Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺ-ում որոշում են, թե ով է ընդդիմություն. Ալեն Սիմոնյանին ընտրեցին Քննիչ հանձնաժողովի փոխնախագահ

Սեպտեմբեր 26,2018 13:24

Այսօր ԱԺ-ում ստեղծված Քննիչ հանձնաժողովի երկրորդ նիստն է: Հիշեցնենք, որ այս հանձնաժողովում պետք է ուսումնասիրեն ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսումների հարցը:

Առաջին նիստում հարց առաջացավ՝ եթե հանձնաժողովի նախագահը ՀՀԿ խմբակցության անդամ Գեւորգ Կոստանյանն է, ապա հանձնաժողովի տեղակալը պետք է լինի ընդդիմությունից:

Այսօր նիստում Գեւորգ Կոստանյանն ասաց, որ հիմա պետք է որոշեն, թե ո՞վ է ԱԺ-ում ընդդիմություն: ՀՅԴ անդամ Սպարտակ Սեյրանյանը տարակուսեց՝ հիմա հանձնաժողո՞վը պետք է որոշի, թե ով է ԱԺ-ում ընդդիմությունը: Կոստանյանը պատասխանեց. «Այո, մենք չենք որոշում, թե ով է ընդդիմություն, բայց առնվազն հենքում պետք է ունենաք, թե որ քաղաքական ուժն է ընդդիմություն ու որ ընդդիմադիր խմբակցությունը պետք է իրավունք ստանա թեկնածու առաջադրելու»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց, որ այս հանձնաժողովը չպետք է որոշի, թե ով է ընդդիմություն, բոլորը գիտեն, որ հեղափոխությունից հետո ՀՀ-ում մի իրավիճակ է ստեղծվել, որը լուծումներ է պահանջում: Բայց մյուս կողմից էլ այս հանձնաժողովում տեղակալ ունենալու հարցն է, ԱԺ կանոնակարգ օրենքը այս լուծումը տալիս է: Ենթադրենք, թե ՀՀԿ-ն իշխանություն է, ապա բնականաբար ստացվում է, որ տեղակալը պետք է լինի կամ ՀՅԴ, կամ «Ծառուկյան», կամ Ելք խմբակցության թեկնածուն:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ այս պահի դրությամբ ՀՀ-ում հակասահմանադրական վիճակ է ստեղծված, ՀՀ-ում դասական իմաստով մաքուր ընդդիմություն գոյություն չունի, ուստի նա հորդորեց ժամանակ չծախսել, պարզապես այն սկզբունքով առաջնորդվել, որ եթե նախագահ առաջադրել է ՀՀԿ-ն, տեղակալը չլինի ՀՀԿ-ից: Նա առաջարկեց, որ կա՛մ «Ելքից» լինի, կա՛մ ՀՅԴ-ից:

Գեւորգ Կոստանյանը հարցրեց՝ «Ելքը» ընդդիմադի՞ր է, «Ծառուկյան» դաշինքը ընդդիմությո՞ւն է: «Սա մաքուր իրավական հարց է»,- ասաց Կոստանյանը ու մեջբերում արեց ԱԺ Կանոնակարգ օրենքից, ըստ որի, կառավարող ուժի հետ հուշագիր ստորագրածները համարվում են իշխանություն, մյուս խմբակցությունները ընդդիմադիր: Գեւորգ Պետրոսյանն էլ հիշեցրեց, որ հուշագիր չեն ստորագրել ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ ասաց, որ պարզ է, ՀՀԿ-ն է ընդդիմություն, այլ հարց է, որ նոնսենս է, որ ընդդիմությունը զբաղեցնում է ԱԺ նախագահի եւ երկու փոխնախագահների պաշտոնները: Նա առաջարկեց, որ Քննիչ հանձնաժողովի փոխնախագահ լինի «Ելքից» կամ ՀՅԴ-ից:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ դասական իրավիճակի հետ գործ ունենք, սկանդինավյան երկրներում տարածված է՝ փոքրամասնության կառավարության իրավիճակ կա. «ԱԺ ընտրությունների արդյունքներով ընդդիմադիր կամ կառավարող խմբակցությունների բանաձեւը կա, դրան համապատասխան էլ քննիչ հանձնաժողովներում կամ մնացած տեղերում օրենքով նախատեսված բանաձեւով բաշխում են հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի պաշտոնը»:

Նա պաշտպանեց Հովիկ Աղազարյանի մոտեցումը. «Բարդ իրավիճակում ենք այս պահին որոշելու, թե ով է ընդդիմություն, ով կառավարող կուսակցություն, նկատի ունենալով, որ կառավարություն ձեւավորելու մասին հուշագիր չկա ստորագրված: Ճիշտ կլինի, որ մենք ընդդիմադիր խմբակցություն համարենք այն ուժերին, ովքեր ԱԺ-ն ձեւավորելիս իրենց հայտարարել են ընդդիմություն՝ անկախ նրանից՝ կառավարող են համարվում, թե ընդդիմադիր»: Նա ասաց, որ «Ելքը» կարող է առաջարկել հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Կոստանյանն ասաց, որ Գեւորգ Պետրոսյանի հետ քննարկում են ունեցել մինչ նիստը այն մասին, որ այս հանձնաժողովը պետք է ունենա իրավական ուղղվածություն, հետեւաբար Գեւորգ Պետրոսյանին է առաջարկել տեղակալի պաշտոնը, Պետրոսյանը հրաժարվել է, հետեւաբար Կոստանյանն առաջարկեց «Ելք» խմբակցության ներկայացուցչին. «Քանի որ մեր ուղղվածությունը հիմնականում իրավական բնույթի է լինում, ես առաջարկում եմ Ալեն Սիմոնյանի թեկնածությունը, նկատի ունենալով, որ ինքը մասնագիտությամբ իրավաբան է»:

Քվեարկությամբ հանձնաժողովի անդամները Ալեն Սիմոնյանին ընտրեցին հանձնաժողովի նախագահի տեղակալ: Կոստանյանը հայտարարեց. «Գոնե իրավաբանորեն ընդունեցինք, թե ով է ԱԺ-ում ընդդիմություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930