Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀԿ–ի երկակի պահվածքն այս իմաստով հիշեցնում է ժողովրդական իմաստնություն՝ «էշը կերել են, պոչից խռովել». «Փաստ»

Սեպտեմբեր 26,2018 10:24

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ–ն ցրելու շուրջ գործընթաց սկսելու մասին հայտարարությանը, Էդուարդ Շարմազանովը պատասխանել է՝ «թան էլ չէ, փրթած մածուն», ի դեպ՝ երևի հիշելով հենց Փաշինյանի 2017թ. ելույթներից մեկը: Ժողովրդական այս իմաստնության բովանդակությունը բացելու կարիք չկա, բայց կարիք կա հասկանալ, թե ինչու է ՀՀԿ–ն այդքան համառորեն դիմադրում քաղաքական իրավիճակի փոփոխությանը ու ինչու է այդպես ամուր կառչած մնում ԱԺ–ում մեծամասնություն ունենալուց, եթե, ըստ էության, որևէ էական դեր որոշումների կայացման գործում այլևս չունի:

Թվում է, թե շատ պարզ հարցադրում է, շատ պարզ պատասխանով՝ ՀՀԿ–ն ընդամենը փորձում է չհանձնվել ու պահել դիրքերը: Բայց ամեն ինչ այդքան պարզ չէր լինի, եթե նույն ՀՀԿ–ն ժամանակին վարչապետ ընտրած չլիներ Փաշինյանին, իսկ ՀՀԿ առաջնորդը հրաժարական տված չլիներ: ՀՀԿ–ի երկակի պահվածքն այս իմաստով հիշեցնում է մեկ այլ ժողովրդական իմաստնություն՝ «էշը կերել են, պոչից խռովել»: Պարզից էլ պարզ էր, որ Սերժ Սարգսյանի հրաժարականով ու Փաշինյանին վարչապետ ընտրելով՝ ՀՀԿ–ն դադարում է իշխանություն լինել ու ԱԺ–ում նրանց մեծամասնություն լինելը ժամանակավոր է, քանի դեռ տեղի չեն ունեցել իշխանության ընդունման–հանձնման տեխնիկական գործընթացները: Սակայն այժմ ՀՀԿ–ն համառորեն շարունակում է ընդդիմանալ արտահերթ ընտրությունների ու ԱԺ–ն ցրելու մասին հնչող հայտարարություններին:

Պատճառները շատ են: Սկսենք ամենակենցաղայինից: ԱԺ–ն ահռելի ռեսուրսներով հագեցած կառույց է: Համեմատության համար նշենք, որ ԱԺ-ի բյուջեն Գյումրու բյուջեից ավելի է: Հանձնաժողովներ, ահռելի բյուրոկրատիա, աշխատանքային ուղևորություններ, ծառայողական մեքենաներ, բարձր աշխատավարձ: Այս ամբողջ ռեսուրսների ահռելի մասը գտնվում է հենց հանրապետականների ձեռքում: Սա, սակայն, գլխավոր պատճառը չէ:

Գլխավոր պատճառն, իհարկե, ամեն կերպ քաղաքականության մեջ մնալու և լուսանցքում չհայտնվելու ձգտումն է: Տեսանելի որևէ կռվան չկա, որ ՀՀԿ–ն կկարողանա բացառապես ԱԺ–ում իր մանդատներն օգտագործելով՝ շարունակել մնալ քաղաքական ասպարեզում, քանի որ ազդեցիկ հանրային աջակցությունից այժմ զրկված է ու հեռացված ադմինիստրատիվ լծակներից: Հետևաբար պատճառները պետք է փնտրել անտեսանելի տիրույթում, կամ առնվազն փորձենք ենթադրել այդ պատճառների մասին:

Առաջին հայացքից, իհարկե, ՀՀԿ–ի մայիսյան և ներկայիս դիրքորոշումների մեջ հակասություն կա: Ընտրելով Փաշինյանին վարչապետ՝ նրանք դժվար թե չեն գիտակցել, որ վաղ թե ուշ գալու է ԱԺ–ն ցրելու պահը: Բայց ակնհայտ է, որ մայիսին կայացված այդ որոշումը ՀՀԿ–ն կայացրել է ստիպված, հանրային ահռելի ճնշման պայմաններում, հույս ունենալով, որ ապագայում հանրային ճնշման այդ լծակը չի ունենա նույն ծավալները, իսկ իրենք այդ ընթացքում կկարողանան ժամանակ շահել: Բայց հարց է մնում՝ ժամանակ շահել հանուն ինչի՞, որ ի՞նչ անեն: Ակնհայտ է, որ եթե նույնիսկ Փաշինյանը չկարողանա մոբիլիզացնել նույն քանակի մարդկանց, ինչն անում էր մայիսին, դա չի նշանակում, թե ՀՀԿ–ն կարող է ռեաբիլիտացվել: Գուցե ինչ–որ պահից Փաշինյանի համակիրների թիվը նվազի, բայց դրանից ՀՀԿ համակիրների թիվը չի ավելանալու:

Ըստ այդմ, ՀՀԿ–ի համառությունն առավելապես պայմանավորված է ստվերում տեղի ունեցող պրոցեսներով, մասնավորապես Քոչարյանի՝ քաղաքականություն վերադարձով: Քոչարյանի ներկայացրած քաղաքական հայտը, նրա անզիջում բնավորությունն ու համառությունը համընկել են դեռևս ԱԺ–ում մեծամասնություն ունեցող ՀՀԿ շահերի հետ: Հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը ուղենիշային չդարձավ հանրապետականների համար, նրանք իրենց առաջնորդի օրինակով չընտրեցին հանգիստ հեռանալու ճանապարհը և շարունակում են համառել: Այս իմաստով, կարծես թե, իրականություն են դառնում այն խոսակցությունները, որ ՀՀԿ–ն հիմա Սերժ Սարգսյանի ազդեցության տակից փորձում է տեղափոխվել Ռոբերտ Քոչարյանի ազդեցության տակ:

Չունենալով որևէ հանրային աջակցություն և արագ ռեաբիլիտացվելու ռեսուրս, միաժամանակ հրաժարվելով թոշակի գնալու և գուցե հետագայում առավել վերաիմաստավորված վերադառնալու կամք, ՀՀԿ–ն այժմ փորձում է օգտագործելով Քոչարյանի ազդեցությունն ու ռեսուրսները, ընդամենը դառնալ նրա ուղեկիցը: Հաշվարկն արված է բացառապես Քոչարյանի համառ և կտրուկ բնավորության վրա, որն, ըստ հանրապետականների, շանս կտա նրանց արագ վերականգնել իրենց դիրքերը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930