Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոմպոզիտորը շոկի մեջ է

Սեպտեմբեր 26,2018 15:30

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը
կատարեց Վաղարշակ Զաքարյանի ջութակի կոնցերտը

Օրեր առաջ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից 12-րդ անգամ անցկացվող միջազգային երաժշտական փառատոնի երեկ կայացած հերթական համերգի հայտագիրը երեւալուն պես խոսակցությունների ալիք էր բարձրացել կոմպոզիտորի՝ Վաղարշակ Զաքարյանի շուրջ, որի ջութակի առաջին կոնցերտի համաշխարհային պրեմիերան Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ իրականացրեց աշխարհահռչակ Սերգեյ Խաչատրյանը: Բանն այն է, որ կոմպոզիտորի ստեղծագործությունները հաճախ հնչում են արտասահմանում, անվանի երաժիշտների մեկնաբանմամբ: Կոմպոզիտորը բուռն կարիերա է արել Ռուսաստանում: 1990-ականների սկզբին տեղափոխվել է Մոսկվա, հանդիսացել է «Պրակտիկա» հրատարակչության երաժշտական բաժնի վարիչը, այնուհետեւ «The Grove Concise Dictionary of Music» երաժշտական բառարանի ռուսերեն հրատարակման գաղափարի հեղինակն ու նախաձեռնողներից մեկը, կազմակերպել է մի շարք համերգներ, օրինակ՝ Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում, ճանաչված երաժիշտների, այդ թվում՝ Դենիս Մացուեւի, Բորիս Բրովցինի եւ այլոց մասնակցությամբ: Յուրի Բաշմետի «Մոսկվայի սոլիստներ» նվագախումբը առաջին անգամ կատարել է հայ հեղինակի «Ընծա եւ աղերս» ստեղծագործությունը, իբրեւ մենակատար էլ հանդես է եկել ինքը՝ Բաշմետը: Կոմպոզիտորի կամերային, սիմֆոնիկ երկերը հաճախ են կատարվել ԱՄՆ-ում, Եվրոպայում, խորհրդային երկրներում: Վերջին անգամ Երեւանում 2012թ. հնչել է կոմպոզիտորի «Սոնատ-պոեմը»՝ հեղինակի եւ բրիտանաբնակ ռուս ջութակահար Բորիս Բրովցինի կատարմամբ: Հիշում ենք 1980-ականների կեսերին էկրաններին ցուցադրված ռեժիսորներ Ռուբեն Գեւորգյանցի, Գեորգի Կեւորկովի «Քանի դեռ ապրում ենք» ֆիլմի երաժշտությունը, որի հեղինակը Վաղարշակ Զաքարյանն է:

Գլխավոր փորձի ժամանակ

Նշենք, որ կոմպոզիտորի հայաստանցի գործընկերները առիթի դեպքում բարձր գնահատելով գործընկերոջ արվեստը, այնուամենայնիվ, լուրջ թե կատակով, մշտապես նշել են, որ Վաղարշակ Զաքարյանը իր ստեղծագործությունների մեծ մասի գոնե առաջին կատարումները վստահում է ու նվիրում ճանաչված արվեստագետների: «Առավոտի» հետ զրույցում կոմպոզիտորը համաձայնեց այս դիտարկմանը, ասաց, թե ինքն այդ մասին երբեւէ չի մտածել, ուղղակի ստացվել է: Հավելեց նաեւ, թե արտասահմանում էլ սեփական շատ ստեղծագործությունների առաջին կատարողները ոչ միայն սփյուռքահայեր են, այլեւ հայաստանցի երաժիշտներ: Հետաքրքրությունը՝ ինչու հաճախ չի ներկայանում հայաստանցի հանդիսատեսին, մնաց անպատասխան:

Անդրադառնալով ջութակի կոնցերտին, որի կատարումից մասնագետները, այդ թվում՝ հանդիսատեսը, ոչ միայն հիացած էին, այլ ավելին՝ ցնցված, Վաղարշակ Զաքարյանն ասաց, որ այս ստեղծագործությանը Սերգեյ Խաչատրյանին ծանոթացրել է 2015թ., 2017-ին Երեւանում պետք է հնչեր այն, բայց դա տեղի չունեցավ. «Ուրախ եմ, որ տեղի չունեցավ: Փաստորեն նոր ստեղծագործությունս առաջինը հնչեց նոր Հայաստանում: Իհարկե, ոչ միայն հայերս, աշխարհն է ծանոթ Սերգեյի արվեստին: Ես էլ, ինչպես բոլորը, բարձր եմ գնահատում այն, բայց նրա հետ ստեղծագործական շփման առաջին օրվանից պարզապես ցնցված եմ, ապշած… Անկեղծ ասած՝ այս կոնցերտը գրել էի ճանաչված մի ջութակահարի համար, բայց երբ առաջին անգամ հանդիպեցի Սերգեյին, ցույց տվեցի ստեղծագործությունս, չեմ կարող ասել, թե ներսումս ինչ կատարվեց: Տաղանդավոր ջութակահարը նույնիսկ նոտաների մեջ է տեսնում այն, ինչը կարող է նկատել տվյալ ստեղծագործության հեղինակը: Կարճ ասած՝ ես շոկի մեջ եմ»: Կատակով հարցրինք, թե մտադրություն չունի՞ գոնե մեկ անգամ Երեւանում հանդես գալ հեղինակային համերգով, Վաղարշակ Զաքարյանը պատասխանեց. «Վերջին հեղինակային երեկոս կայացել է անցյալ տարի, Ցյուրիխի կոնսերվատորիայի դահլիճում: Առաջիկայում ծրագրեր ունեմ Երեւանում կամերային երաժշտության համերգաշար իրականացնելու»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

26.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930