին բովանդակության և օրակարգի խորապատկերին, որոշ փորձագետներ խորհում են դաշնակցային հարաբերությունների միջոցով այլ ինտեգրացիոն միավորումների հետ ԵԱՏՄ-ի հնարավոր համագործակցության մասին և նույնիսկ դիտարկում դրա ընդլայնման հեռանկարները: Փետրվարի 8-ին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կողմից Երևանում կազմակերպած կլոր սեղանի[v] ժամանակ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Եվրոպայում համագործակցության և խաղաղության տարածաշրջանային գրասենյակի (Վիեննա) փորձագետ Ալեքսանդրա Վասիլևան ներկայացրեց «Ինչու՞ պետք է ԵՄ-ն երկխոսություն սկսի Եվրասիական տնտեսական միության հետ. համագործակցության կոչ» թեմայով զեկույցը[vi]: Զեկույցում համառոտ վերլուծվում էր միջազգային շուկայում ԵՄ և ԵԱՏՄ գերիշխող դիրքի ձեռքբերման հնարավորությունները` նրանց միջև փոխգործակցության հաստատման և ռեսուրսների փաստացի միաձուլման միջոցով: Ըստ Վասիլևայի գնահատականների՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի նման հնարավորությունները կարող է ընդհանուր ազատ տնտեսական գոտի ստեղծել[vii], ինչը հնարավորություն կտա հընթացս հաղթահարել Մոսկվայի և Բրյուսելի հակասությունները:

Այստեղ պետք առանձնահատուկ կերպով նշել, որ Եվրոպական միությունը պաշտոնապես չի ճանաչում Եվրասիական տնտեսական միությունը և այդ կառույցի հետ որևէ հարաբերություն չունի՝ նախընտրելով գործ ունենալ նրա անդամների հետ առանձին-առանձին, այդ թվում, հենց Ռուսաստանի հետ: Եվ այնուամենայնիվ, եվրոպական վերլուծական հանրույթը միանգամայն հասկանալի պատճառներով որոշակի ուշադրություն դարձնում է եվրասիական ինտեգրացիոն նախագծերին: Ռուսաստանում, իր հերթին, շարունակում են միասնական Եվրոպային նայել որպես ԱՄՆ-ի արբանյակի, նույնիսկ այնտեղից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո, քայլեր են ձեռնարկում ԵՄ-ն «իրենց կողմը թեքելու» ուղղությամբ: Ի պատասխան իր զեկույցի ներկայացումից հետո հնչած տվյալ եվրոպական-եվրասիական նախաձեռնության «ամերիկյան հետքի» առկայության հնարավորության վերաբերյալ հարցին՝ Վասիլևան հղում արեց Ռուսաստանի՝ սեփական դեմքը փրկելու խնդիրներին[viii]: Նրա գնահատականներով՝ եթե նախագահ Պուտինին հաջողվում է ռուսաստանյան հանրությանը համոզել իր սեփական արտաքին քաղաքականության ճշմարտացիության մեջ, ապա տնտեսության մեջ նման արդյունքին հասնելը շատ ավելի բարդ կլինի: Այդպիսի համոզման ուղիներից մեկը ռուս փորձագետը տեսնում է հենց ԵՄ-ԵԱՏՄ ընդհանուր տնտեսական գոտու մեջ:

Միանգամայն այլ կերպ է հնչում Ռուսաստանի «փորձագիտական-վերլուծական» շրջանակներից «պետականամետների» կարծիքը: Ընդհանուր առմամբ, դրանք հետևյալ կերպ են արտահայտվում՝ ԵԱՏՄ-ի ներքին տարաձայնությունները ամենևին չեն նշանակում, որ դրա վրա պետք է խաչ քաշել: Բոլորից լավ այդ տրամաբանությունը արտահայտել է ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Իգոր Շիշկինը: Նրա գնահատմամբ ԱՄՆ-ի համար Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի նախագծի անընդունելի լինելու մասին Վաշինգտոնի հնչեցրած դիրքորոշումն ամենևին պատահական չէ[ix]: «Եվ եթե ԵԱՏՄ-ը ձեռնտու չէ Ռուսաստանի հիմնական աշխարհաքաղաքական մրցակից Միացյալ Նահանգներին, ապա դրանից տրամաբանորեն հետևում է, որ եվրասիական ինտեգրացիան միանշանակ ձեռնտու է Ռուսաստանին: Ռուսաստանի տնտեսական դիրքերի հզորացումը սպառնում է ԱՄՆ անվտանգությանը և հենց ԵԱՏՄ-ն է նախկինի պես այդպիսի հզորացման տարրերից մեկը», – համոզված է ռուս վերլուծաբանը:

ԵԱՏՄ հնարավորություններն էլ ավելի լավատեսորեն են գնահատում Վալդայ ակումբի փորձագետները[x]: Պնդելով, որ ԵԱՏՄ-ը սպառել է ընդլայման հնարավորությունները, վալդայցիները պարադոքսալ կերպով ԵԱՏՄ-ը գնահատում են որպես կամ G20 կամ BRICS+ ձևաչափով «նոր համաշխարհային կառավարության տեխնոլոգիական հավաքման մի ելակետ»: Վալդայ ակումբի մոդերատոր, ՏԲԴ ԱՀՀ Եվրոպական և միջազգային հետազոտությունների համալիր կենտրոնի տնօրեն Տիմոֆեյ Բորդաչյովի գնահատականներով՝ Եվրասիական միությունը արդեն անցել է վերացական գաղափարից դեպի իրականություն ճանապարհը և հետագա գործակցությունը չպետք է կառուցվի մեկ ինտեգրացիոն նախագծի շուրջ, լինի դա ռուսական ԵԱՏՄ-ն կամ չինական «Մեկ ուղի, մեկ գոտին»: Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խորապատկերին ԵՄ հետ փոխգործակցության մշուշոտ հեռանկարների լույսի ներքո վերլուծաբանը դիտարկում է Եվրասիայի ամրապնդման գործնական քայլերի անհրաժեշտությունը: Հետխորհրդային տարածաշրջանում նոր ինտեգրացիոն միավորման այսպես կոչված տեխնոլոգիական հավաքման հիմքն, ի դեպ, «Վլադիվաստոկից Լիսաբոն» սկզբունքն է, որը հասցրել է բավական հնանալ:

Սակայն, Արդյունաբերողների և ձեռներեցների ռուսական միության նախագահ Ալեքսանդր Շոխինը շատ արագ վալդայցիներին երկիր իջեցրեց՝ ԵԱՏՄ-ն բնութագրեց այնպես, որ դա դեռ չի հասել մի մակարդակի, որը թույլ կտա այն առաջարկել Եվրամիության կամ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ​​երկրների գործընկերներին: Ըստ Շոխինի՝ նախքան նոր գաղափարներ առաջարկելը Մոսկվան դեռ պետք է ապացուցի ԵԱՏՄ տնտեսական կենսունակությունը: Ելնելով 2016-2017թթ. վիճակագրական տվյալների վրա՝ Արդյունաբերողների և ձեռներեցների ռուսական միության նախագահը համոզմունք հայտնեց, որ ո՛չ ներդրումների ներգրավման ծավալով, ո՛չ էլ փոխադարձ ապրանքաշրջանառությամբ ԵԱՏՄ-ը այլ ինտեգրացիոն միավորումների համար ընդօրինակման տիպար չի կարող լինել: Ելնելով այդ իրողություններից՝ Շոխինը առաջնահերթ խնդիր է համարում ինչպես ԵԱՏՄ-ի, այնպես էլ բուն Ռուսաստանի ներքին տնտեսական խնդիրների լուծումն արագացնելը: Օրինակ, ԵԱՏՄ-ի շրջանակներում գործող խաղի կանոնները, ինչից բողոքում են ոչ միայն արևմտյան, այլ նաև բելառուսական և ղազախական գործընկերները, դարձնել ավելի թափանցիկ ու հասկանալի:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Կարծես թե, ելնելով հենց վերոնշյալ, ոչ վերջին նշանակությունն ունեցող, եվրասիական իրողություններից՝ ԵՄ քաղաքականությունը հետխորհրդային երկրների նկատմամբ՝ ընդհանրապես և ՀՀ նկատմամբ՝ մասնավորապես, նույնիսկ հետխորհրդային տարածքում սկզբում Մաքսային, ապա Եվրասիական միության ի հայտ գալով, առանձնահատուկ, սկզբունքային փոփոխությունների չի ենթարկվել: Հետևաբար, մեկ-երկու մարդու կամքով 2013թ. սեպտեմբեր 3-ին սկսված Հայաստանի Եվրասիական ինտեգրացիան Երևանի հետ Բրյուսելի հարաբերությունների վերջի սկիզբը չազդարարեց: 2017թ. նոյեմբերին «Արևելյան գործընկերության» Բրյուսելի գագաթաժողովում Հայաստան-ԵՄ համապարփակ համաձայնագրի ստորագրումը Հայաստանի հետ երկարաժամկետ հեռանկարում ԵՄ-ի աշխատելու ցանկության հերթական վկայությունը դարձավ: Ինչպես Հայաստանի, այնպես էլ նախկին Խորհրդային Միության երկրների, որոնք Մոսկվայի կողմից բնութագրվում են որպես իր «կենսական շահերի գոտի», նկատմամբ Եվրոպայի նման զուսպ, սակայն դեռևս լավատեսական պահվածքի պատճառները բավարար են: Եվ, թերևս, հիմնական պատճառներից մեկն էլ, որ Բրյուսելին թույլ է տալիս Մոսկվայի եվրասիական նախագծի ծավալման բարձրակետում առաջ մղել եվրոպական ինտեգրացիայի արևելյան ուղղությունը, մոսկովյան պաշտոնյաների ոչ բավարար լուրջ վերաբերմունքն է այն երկրների նկատմամբ, որ նրանք վաղուց և սովորույթի համաձայն կոչում են «ծայրամաս»: Եվ որ ամենակարևորն է՝ սեփական ինտեգրացիոն նախագծերի նկատմամբ առկա անլուրջ վերաբերմունքը: Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի հետ հարաբերությունները շատ հաճախ դուրս չեն գալիս այդ շրջանակներից, ինչը դիտվող աշխարհաքաղաքական իրողություններին ու որ ամենակարևորն է՝ միտումներին չհամապատասխանող և անթույլատրելի շքեղություն է նախկին մետրոպոլիայի համար, որն, իսկապես, նախկին հետխորհրդային տարածությունը համարում է իր «կենսական շահերի գոտի:

Վերոնշյալ գործոնների համատեքստում պետք է նշել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը այդպես էլ իրական վերազգային մարմնի չվերածվեց, առաջին հերթին այդ նույն Մոսկվայի ջանքերով: Դա ԵԱՏՄ-ի համար, եթե ոչ փլուզման, ապա անգլիական թագուհու գործառույթներով կազմակերպության վերածվելու ոչ պայծառ հեռանկարներ է բացում: Հետխորհրդային նորագույն պատմության մեջ արդեն իսկ նման կազմակերպության գոյության օրինակ է եղել` հանձինս նույն այդ Մոսկվայի նախաձեռնությամբ ստեղծված ԱՊՀ-ի: Պետք է նաև արձանագրել, որ մեծ հաշվով, ԵԱՏՄ-ը այսօր կանգուն է մեկ անձի կամքի հիման վրա: Թե որքան երկար այս անձը կնստի Կրեմլում, հայտնի չէ, թերևս նաև իրեն, ինչը, բնականաբար, ԵԱՏՄ-ի հետագա հեռանկարներին լրացուցիչ անորոշություն է հաղորդում: Այս իրավիճակը իր մեջ ներառում է եվրաինտեգրման ամենակարճ հնարավոր ճանապարհն իրականացնելու հեռանկարները ոչ միայն Հայաստանում, այլև հետխորհրդային այլ երկրներում: Եվ նույն Հայաստանի հետ հարաբերություններում Եվրամիության ճկունությունը, առնվազն, խոսում է եվրոպացիների կողմից ԵԱՏՄ-ի՝ առնվազն հերթական ԱՊՀ-ի վերափոխման հեռանկարների գիտակցման մասին:

 

 ՀՂՈՒՄՆԵՐ

[i] Экономический рост в Армении во II квартале 2018 года составил 7,2%, Arka,, 31.08.2018

[ii] ЕАЭС: приоритеты, задачи и достижения, Mir24.tv, 14.05.2018

 

[iii] Назарбаев зажал Россию в стальные тиски, Forbes.kz, 01.02.2018

[iv] Հայաստանի Հանրապետության Վիճակագրական Կոմիտեի պաշտոնական կայք

[v] ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության հեռանկարները և հնարավորությունները. ՄԱՀՀԻ-ՖԷՀ քննարկում և մեդիադայջեստ, ՄԱՀՀԻ, 08.02.2018

 

[vi] Александра Васильева, Призыв к сотрудничеству: для чего Евросоюз должен установить диалог с Евразийским экономическим союзом, Фонд Фридриха Эберта, Сентябрь 2017

 

[vii] Эксперт: Налаживание взаимодействия между ЕАЭС и ЕС позволит этим интеграционным структурам занять доминирующие позиции на международном торговом рынке, АрмИнфо, 08.02.2018

[viii] «В экономической сфере Россия не может дать Армении то, что может предоставить Европейский Союз»: Александра Васильева, Аравот, 08.02.2018

[ix] Назарбаев зажал Россию в стальные тиски: почему ЕАЭС становится пространством торговых войн, Свободная Пресса, 31.01.2018

[x] Мировое правительство: кто его возглавит, Перспективы ЕАЭС: вместо Большой Евразии появится Большая Азия, Gazeta.ru, 08.02.2018

 

Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ  (ՄԱՀՀԻ)

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930