Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Աճեմյան. «Ոչ մի դեպքում չենք համաձայնի գնալ հակասահմանադրական ճանապարհով, օրենքներ խախտել՝ միայն նրա համար, որ Նիկոլ Փաշինյանն այդպես է ուզում». «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 26,2018 11:54

 «Հայոց աշխարհի» հարցերին պատասխանում է ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԸ

  -«Թավշյա հեղաշրջումից» հետո Փաշինյանն ասում էր, որ պետք է ժամանակ տալ քաղաքական ուժերին՝ պատրաստվելու եւ կազմ ու պատրաստ ներկայանալու արտահերթ ընտրություններին։ Այսօր, երբ իշխող կուսակցությունը 81-82 տոկոսանոց արդյունք է արձանագրել, եւ քաղաքական դաշտը, կարելի է ասել, ոչնչացված է, հայտարարում է, որ ստացել է ժողովրդի մանդատը՝ օր առաջ լուծարելու գործող խորհրդարանը եւ նոր ընտրություններ նշանակելու։ Ի՞նչ եք կարծում, ո՞րն է այս շտապողականության պատճառը։ 

-Ես դեռ մայիս ամսին եմ ասել, որ որեւէ քաղաքական ուժ երբեք իրավունք չունի ամբողջ ժողովրդի անունից խոսելու։ Հարյուր հազարավոր մարդիկ չեն մասնակցել այս ընտրություններին՝ հայտնելով իրենց անհամաձայնությունը իրականացվող քաղաքականությանը։ Մեր բազմաթիվ համախոհներ, որեւէ այլընտրանք չտեսնելով, ուղղակի չեն գնացել ընտրատեղամասեր եւ չեն քվեարկել որեւէ ուժի օգտին։

Այդ մարդիկ ժողովուրդ չե՞ն։ Արհամարհել նրանց կարծիքը կամ իրենց օգտին քվեարկած քաղաքացիներին վերագրել բոլորին, հայտարարել, որ ամբողջ ժողովուրդը իրենց հետ է, մեղմ ասած, անընդունելի է։

Ինչո՞ւ է շտապում. եթե վախենալու ոչինչ չունի՝ հանգիստ իր գործը պիտի անի։ Բայց վախենալու շատ բան կա. գնաճը սարսափելի տեմպերով աճում է, ներդրողներն իրենց պաշտպանված չեն զգում՝ ոչ միայն չեն ուզում նոր ներդրումներ անել, այլեւ հեռանում են երկրից, խնդիրները, մտահոգություններն օր օրի կուտակվում եւ խորանում են։

Մասնավորապես, կենսաթոշակային հիմնադրամների գումարները՝ կուտակային վճարները, արդեն երրորդ ամիսն է՝ չեն փոխանցվում։ Բազմաթիվ այսպիսի հարցեր կան, որոնց վարչապետը չի անդրադառնում, որովհետեւ ո՛չ տնտեսություն գիտի, ո՛չ ունի գործից հասկացող օգնականներ, որոնք կարող են պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել այդ հարցերով։

Այս պարագայում, կարծում եմ, ինքը անհանգստանալու շատ բան ունի. եթե չունենար, չէր փորձի արհեստականորեն արագացնել իրադարձությունների ընթացքը։

Այսօր Ազգային ժողովը բնականոն աշխատում է, որեւէ կերպ չի խոչընդոտում կառավարության գործունեությանը, ե՛ւ դրսում, ե՛ւ ներսում իր բոլոր գործառույթները լիարժեք իրականացնում է։ Այստեղ որեւէ խնդիր չեմ տեսնում։ Միաժամանակ, ուզում եմ արձանագրել, որ մենք ոչ մի դեպքում չենք համաձայնի գնալ հակասահմանադրական ճանապարհով, օրենքներ խախտել՝ միայն նրա համար, որ Նիկոլ Փաշինյանն այդպես է ուզում, ունի ցանկություններ, եւ այդ ցանկությունները կապված են իր միապետական նկրտումների հետ։

 -Մտահոգություններից մեկն էլ այն է, որ ԱԺ ղեկավար պաշտոնները դեռեւս ձեր ձեռքում են եւ հնարավորություն են ընձեռում ձեզ եվրոպական ատյաններում խոսելու Հայաստանում ստեղծված իրավական նիհիլիզմի, օրենքների եւ սահմանադրության նկատմամբ արհամարհական վերաբերմունքի մասին։

-Ուզում եմ հիշեցնել, որ մենք խորհրդարանական երկիր ենք, եւ սա 2017թ. լեգիտիմ ընտրությունների միջոցով ընտրված խորհրդարան է։ Եթե Փաշինյանը համարում է, որ գործող խորհրդարանը չի արտահայտում ժողովրդի կարծիքը, ես էլ կարող եմ համարել, որ ինքն էլ է ոչ լեգիտիմ, որովհետեւ հենց այս խորհրդարանի քվեով է դարձել վարչապետ։

Ինչ վերաբերում է ղեկավար պաշտոններին, ուզում են թե ոչ՝ Հանրապետական կուսակցությունը դեռ մեծամասնություն է Ազգային ժողովում եւ ԱԺ կանոնակարգով սահմանված կարգով է զբաղեցնում այդ պաշտոնները։ Մենք որեւէ հակաօրինական գործողություն չենք իրականացրել Ազգային ժողովում, նաեւ արտաքին հարթակներում պաշտպանում ենք մեր երկրի շահերը, շահագրգռված ենք, որ պետությունը հզորանա, ոչ թե հակառակը՝ քայքայենք պետությունը։ Իսկ այն քայլերը, որ կառավարությունն իրականացնում է, ամենեւին պետությունը հզորացնելու միտում չունեն։ Ճի՛շտ հակառակը։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930