Այսօր ՀՔԾ պետի եւ ԱԱԾ տնօրենի գաղտնալսումների հարցով ձեւավորված ԱԺ Քննիչ հանձնաժողովի անդամները աշխատանքային քննարկում ունեցան ու եկան հետեւյալ որոշման, որ հեռախոսային խոսակցությունները լսելու եւ չլսելու, հեռահաղորդակցության գաղտնիության ապահովման իրավունքի իրացումն ու պաշտպանությունը պարունակում են ազգային անվտանգությանը վերաբերող, պետական, ծառայողական գաղտնիքներ կազմող տեղեկատվություն, հետեւաբար այն նիստերը, որի ժամանակ հրավիրեն պաշտոնատար անձանց եւ պաշտոնատար անձ չհանդիսացող անձանց, ովքեր հանձնաժողովին հայտնելու են ծառայողական, պետական կամ այլ գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, այդ նիստերը լինելու են դռնփակ ամբողջությամբ: Եթե հրավիրվեն պաշտոնատար անձինք եւ այլ սուբյեկտներ՝ բացառապես դռնփակ է լինելու, իսկ փորձագետների եւ պաշտոնատար անձ չհանդիսացող անձանց հրավիրելիս հանձնաժողովը կարող է որոշել՝ տվյալ նիստը դռնփա՞կ անցկացնի, թե՞ ոչ:
Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանն ասաց, որ հանձնաժողովի նիստից հետո հանձնաժողովի անդամները ԶԼՄ-ին տեղեկատվություն չեն հայտնելու, միայն հաղորդագրությունների միջոցով են հայտնելու, բոլոր անդամները նախազգուշացված են օրենքով ու եթե հայտնեն այդ տեղեկությունները, պատասխանատվության կենթարկվեն: Հանձնաժողովի անդամները իրավասու չեն մամուլին քննարկման թեմայի շուրջ տալ պարզաբանումներ ու հարցազրույցներ:
Նա հորդորեց լրագրողներին, որ իզուր հանձնաժողովի անդամներից որեւէ մեկին վատ դրության մեջ չդնել ու չհարցնել, քրեորեն պատժելի արարք է դա:
Կլինեն նաեւ անձինք, որոնց ինքնությունը նույնիսկ ԶԼՄ-ների համար անհայտ է լինելու, այսինքն, ԶԼՄ-ները հնարավոր է չիմանան, թե Քննիչ հանձնաժողով ում են հրավիրում, եթե այդպես նպատակահարմար գտնեն, որ տվյալ հրավիրվող անձը մնա գաղտնի: Կոստանյանը հիշեցրեց, որ պետական, ծառայողական կամ օրենքով այլ գաղտնի տեղեկություն հաղորդելը քրեորեն պատժելի է Սահմանադրությամբ եւ օրենքով:
Կոստանյանն ասաց, որ պետք է նախ պարզեն, թե գաղտնալսող ի՞նչ սարքավորումներ են ՀՀ ներմուծվել անկախությունից ի վեր, հարցումներ պետք է արվեն, թե ինչ տեղեկություններ կան, որ որեւէ անձինք ապօրինի են ներմուծել կամ օգտագործում նման սարքավորումներ:
Կոստանյանը քվեարկության դրեց աշխատակարգը հաստատելու հարցը եւ այսպիսի աշխատակարգը հաստատվեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ