Բիզնես Արմենիայի թիմը, գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 22-26-ին բիզնես առաքելությամբ Լիբանանում էր։ Այցի ընթացքում Հայաստանում նոր ներդրումների մասին պայմանավորվածություններ են ձեռք բերվել։
Սա երրորդ արտագնա գործարար առաքելությունն է դեպի Լիբանան։ Բիզնես Արմենիայի թիմը գործնական փուլ է տեղափոխել նախորդ այցերի ընթացքում ներդրումների մասին ձեռք բերված պայմանավորվածությունները, նոր կապերի հիմք դրել։ Մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել լիբանանյան ներդրողների և գործընկեր կառույցների ղեկավարների հետ։
«Ամեն նոր գործարար առաքելության ժամանակ թարմացնում ենք նախկին բիզնես կապերը, բանավոր պայմանավորվածություններն ավելի գործնական փուլ ենք տեղափոխում և նոր ներդրումներ ներգրավում դեպի մեր երկիր»,- նշել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։
Բիզնես Արմենիայի թիմի հետ հանդիպմանը «Չեդիդ Կապիտալ» հոլդինգի ղեկավար Ֆարիդ Չեդիդը Հայաստանում ապահովագրական ընկերության մասնաճյուղ բացելու մտադրություն է հայտնել։ «Չեդիդ Կապիտալ» հոլդինգը մասնաճյուղեր ունի աշխարհի 5 երկրում։
Մեկ այլ հանդիպման արդյունքում «Մակիտեկ» ընկերության գործադիր տնօրեն Գարո Մաթոսյանը մտադրություն է հայտնել 250 000 դոլարի ներդրումներով Հայաստանում պլաստմասե իրերի պատրաստման կաղապարների և արդյունաբերական մեքենաների բաղադրիչների արտադրություն հիմնել։
«Մակ Ագրոքեմիկալս» ընկերությունը քննարկում է Հայաստանում ընկերության մասնաճյուղը բացելու հարցը, որը զբաղվում է պարարտանյութերի և թունաքիմիկատների արտադրությամբ։ Մի շարք գործարարներ առաջիկայում կայցելեն մեր երկիր՝ տեղում գործ հիմնելու ծրագրեր ուսումնասիրելու։
«Լիբանանում մեր պատվիրակությունը Բիզնես Արմենիայի պաշտոնական ներկայացուցիչ Հարություն Գունտագճեանի, Լիբանանում Հայաստանի դեսպանության և դեսպան Սամվել Մկրտչյանի աջակցությամբ կազմակերպել է այցելություններ մի շարք գործարաններ, հանդիպումներ է ունեցել գործարար համայնքների հետ, արդյունքում հայ-լիբանանյան նոր համագործակցությունների սկիզբ ենք դրել»,- նշել է Բիզնես Արմենիայի Միջազգային համագործակցության կառավարիչ Ալինա Եղիազարյանը։
Հանրային կապերի թիմ