Եվրոպական խորհրդարանը չեղարկում է Եվրամիությանն անդամակցելու գործընթացին աջակցելու նպատակով Թուրքիային 70 մլն եվրոյի դրամական օգնության տրամադրումը: Եվրոպական խորհրդարանի բյուջեի հանձնաժողովից արված հայտարարության մեջ ասվում է, որ այդ գումարը կծախսվի միգրացիոն ծրագրերի վրա:
Նշվում է, որ այդ օգնության փաթեթը 2018-ի նոյեմբերին պետք է Թուրքիային տրամադրվեր այդ երկրում օրենքի գերակայության, ժողովրդավարության, մարդու իրավունքների ու մամուլի ազատության ոլորտում չափելի և բավարար առաջընթացի առկայության դեպքում: Սակայն ԵԽ-ի բյուջեի հանձնաժողովը, հիմք ընդունելով 2018-ի ապրիլի 18-ին Թուրքիայի վերաբերյալ ԵՄ-ի հրապարակած բացասական եզրակացությամբ զեկույցը, որոշում է կայացրել չեղարկել փաթեթի տրամադրումը:
Օգնության փաթեթի տրամադրման չեղարկման վերաբերյալ ռումինացի պատգամավոր Զիգֆրիդ Մուրեշանի առաջարկած որոշման նախագծի օգտին քվեարկել է հանձնաժողովի 27 անդամ: Դեմ է քվեարկել 1 պատգամավոր:
Հանձնաժողովի կողմից ընդունված որոշման նախագծի վերջնական հաստատման համար անհրաժեշտ է, որ այն մեկ անգամ էլ քվեարկության դրվի ԵԽ-ի լիագումար նիստում: Աղբյուրի համոզմամբ հոկտեմբերի 3-ին անցկացվելիք քվեարկությունն արդեն զուտ ձևական` բնույթ է կրելու որոշման վերջնական հաստատման համար:
Աղբյուր` Diken