Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրեն չեն ուզում եւ վերջ». Կրթության վարչության պետը` Գորիսի դպրոցի նորանշանակ տնօրենի մասին

Սեպտեմբեր 26,2018 14:14

Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի կոլեկտիվը սեպտեմբերի 24-ից դասադուլ էր հայտարարել: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրել էին մանկավարժները: Նրանք նաեւ ուղարկել են ՀՀ վարչապետին եւ ԿԳ նախարարին ուղարկած այն նամակը՝ 32 ստորագրություններով, որտեղ նշված է, որ համաձայն չեն նոր տնօրենի՝ Շուշան Հովսեփյանի նշանակման հետ:

Aravot.am-ը ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանից հետաքրքրվեց, թե ինչպես է ԿԳ նախարարությունն արձագանքել Գորիսի դպրոցի աշխատակիցների պահանջին:

«ԿԳ նախարարությունն այսպես է արձագանքել` տեղի է ունեցել մրցույթ, այսինքն՝ 2 անգամ չի կայացել եւ կարգի համաձայն նշանակումը կատարել է փոխվարչապետը: Այսինքն՝ այստեղ կարգի խախտում տեղի չի ունեցել: Մնացածը Սյունիքի մարզպետարանի անելիքն ու գործառույթն է, ինքը պետք է միջոցներ ձեռնարկի»,-ասաց պարոն Արշակյանը:

Նա նաեւ հայտնեց, որ իր տեղեկություններով, այժմ դպրոցում ընթանում է դասապրոցես, սակայն նորից կճշտեն:

Սյունիքի մարզպետարանի կրթության վարչության պետ Մերի Գանդալյանն ի պատասխան Aravot.am-ի հարցմանը, թե ինչ հանգուցալուծում է ստացել խնդիրը, ասաց. «Դեռ հանգուցալուծում չի ստացել, սպասում ենք ԿԳ նախարարին եւ վարչապետին ուղղված դիմումների պատասխաններին»:

Մեր դիտարկմանը, որ ԿԳ նախարարությունից պարզաբանել են, որ կարգի խախտում տեղի չի ունեցել եւ մնացածը մարզպետարանի լուծելիք խնդիրն է, վարչության պետն ասաց, որ երկու անգամ մրցույթը չկայանալուց հետո իրենք, համապատասխան կարգի համաձայն, 4 հավակնորդների փաստաթղթերն էլ ուղարկել են փոխվարչապետին:

«Փոխվարչապետն առաջարկել է այն թեկնածուին, որին հիմա կազմակերպությունը (նկատի ունի Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցը-Գ.Հ) չի ցանկանում»,-ընդգծեց Գանդալյանը: Մեր հարցին` իր կարծիքով ինչու է կոլեկտիվը դեմ նորանշանակ տնօրենի թեկնածությանը, Մերի Գանդալյանը պատասխանեց. «Չգիտեմ, իրեն չեն ուզում եւ վերջ»:

Նա հավաստիացրեց, որ այս պահին դասապրոցեսը նորմալ ընթանում է, մարզպետն էլ զբաղվում է խնդրով ու գուցե առաջիկայում ինչ-որ բան կպարզվի:

Կապվեցինք նաեւ Սյունիքի մարզպետի տեղակալ Գոռ Թադեւոսյանի հետ, նա առաջարկեց դպրոցի վերաբերյալ հարցը գրավոր ուղարկել մարզպետի օգնականի էլեկտրոնային հասցեին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930