«Դա հայկական դրոշի ներքո իրականացվելիք զուտ հումանիտար առաքելություն է: Մասնագետների կազմում են սակրավորներ եւ բժիշկներ, որոնք Սիրիայի հիմնականում հայաբնակ տարածքներում կատարելու են հումանիտար ականազերծում եւ բժշկական ծառայություններ են մատուցելու»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով փաստին, որ ՀՀ-ն հումանիտար առաքելություն իրականացնող պատվիրակություն է գործուղելու Սիրիա, ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Նա հերքեց տեղեկությունները, թե հայ մասնագետները ներգրավված են լինելու ռազմական գործողություններում:
«Տեղում մենք ունենալու ենք անձինք, որոնք ապահովելու են հայ մասնագետների անվտանգությունը: Այդ առաքելությունը ռազմական բնույթ չի կրելու, ռազմական գործողություններին մասնակցելու խոսք անգամ չկա: Դա Սիրիայի կառավարության հրավերն է եւ կատարվելու է միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան: Հրավերն ուղարկվել է մի քանի ամիս առաջ: Ողջունելի է ՀՀ-ի կողմից նման քայլը, քանի որ Սիրիայում մենք շահառու ենք՝ ունենալով հսկայական պատմամշակութային ժառանգություն եւ բազմահազարանոց հայկական համայնք»:
Տիգրան Բալայանի խոսքով՝ Հայաստանը չէր կարող անտարբեր լինել սիրիահայ համայնքի հանդեպ. «Մեր համայնքը եւ մշակութային ժառանգությունը պահպանելու խնդիր ունենք, եւ նշյալ մարդասիրական առաքելությունը միտված է ինչ-որ չափով թեթեւացնելու մեր հայրենակիցների հոգսերը»:
https://www.youtube.com/watch?v=GY8w5fqJupA
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ