Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը պատճառներ է փնտրում արդարացնելու տնտեսական ոլորտում սեփական սխալները. «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 26,2018 12:34

Կառավարությունը պատճառներ է փնտրում արդարացնելու տնտեսական ոլորտում սեփական սխալները։ Որ առաջիկա սպասումներն այս հատվածում հուսադրող չեն, կասկած չի հարուցում։ Որքան էլ առաջին հայացքից տնտեսական ակտիվության բարձր մակարդակը դեռ պահպանվում է, այնուհանդերձ վիճակը ամենեւին էլ այնպիսին չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել։

Մինչ չկան նոր նախաձեռնություններ՝ գնալով սպառվում է նախորդ շրջանից կուտակված տնտեսական աճի ներուժը։ Վերջին հինգ-վեց ամիսներին Հայաստանի տնտեսությունը հայտնվել է մի տեսակ դադարի վիճակում, ինչը չափազանց վտանգավոր երեւույթ է։ Դա նշանակում է, որ ինչ-որ մի պահից խաթարվելու է տնտեսական աճի շարունակականությունը։

Այս քաղաքականության հետեւանքներն արդեն սկսել են դրսեւորվել։ Դրանք անշուշտ կխորանան տարեվերջին ընդառաջ։

Նախորդ ամսվա վիճակագրական ցուցանիշները վկայում են, որ տնտեսությունը սկսել է արագորեն կորցնել տարեսկզբի ձեռքբերումները։ Գրեթե բոլոր ոլորտներում ակնառու է հետընթացը։ Պատահական չէ, որ եթե մի քանի ամիս առաջ կառավարությունը խոսում էր տնտեսության մեջ հեղափոխական հաջողությունների հասնելու մասին, ապա այժմ հույսն ընդամենը կայունության ապահովումն է։ Թեեւ դա եւս հարցական է։

Վիճակը փրկելու համար կառավարությունը մեղավորներ է փնտրում։ Ընտրվել է Ազգային ժողովը։ Պարզվում է, որ կառավարության տնտեսական ծրագրերի իրականացմանը խանգարում է Ազգային ժողովը։ Ուստի որոշել են միջոցներ ձեռնարկել խորհրդարանը հնարավորինս շուտափույթ լուծարելու եւ նոր ընտրություններ անցկացնելու համար։

Թե Ազգային ժողովը որքա՞ն է խանգարում կառավարության ծրագրերի իրականացմանը, բոլորն էլ տեսնում են։ Չկա ներկայացված որեւէ նախաձեռնություն, որ խորհրդարանը չընդունի։ Նման բարենպաստ վերաբերմունք կերազեր ամեն մի կառավարություն։

Սակայն ակնհայտ է, որ կառավարությանը չի հաջողվում բեկում մտցնել տնտեսության մեջ։ Որպես այդպիսին, չկա տնտեսական քաղաքականություն։ Բայց այս հարցում խորհրդարանը որեւէ մեղք չունի։

Սխալ էին կառավարության տնտեսական հաշվարկները։ Որքան էլ թվում էր, թե միայն կոռուպցիայի դեմ պայքարը կարող է լինել տնտեսության զարգացման հիմքը, պարզվում է, այդպես չէ։

Հակառակ ակնկալիքներին, արտաքին կապիտալը չի գալիս Հայաստան։ Խոստացված ներդրումային բումը չի կայանում։ Տնտեսությունն անորոշ եւ սպասումային վիճակում է։ Ու հիմա կառավարությունը մեղավորներ է փնտրում՝ սեփական սխալներն ու չիրականացված սպասումներն արդարացնելու համար։

Հ.ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930