Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ի՞նչ հանդիպումներ, ի՞նչ Իշխան Զաքարյան, ի՞նչ բան». Ալիկ Սարգսյանը հերքում է, որ միավորվել է Քոչարյանի հետ

Սեպտեմբեր 26,2018 15:23

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը հայտարարեց, որ «Իմ քայլը» դաշինքը, որը Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում 80 տոկոս ձայն տարավ, գնահատելի է, հասկանալի է ու պատճառաբանված է՝ հեղափոխությունից հետո. «Բայց այս մթնոլորտը, որ համատարած հայհոյանք պետք է լինի մենակ էն բանի համար, որ ես ՀՀԿ-ական եմ, սա, կարծում եմ, բարոյական չի ու շատ սխալ է»:

Նա ասաց, որ եթե ինքը քաղաքական վերլուծություն անի, տակը քննադատեն, վիրավորական բառեր գրեն, էլի նորմալ կվերաբերվեր. «Ես բառ չեմ ասել երեկ՝ ընդամենը մի նախադասություն»: Հիշեցնեք, որ Ալիկ Սարգսյանը բողոքում էր ֆեյսբուքյան ֆեյքերի մեկնաբանություններից:

Հարցին՝ դուք ձեզ ճնշվա՞ծ եք զգում՝ Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Ինձ ընդհանրապես ճնշել հնարավոր չի: Զայրացել եմ էդ ուրախացողների վրա: Հետ գնացեք մի հատ 91 թիվ, հիշեք Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրությունները ու հետ եկեք հասեք 94, 95 ու վերջապես 96: Ինչ-որ տեղ սպասելի է դա, պետք չի դրանով ոգեւորվել ու մարդկանց անձնական վիրավորանքներ հասցնել: ՀՀԿ-ն վերջին տարիներին իր կուրսից շեղվել է, ես դա ասել եմ, բացատրել եմ»:

Հարցին՝ բա ինչո՞ւ եք մնացել ՀՀԿ-ում՝ նա պատասխանեց. «Ես զոմբիացած չեմ, որ մնացել եմ, սպասում եմ տեսնեմ ինչ է լինում: Դա էլ՝ հանուն մեր երկրի, հանուն վաղվա օրվա համար սպասում եմ, որ իրադարձությունները ճիշտ զարգանան: Ես, այսօր ՀՀԿ-ում մնալով՝ որեւէ մեկին վնաս չեմ տալիս, ինչ-որ ակցիա չեմ ձեռնարկում, ամեն ինչ գրում եք՝ միացել ա սրան, միացել ա նրան, էդ ամեն ինչը սուտ է, այդպիսի բան չկա»:

Լրագրողները ճշտեցին՝ այսինքն, դուք Հովիկ Աբրահամյանի հետ չէի՞ք միավորվել, Ռոբերտ Քոչարյանի՝ Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Ես չգիտեմ էդ հիմարություններն ով է գրել, գրողներին հարցրեք, որ ամեն տեսակի ավանտյուրայի դիմում են, որ սրա-մասին գրեն: Ի՞նչ հանդիպումներ, ի՞նչ Իշխան Զաքարյան, ի՞նչ բան, չգիտեմ ինչեր եք գրում, ժողովո՛ւրդ, գրում եք անհեթեթություններ, որ իրականության հետ ոչ մի եզր չունի»:

Խոսելով ԱԺ-ն լուծարելու մասին՝ Ալիկ Սարգսյանն ասաց. «Ի՞նչ եք ուզում իմանաք, ինձ համար դա տաք է, թե սա՞ռը, իմ համար ընդհանրապես միեւնույն է: Ես հաճույքով կապրեի սովորական մարդկային կյանքով, քաղաքացիական կյանքով, ինձ էս ԱԺ-ի շենքը առանձնապես որեւէ բան չի տալիս, բացի չարչարանքը: Էսօրվա օրով ես ստեղ եմ, ես հիմա կարայի հանգիստ ինձ համար իմ ժամանակն անցկացնել: Դա ինձ համար խնդիր չի, բայց մի շտապեք, դրա մեջ էլ վտանգ կա, ես չեմ ուզում, որ դա տարերայնորեն արվի, որ երկիրը տարվի ցնցումների: Որպես հայ մարդ, ես դրա իրավունքն ունե՞մ զգամ եւ չուզենամ, որ լինի»: Նա ասաց, որ շատ կուզենա, որ բանակցությունների շնորհիվ այս հարցը լուծվի:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ այս ԱԺ-ն չի արտահայտում ժողովրդի կամքը՝ Ալիկ Սարգսյանն արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանի ասելով չի, քաղաքի ընտրություններով մենք դա տեսանք արդեն: Տեսանք, որ ժողովուրդը գնաց այն ուժի կողքին, որին հավատում է, նախկին իշխանությունների նկատմամբ ատելությունը նույնիսկ տարածվեց հավասարաչափ ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի վրա, մի՞թե դա տեսանելի չէր: Այսինքն, այն կուսակցությունները, որոնք ժամանակին եղել են ՀՀԿ-ի կողքին, ընդհանուր թիմ են կազմել, կոալիցիա են կազմել, բոլորն արժանացան այդ վերաբերմունքին, առնվազն մարդ պիտի կույր լինի, որ դա չտեսնի»:

Հարցին՝ այսինքն, համաձա՞յն եք, որ այսօրվա ԱԺ-ն չի արտահայտում ժողովրդի կամքը եւ պետք է ցրվի՝ Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Ուզում ենք, որ ճիշտ լինի, որ եթե թերություններ կան, այս ամբիոնից դա հնչի, դա ի՞նչ վնաս կբերի պետությանը: Ես չեմ անելու մի քայլ, որը վնասի իշխանությունների ուղուն, մեր երկրի զարգացմանը: Եթե նույնիսկ ՀՀԿ-ն այդպիսի բան անի, ես չկամ էդ ցուցակում»:

Նա դիմեց իշխանություններին՝ ասելով, որ թող բացահայտեն բոլոր կոռուպցիոն երեւույթները. «Բոլոր մեղավորներին բացահայտեք, պատժեք: Ես ինքս սպասողներից մեկն եմ: Սպասում եմ բացահայտումները լինեն, խոսեմ, շնորհակալություն հայտնեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930