Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Թարխանյան. «Երևանն այսօր հայտնվել է մեկ քաղաքական ուժի մենաշնորհային կառավարման ներքո, ինչն, իհարկե, բավականին խնդիրներ կառաջացնի կառավարման ընթացքում». «Փաստ»

Սեպտեմբեր 26,2018 11:38

Չնայած Երևանի քաղաքապետի արդեն նախկին թեկնածու Անահիտ Թարխանյանը ընտրություններից հետո արդեն իսկ հասցրել է արտահայտել իր կարծիքը, բացի այդ, ընտրված քաղաքապետ Հայկ Մարությանին մաղթել է լավ ու արդյունավետ աշխատանք, սակայն կարծում է, որ արտահերթ ընտրություններն այլ բանի մասին էին: Այսինքն, անցած ընտրությունները ոչ թե Երևանի ավագանի ընտրելու, այլ Ազգային ժողովը լուծարելու հանրաքվեի միտում ունեին ու հենց դրա համար էլ կազմակերպվել էին: Թարխանյանի խոսքով, փաստորեն, ստացվեց, որ շուրջ երեք հարյուր հազար երևանցի արդեն իսկ «կողմ» է քվեարկել խորհրդարանը լուծարելուն:

«Ըստ էության, փաստացի, ավագանու ընտրություններ տեղի չեն ունեցել, քանի որ մարդիկ գնում էին ոչ թե ավագանու ընտրության, այլ հանրաքվեի՝ իրենց վստահության ձայնը տալու վարչապետին: Դրա հետևանքով, ըստ էության Երևանն այսօր հայտնվել է մեկ քաղաքական ուժի մենաշնորհային կառավարման ներքո, ինչն, իհարկե, բավականին խնդիրներ կառաջացնի կառավարման ընթացքում»,– ասաց Ա. Թարխանյանը:

Եվ չնայած ժողովրդավարությունն ավելի ազատ ընտրություններ է ենթադրում, որը թույլ է տալիս տարբեր ուժերի ներկայացուցիչներից ձևավորված կազմ ունենալ, սակայն Երևանի քաղաքապետի նախկին թեկնածուի կարծիքով, այս անգամ դա չհաջողվեց, իսկ կուտակված խնդիրներն այնքան հրատապ են, որ չեն կարող սպասել մինչև հաջորդ ընտրություններ:

«Մենք այսօր ունենք մենաշնորհային ավագանի, և մենք վտանգ ենք տեսնում, որ այն ծրագրերը, որոնք գրվել և ներկայացվել են հանրությանը ավագանու ընտրությունների ժամանակ, կարող են անտեսվել, և դրանց իրականացման գործընթացը բավականին դանդաղ ընթանա: Մենք սպասում ենք այն հայտարարությանը, ինչի մասին այս օրերին խոսում էր ընտրված ավագանին, այսինքն՝ ներդնել հանրաքվեների մեթոդաբանություն: Դա իրենք պատրաստ էին ներդնել քաղաքի կառավարման գործընթացում, ինչը կարող է ինչ–որ չափով հավասարակշռել մենաշնորհային ավագանու գործունեությունը: Բայց արդյոք դա իրականություն կդառնա՞, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը»,– ասաց Ա. Թարխանյանը:

Նա նաև նշեց, որ իրենց թիմի անդամները ոչ թե քաղաքական գործիչներ են, այլ մասնագետներ: Ուստի սպասում են ընտրված թիմի ոչ միայն քայլերին, այլև ծրագրերի իրականացման և որոշումներ ընդունելու ժամանակացույցի հրապարակմանը:

«Մենք ամեն դեպքում անպայման աշխատելու ենք ընտրված քաղաքական թիմի հետ և պատրաստվում ենք այդ մասին հրապարակավ հայտարարել: Հավանաբար երկուշաբթի հանդես կգանք հայտարարությամբ: Այդ ժամանակ կներկայացնենք մեր դիրքորոշումը Երևանի զարգացման և կառավարման ծրագրերի մասին: Կան խնդիրներ, որոնք, մեր կարծիքով, չի կարելի անտեսել, ընդհակառակը, հարկավոր է անպայման և սեղմ ժամկետներում իրականացնել»,– ասաց Ա. Թարխանյանը:

Նա նաև նշեց, որ իրենց ուժը, որը հասարակական կազմակերպություններից կազմված միավորում է, առաջիկայում չի պատրաստվում քաղաքական կուսակցությունների հետ դաշինքների կամ այլ միավորումների ձևաչափով մասնակցել քաղաքական այլ գործընթացներին: Իրենք մասնագետներ են և զբաղվելու են միայն Երևանի առողջացման խնդիրներով:

«Դա է մեր հիմնական խնդիրը, դրա համար ենք մենք մասնակցել այս ընտրություններին և մենք այլ հավակնություններ չունենք: Քաղաքական հարցերով զբաղվելու համար կան քաղաքական ուժեր, իսկ մենք մեր առաքելությունն ավելի շատ այլ տեղում ենք տեսնում»,– ասաց Ա. Թարխանյանը:

Նա համբերություն մաղթեց երևանցիներին և խորհուրդ տվեց ուշադիր հետևել ներկայացված ծրագրերի իրականացմանը և պահանջել օրվա իշխանություններից, որ այն ծրագիրը, որը ներկայացրել են ավագանու արտահերթ ընտրության ժամանակ, իրականություն դառնա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930