Այսօր (Նյու Յորքի ժամանակով երեկոյան) ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ տեղի է ունենալու ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որի արդյունքները կհրապարակվեն դրա ավարտին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նրա փոխանցմամբ՝ մինչեւ շաբաթվա վերջ Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի ընթացքում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կունենա այլ երկկողմ եւ բազմակողմ մի շարք հանդիպումներ եւ ելույթներ:
Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիեւ հնարավոր հանդիպմանը, Տիգրան Բալայանը նախ ընդգծեց՝ այդ հանդիպումն ինքնանպատակ չի կարող լինել. «Բովանդակություն լինելու պարագայում պետք է ձեռք բերվեն պայմանավորվածությունների կատարման հիմքեր, սակայն Ադրբեջանը մինչ օրս արգելափակում է պայմանավորվածությունների՝ շփման գծում դիտորդների թվի ավելացման, վստահության մեխանիզմների ներդրման կետերի իրականացումը: Այս հարցերը դրվելու են Մնացականյան-Մամեդյարով կայանալիք հանդիպման ժամանակ»:
Լրագրողների նկատառմանն ի պատասխան, որ հայկական կողմը, փաստորեն, Ադրբեջանի դիմաց հանդիպման նախապայման է դնում, Բալայանն այսպես արձագանքեց. «ՀՀ-ն նախապայման չի դնում, մենք պատրաստ ենք հանդիպման, վարչապետն էլ քանիցս հաստատել է դա, բայց կրկնում եմ՝ այդ հանդիպումը լուսանկարվելու առիթ չի կարող լինել, այն պետք է բովանդակային լինի եւ արդյունքների բերի՝ նշյալ պայմանավորվածությունների կատարման մասով»:
https://www.youtube.com/watch?v=GY8w5fqJupA
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ