Այսօր ԱԺ-ում ստեղծված Քննիչ հանձնաժողովի երկրորդ նիստն է: Հիշեցնենք, որ այս հանձնաժողովում պետք է ուսումնասիրեն ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսումների հարցը: Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանն ասաց, որ հանձնաժողովի որոշ նիստեր դռնփակ կլինեն, որովհետեւ կկանչեն այնպիսի պաշտոնյաների, որոնք պետական, ծառայողական գաղտնիքներ հնարավոր է հրապարակեն. «Գաղտնի փաստաթղթերին ծանոթանալու եւ դրանք հրապարակելու պատասխանատվության մասին է խոսքը, պետք է ուշադրություն դարձնել»: Կոստանյանը նաեւ առաջարկեց ՄԻՊ-ին հրավիրել, որ իր ցանկությամբ մասնակցի Քննիչ հանձնաժողովի նիստերին:
Քննարկվեց, թե պե՞տք է նիստերին հրավիրել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին: «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց՝ ՀՔԾ պետին ինչո՞ւ ենք հրավիրում, քննարկելու ենք արդար դատաքննությանը խոչընդոտելու հարցը, կա՞ փաստ, որ արդարադատությանը խոչընդոտվել է, որ հրավիրենք Սասուն Խաչատրյանին:
ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանն առաջարկեց, որ խնդրի հետ կապված քննիչ հանձնաժողովի աշխատակարգում հստակ դրույթ նախատեսվի, թե հանձնաժողովն ինչ ձայների հարաբերակցությամբ պետք է որոշի այս կամ այն անձին Քննիչ հանձնաժողով հրավիրելու հարցը: Ինչ վերաբերում է Սասուն Խաչատրյանին հրավիրելուն, նա ասաց. «Մենք պետք է քննենք, եթե չենք քննել, ինչպե՞ս կարող ենք գնահատականներ ու եզրակացություն տանք»:
Նահապետյանն ասաց, որ այս փուլում պետք է ձեռնպահ մնալ գնահատականներ տալուց ձայնագրության բովանդակության մասին: Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ «Մենք ձայնագրության փաստով առերեւույթ պետք է քննենք, լսենք, արդյունքում որոշում կայացնենք, թե ինչպիսի պաշտպանվածության մակարդակ կա, արդարադատության իրականացմանը խոչընդոտվե՞լ է, ՀՔԾ պետը այսպիսի բան կարո՞ղ էր ասել, թե՞ ոչ, կամ ասե՞լ է, թե՞ ոչ: Հանձնաժողովը պետք է քննարկի այն փաստերը, որոնք առերեւույթ առկա են ու գա եզրակացության, ուստի վերջնական գնահատական որեւէ մեկը չի հնչեցնելու, ես էլ զերծ կմնամ:
Կոստանյանն առաջարկեց, որ իր աշխատասենյակում աշխատանքային կարգով հանդիպեն ու քննարկեն:
Բայց մինչ այդ ուշագրավ է, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկեց, որ հանձնաժողովի քննարկման առարկա դարձնեն նաեւ նախկին գաղտնալսումները, մասնավորապես՝ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի խոսակցության գաղտնալսումը, որը հստակ փաստ է: Նա ասաց, որ եթե ժամանակին նորմալ քննություն իրականացվեր ու մեղավորները պատժվեին, նման դեպքեր չէին կրկնվի, հետեւաբար, պետք է նաեւ համարել, որ նախադեպ ենք ունեցել ու ճիշտ կլինի, որ քվեարկության դնենք՝ այդ հարցերը գրեթե նույնական հարցեր են, որոշենք դա էլ քննարկման առարկա դարձնենք: Արփինե Հովհաննիսյանն առաջարկեց, որ քվեարկության չդարձնել, նա ասաց, որ Բագրատյանի առաջարկն ընդունելի է ու հանձնաժողովում կարող են այդ հարցն էլ քննարկել:
Ռուստամ Մախմուդյանն ասաց, որ Օսկանյան-Զուրաբյան գաղտնալսումների հարցով քրգործ է հարուցվել, այդ գործը կասեցվել է՝ մեղավորներին չհայտնաբերելու պատճառով: Նա ասաց, որ կարեւոր է նախկին գաղտնալսումների հարցն էլ քննարկման առարկա դարձնել ու վերհիշել, թե տարիներ առաջ էլ ինչ գաղտնալսումներ են եղել:
Բագրատյանը նաեւ ասաց, որ Քննիչ հանձնաժողովում քաղաքական գնահատականներ չլինեն, միայն իրավական առումով հարցը քննեն: Կոստանյանը պատասխանեց. «Տենց էլ կա ու այդպես էլ պետք է լինի, միանշանակ համաձայն եմ ձեր հետ, դա ամրագրված է օրենքով, չենք էլ անդրադառնում դրան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ