Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր իրողություններ Փաշինյանի եւ բոլորի համար

Սեպտեմբեր 26,2018 11:00

Ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու մշակույթի հիմքը դրված է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, վերջինս համոզմունք է հայտնել, որ Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի եւ կզարգանա: Անդրադառնալով մեր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Հայաստանում իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթացը փայլուն օրինակ է, եւ հույս է հայտնել, որ մեր երկիրը կընթանա վերընթաց զարգացման ճանապարհով` իրականացնելով նորանոր բարեփոխումներ տարբեր ուղղություններով:

Այնուհետեւ պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք. «Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ եւ կարեւորել այնպիսի բարեփոխումների իրականացումը, որոնք նույնիսկ տեխնիկապես կբացառեն ընտրախախտումների հնարավորությունները: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ՄԱԿ-ի կողմից տեխնիկական աջակցության շարունակական անհրաժեշտությունը»:

Երեւանի ավագանու ընտրությունների անցկացումից մեկ օր անց Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման թեման, այսպիսով, դարձել է միջազգային գործընկերների հետ քննարկումներում օրակարգային հարց:

Փաշինյանը ոչ միայն չէր կարող այս համոզիչ հաղթանակը չօգտագործել՝ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտության մեկնարկ ազդարարելով, այլեւ պարտավոր էր դա անել:

Ընտրություններում համոզիչ հաղթանակ տարած Հայկ Մարությանը ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ճիշտ է նկատել. «Այս հաղթանակը մեր թիմի հաղթանակը չէ: Սա միայն ու միայն մեր ժողովրդի հաղթանակն է, որն ապացուցեց ամբողջ աշխարհին, որ միասնական եւ վճռական է ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարհին»:

Ի դեպ, ընտրություններում մասնակցության թեմայի առնչությամբ տարբեր մեկնաբանություններ իսկապես տեղին չեն: Նախ՝ 2017թ. ընտրությունների համեմատ ընտրողների մասնակցությունը 25.000-ով ավելի է եղել։ Բացի այդ, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ մի քանի օր առաջ ընտրություններին մասնակցել է այն խավը, որը սովորաբար ՏԻՄ ընտրությունները բոյկոտում է, այսինքն՝ սեպտեմբերի 23-ին արել է գիտակցված ընտրություն: Սեպտեմբերի 23-ին չի մասնակցել այն «ընտրազանգվածը», որին տեղամասից տեղամաս կայուն կերպով տանում էին քվեարկության՝ ապահովելով «կազմակերպված» ընտրություններ, կամ էլ մասնակցել է՝ արդեն քվեարկելով ազատ: Չմոռանանք ընտրություններին մշտապես սրտատրոփ սպասող եւ բացառապես ընտրակաշառք ակնկալողներին, որոնք, թերեւս, երկար ընդմիջումից հետո նույնպես ազատորեն քվեարկել են, իսկ որոշ մասն էլ գուցե հարկ չի համարել գնալ ընտրությունների:

Այնպես որ, սեպտեմբերի 23-ի ընտրությունները պետք է համարել ամենաառողջ մթնոլորտում անցկացված ընտրությունները, որոնք լուրջ հիմք են թե՛ խորհրդարանական առաջիկա ընտրությունները ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան անցկացնելու համար, թե՛ առհասարակ Հայաստանի դրական իմիջի ձեւավորման ու Հայաստանի զարգացման տեսանկյունից:

Որ խորհրդարանական ընտրություններ անհրաժեշտ է անցկացնել եւ որքան շուտ, այնքան լավ՝ այստեղ երկրորդ կարծիք չկա: Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները ցույց են տալիս խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հրամայականը՝ որպես հասարակության ձեւավորած պահանջ: Ընտրությունների արդյունքները վկայում են այն մասին, որ մեր հասարակությունը գնացել եւ կատարել է ընտրություն՝ մեծ հավատ ունենալով Փաշինյանի կառավարության նկատմամբ եւ ակնկալելով նրանից քաղաքական կամք՝ Հայաստանի հետագա զարգացման համար:

Սեպտեմբերի 23-ին ընտրություններին մասնակցած ուժերն արձանագրել են, որ Հայաստանում տեղի են ունեցել ազատ, արդար ընտրություններ, շնորհավորել են հաղթանակ տարած Երեւանի քաղաքապետի թեկնածուին եւ երեւանցիներին՝ առանց կեղծիքների, ընտրակաշառքների ու լցոնումների անցած ընտրությունների կապակցությամբ:

Սա բացառիկ իրավիճակ ու մթնոլորտ է Հայաստանի համար, երբ ընտրությունների արդյունքները կասկած չեն հարուցում ո՛չ հասարակության, ո՛չ ընտրություններին մասնակցած թեկնածուների մեջ: Շատերն արդեն հայտարարել են, որ սեպտեմբերի 23-ին կայացած ընտրությունները 1991 թվականից հետո Հայաստանում տեղի ունեցած բացառիկ արդար ընտրություններ էին:

Այս ընտրությունները, սակայն, լուրջ մտորելու առիթ պետք է դառնան Հայաստանի ողջ քաղաքական դաշտի համար՝ թե՛ իշխանության, թե՛ ընտրություններում պարտված ուժերի, թե՛ այդ ընտրություններին չմասնակցած՝ կողքից հետեւողների համար: Փաշինյանի կառավարությունը պետք է գիտակցի հասարակության վստահության ծանր բեռն ու պատասխանատվությունը, որը կրում է հասարակության այդ մեծ աջակցության համար: Իսկ ընտրություններում պարտված, ինչպես նաեւ կողքից հետեւած ուժերը պետք է իրենց հարց տան՝ ինչո՞ւ հայտնվեցին այս իրավիճակում, եւ փորձեն գտնել պատասխանները: Այս հարցերի պատասխաններն իրականում բոլորովին էլ բարդ չեն, պետք է պարզապես քաջություն ունենալ խոստովանելու սխալները ու մի կողմ քաշվելու:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 26.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Լաւատես պէտք է լինել – կամ գոնէ՝ այդպէս ձեւանալ, ուրիշ ճար չկայ -, միայն թէ նորէն պէտք չէ գնալ ինքնախաբէութեան, կամ պէտք եղածից աւելի spin կատարել:

    Արտաքին պաշտօնական դիտորդները նախորդ ընտրութիւններն ալ հռչակած էին ընդունելի: Մենք հայերս ենք որ միայն խորապէս վարկաբեկում էինք զանոնք: Քանի որ ընտրուողները ընդհանրապէս համակրելի չէին, կամ cool չէին…

    Այս վերջին քաղաքապետական ընտրութեան պարագային, մթնոլորտը տարբեր եղած է՝ դա անհերքելի է: Սակայն մթնոլորտէն անդին, ըստ խորքի եւ ըստ էութեան, այդքան ալ փայլուն չէ կացութիւնը:

    Մասնակցութեան խնդիրը որքան որ ալ ուզէք ջանացէք մեղմացնել, նկատի ունենալով մանաւանդ վարչապետի խրոխտ ելոյթները, քուէարկութիւնը չհամապատասխանեց փողոցի եռանդին, սա – ոմանց համար միայն՝ զարմանալի – իրականութիւն է: Ոստիկանական բազմաթիւ ու շատ վիճելի ոտնձգութիւններ տեղի ունեցան, որպէս թիրախ ունենալով միմիայն այդ կուսակցութիւնը որ ամենալուրջ մրցակիցն էր իշխանութեան թեկնածուին: Վարչապետի մասնակցութիւնը ընտրարշաւին, ինքնին, եւ դեռ այդքան արտակարգ չափով ու տարողութեամբ, նորմալ երեւոյթ մը չէ, չէ տեսնուած ժողովրդավարական նորմալ երկիրներում: Իսկ երեւի նաեւ ամէն մարդ մոռանում է որ քաղաքապետարանի նախկին իշխող կուսակցութիւնը, ձեւով մը արդէն, «արգիլուած» էր որ մասնակցի ընտրութեան ! Շատ հաւանական է որ անոր համակիրներն է որ տունը մնացին: Այս ամէնը ծախել որպէս ժողովրդավարութեան բացառիկ չափանիշներ, մի քիչ շատ է, եւ ամէն դէպքում այս հիման վրայ չէ որ դրամական նպաստներ պիտի տան, եթէ տան, օտար պետական կառոյցները, այլ՝ զուտ քաղաքական միտումներով: Եւ այդտեղ ալ երեւի իսկական եռանդի պակաս կայ…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930