Այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրուցում հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանն ասաց, որ սկզբնապես կազմել են հարցումների ցուցակը եւ բովանդակությունը եւ հարցումների արդյունքում ստացված տեղեկատվության արդյունքում կազմելու են հրավիրվող անանց ցուցակը:
Կոստանյանն ասաց, որ բնականաբար, յուրաքանչյուր տեղեկատվության, հրավիրվող անձի հայտնած տեղեկատվության ուսումնասիրության ընթացքում կարող է անհրաժեշտություն առաջանալ այլ անձանց էլ հրավիրել. «Խոսքը վերաբերում է մասնավորապես հեռախոսային խոսակցության գաղտնիության ապահովման եւ այդ ապահովման համար պատասխանատու սուբյեկտների ներգրավմանը, որովհետեւ մեզ համար առաջնահերթ է եւ սահմանադրական, ազգային անվտանգություն է, որպեսզի մենք վստահ լինենք, որ ՀՀ-ում որեւէ մեկը չի կարող դառնալ ապօրինի գաղտնալսման զոհ եւ ինչպես տեսաք, պարոն Բագրատյանի առաջարկությամբ մենք ընդունելի համարեցինք նաեւ այն հանգամանքը, որ մենք քննարկման առարկա ենք դարձնելու նաեւ նախկինում տեղի ունեցած գաղտնալսումների հանգամանքը: Մենք պետք է հասկանաք, թե մեր պետական ապարատը, օրենսդրական բազան ինչքանով է հիմնավոր, որ ունակ լինի պաշտպանել մարդու իրավունքներն այս հարցում»:
Հարցին՝ ենթադրվում է, որ պե՞տք է հրավիրվեն ՀՔԾ պետը, ԱԱԾ տնօրենը, վարչապետը եւ այն դատավորը, որի մասին խոսվել է այդ զրույցի ընթացքում՝ Կոստանյանը պատասխանեց. «Տրամաբանական է, որ ձեր նշած անձինք ինչ-որ մի փուլում հրավիրվելու են հանձնաժողովի նիստին»:
Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը կհրավիրվի՞՝ Կոստանյանը չպատասխանեց: Նկատենք, որ Քոչարյանը ներկայումս պաշտոնատար անձ չէ ու նրա վրա պարտադրանք չկա մասնակցելու նիստին, եթե անգամ հրավիրվի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ