«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը չի հերքում ու չի հաստատում 168.am-ի տեղեկություններն այն մասին, որ այս տարվա հուլիսի 2-ին ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները Վարդանյանին ձերբակալել և նրան ուղեկցել էին ԱԱԾ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության շենքի ընդունարանից:
«Նման տեղեկություններ ես չունեմ, ուստի չեմ կարող մեկնաբանել»,-ասաց Երվանդ Վարոսյանը:
Մեր հարցին՝ ինչպես ու որտեղ է տեղի ունեցել ձեր պաշտպանյալի ձերբակալությունը, պարոն Վարոսյանը պատասխանեց. «Ոչ հերքել, ոչ հաստատել հնչած միտքը այս պահին չեմ կարող»:
Հիշեցնենք, որ 168.am-ի տեղեկություններով, Արա Վարդանյանը դիմել էր Փաշինյանի հետ հանդիպման խնդրանքով, որպեսզի քննարկեն «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք հեռուստամարաթոնի այս տարվա կազմակերպչական աշխատանքները։ Հանդիպումը նշանակվել է, և Վարդանյանը ներկայացել է։ Վարչապետը զբաղված է եղել, առաջարկել են սպասել՝ մինչև նախորդող հանդիպումն ավարտվի, բայց հենց ընդունարանում նրան են մոտեցել ԱԱԾ աշխատակիցները և առաջարկել հետևել իրենց՝ ԱԱԾ։ Ազգային անվտանգության ծառայության երիտասարդ աշխատակիցներն ասել են, որ վարչապետի հետ հանդիպումը չի կայանա՝ «Դուք գալիս եք մեզ հետ»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ