Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւոր ճամփաբաժան

Սեպտեմբեր 26,2018 10:00

Մոտակա շաբաթներին հավանաբար թեժանալու են խոսակցությունները «քաղաքական մենաշնորհի» եւ «միահեծան իշխանության» մասին: Այդ խոսակցությունների մեջ, կարծում եմ, իմաստ կա, բայց՝ միայն մասնակի: Միահեծան իշխանություն այն պարագայում, երբ ժողովրդի մեծամասնությունն այն մերժում էր, եւ նույնպիսի իշխանություն այն իրավիճակում, երբ ժողովրդի 80 տոկոսից ավելին այն ընդունում է՝ դրանք, համաձայնեք, միանգամայն տարբեր բաներ են: Բայց նույնիսկ այս իրավիճակում, եթե իշխանությունը ընդդիմախոսներ չունենա, դա հղի է լուրջ հետեւանքներով թե՛ պետության եւ թե՛ հենց իշխանության համար:

Քաղաքական համակարգն, այո, Հայաստանում չի կայացել՝ նախեւառաջ հենց այն պատճառով, որ ընտրությունները 1995 թվականից կեղծվել են: Կուսակցություններ, ըստ էության, մեզանում չկան, անկախ նրանից՝ դրանք 15, թե 115 տարեկան են: «Քաղաքացիական պայմանագիր», որպես կուսակցություն, նույնպես չկա՝ կա միայն Նիկոլ Փաշինյան, որը «վատ մարդկանց» քշել է իշխանությունից, դրա համար վայելում է ժողովրդի սերը եւ հիմա «էս ժողովրդի» համար մի լավ բան կանի: Բայց անկախ նրանից, որ հասարակական կարծիքը չի նպաստում կուսակցական համակարգի կայացմանը, պետք չէ վհատվել, եւ մարդիկ, որոնք կա՛մ արդեն մասնակցում են քաղաքական գործընթացներին, եւ կա՛մ նրանք, ովքեր այդպիսի նպատակներ ունեն, պիտի մտածեն, թե ինչից սկսել: Բոլորին ցրել եւ նոր էջ բացել՝ իրատեսական չէ: (Չնայած ՀՀԿ-ի պարագայում, կարծում եմ, ավելի նպատակահարմար է «ռեստրուկտուրիզացիայի» ենթարկվել եւ, նոր մարդկանց ներգրավելով, նոր ուժ կազմել ՀՀՇ-ՀԱԿ մոդելով):

Խորհրդարանը, այո, պետք է լուծարել եւ անցկացնել ԱԺ ընտրություններ, որոնց արդյունքները, հուսամ, կլինեն նույնքան արժանահավատ, որքան Երեւանի ավագանու ընտրություններն էին: Չեմ կասկածում նաեւ, որ այստեղ էլ Փաշինյանը, ինչպես էլ նրա քաղաքական ուժը կամ դաշինքը կոչվի, ջախջախիչ հաղթանակ կտանի, եւ դա կունենա իր թե՛ դրական, թե՛ բացասական հետեւանքները:

Բայց սխալ է հույսը դնել միայն քաղաքական գործիչների, ներկա եւ ապագա կուսակցականների վրա: Կարծում եմ` քաղաքացիական հասարակությունը, մեկնաբանները, վերլուծաբաններն այս պարագայում չպիտի միակողմանի իշխանամետ դիրք բռնեն, ինչպես որ շատերն այսօր անում են: Օրինակ` եթե առաջ ոստիկանությունը որեւէ խմբագրություն ներխուժեր, պատկերացնում եք, չէ՞, ինչպիսին կլիներ իրավապաշտպանների եւ հ/կ-ների արձագանքը: Կամ՝ եթե «նախորդ ռեժիմը» Սիրիա առաքելություն ուղարկեր՝ ռուսների հետ համատեղ: Այնպես որ, հասարակական հատվածի եւ լրատվամիջոցների դերն այս ժամանակահատվածում խիստ կարեւոր է: Հավատացնում եմ, բարեկամներ, Փաշինյանի անխտիր բոլոր քայլերը փառաբանելով՝ նրան լավություն չեք անում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Նկատի ունենալով կացութիւնը եւ այդ երկրին արտակարգ իւրայատկութիւնները, ցանկալի ու նախընտրելի է որ, գոնէ մէկ ընտրական շրջանի մը համար, նոր քաղաքական անձերը ընտրութիւններու միջոցաւ տեղաւորուին որպէս «միահեծան իշխանութիւն», վայելեն «քաղաքական մենաշնորհ»: Մնացեալները պէտք է որ ըստ այնմ քաշուին, զիջին: Այդ մէկ “carte blanche” մանդատի ընթացքին, նորելուկ միահեծաններուն կը մնայ ձիուն (Քուռկիկ Ջալալիին) կողքին տեղ շնորհել իրենց խմբակէն դուրս գտնուող քաղաքական ատակ գործիչներուն, եթէ կ’ուզեն յաջողիլ իսկապէս մի բան իրականացնել ի շահ երկրին, ազգին, պետականութեան: Այլապէս, եթէ բաբիլոնի աշտարակային ԱԺ մը դուրս պիտի գայ ընտրութիւններէն, անկայունութիւնը, քաոսը, պիտի շարունակուին:

  2. Լավատես says:

    Վատ է այն ուսուցիչը, որի աշակերտը չի գերազանցում իր ուսուցչին: Այսօրվա ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունը պետք է արդյունավետ ու լիարժեք աշխատող պետական համակարգ հայտնագործի ու ամրագրի այն Սահմանադրության մեջ ու երբ մեր Աստված մեզ աչքով անի, գնանք մեր սուրբ Մասիսի ժայռերից մեկի վրա սեպագիր ու մաշտոցյան այբուբեններով մի քանի տող այդ Սահմանադրությունից անմահացնենք:

  3. henri says:

    Հայասէր և նիւթական մեծ կարելիութիւններ ունեցող ֆրանսացի ծանօթիս հարց տուի թէ ինչու՞ կ՛ուշանայ ներդրում կատարել Հայաստանի մէջ երբ պայմանները այնքան նպաստաւոր են ?
    ” պարզապէս կը համարիմ որ այդ 100.000-րաւոր խաղաղ ցուցարարներու իւրաքանչիւրը ԻՐ ՀԱՐՑՈՎ հոն կը գտնուի-չեմ կարծեր որ Նիկոլի անձը զիրենք այդչափ հետաքրքրէ -ան կը ծառայէ ներկայիս բռնապետներու տապալումը արագացնելու,խնդիրները վերջը կրնան ծագիլ ՛՛ ;
    Կարծեմ ,պարոն Աբրահամեան -ձեր գրութեան մէջ նման ակնարկ մը կայ ;

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930