Լրահոս
Օրվա լրահոսը

Երասխի դպրոցականները պատերազմի տարիներին ծնված չեն եղել, բայց ամեն օր պատերազմի հետեւանքները տեսնում են

Սեպտեմբեր 26,2018 14:30

Տասնյակ տարիներ կրթության ոլորտը առաջնահերթություն հռչակած կառավարությունը բյուջեում գումար չի գտել սահմանամերձ Երասխի դպրոցում գոնե ռմբակոծության հետեւանքները վերացնելու համար: Դպրոցն ինչպես որ 26 տարի առաջ ադրբեջանական կողմից հրետակոծության է ենթարկվել, այդպես էլ մինչ օրս մնացել է: Երկու սերունդ, հարյուրավոր երեխաներ, որոնք այդ տարիներին ծնված էլ չեն եղել եւ, բարեբախտաբար, պատերազմը չեն տեսել, այնուամենայնիվ ստիպված են եղել եւ ներկայումս էլ ամեն օր պատերազմի հետեւանքների միջով են անցնում: Այս մասնաշենքն ավերված է, երեխաները չեն կարող այստեղ դասեր պարապել, բայց այն առանձնացված չէ ընդհանուր դպրոցից: Ավելին, փոքր-ինչ բարվոք դասասենյակների ճանապարհը հենց այդ մասնաշենքով է անցնում: Բացի այն, որ ռմբակոծության հետեւանքները խեղաթյուրում են նաեւ դպրոցի արտաքին տեսքը, պատերից կախված քարերը, ճոճվող պատուհանների շրջանակները ամեն օր վտանգի տակ են դնում երեխաների առողջությունը:

Արարատի մարզի Երասխ գյուղի դպրոցում սովորում է 116 երեխա:

Արդեն վեց տարի այս համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնած Ռադիկ Օղիկյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ամեն անգամ պաշտոնյաների հետ հանդիպումներում առիթը բաց չի թողել դպրոցի վերանորոգման հարցը բարձրացնելու, սակայն` ապարդյուն: Նրա նախորդներն էլ չեն կարողացել այս հարցը լուծել: Եվ միայն մեկ տարի առաջ է Ռադիկ Օղիկյանը Տարածքային զարգացման հիմնադրամի հետ պայմանագիր կնքել ռմբակոծված մասնաշենքը վերանորոգելու: Դպրոցի առաջին հարկը, սակայն, վերանորոգումից հետո որպես մանկապարտեզ է գործելու: Երասխը մանկապարտեզ էլ չի ունեցել:

Համայնքի ղեկավարն ասաց, որ ռմբակոծված մասնաշենքը կապիտալ վերանորոգելու եւ մանկապարտեզ կառուցելու նախահաշիվը կազմել է 156 միլիոն դրամ, որի տասը տոկոսը համայնքն է ներդնելու: Գյուղապետից տեղեկացանք, որ մանկապարտեզի համար նախատեսված հատվածը որպես գույք համայնքին հանձնելու որոշումը կառավարությունն օրերս է կայացրել: Դպրոցը պետական սեփականություն է, մանկապարտեզը` համայնքային, այդ պատճառով էլ կառավարությունը շենքին նոր կարգավիճակ է տվել:

Երասխ համայնքի դպրոցում եղանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ: Վարչապետը դպրոցում շրջելուց հետո տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարեց դպրոցի մյուս մասնաշենքի բարեկարգման հարցերով էլ զբաղվել: Այստեղ էլ դասարաններից մի քանիսն էին, որ ինչ-որ չափով կարգի բերված էին եւ դաս պարապելու համար՝ պիտանի: Դպրոցի բակը նույնպես անխնամ է, ասֆալտ-բետոնը՝ քայքայված, բուսականությունից զուրկ:

Հնամաշ գույք, քայքայված հատակ, ծեփը թափված պատեր նաեւ Արարատի մարզպետարանի շենքում հանդիպեցինք, որտեղ վարչապետը հանդիպեց մարզպետարանի աշխատակազմի եւ մարզի գյուղապետերի հետ: Մարզկենտրոնն Արտաշատում է, որն ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր է հեռու Երեւանից: Արարատի մարզպետարանի միայն մեկ հարկն էր վերանորոգված, այն հատվածը, որտեղ մարզպետի ընդունարանն է: Վերեւներում, որտեղ նաեւ դահլիճն էր, գույքից սկսած, պատերով ու հատակով վերջացրած՝ հին էին, խորհրդային տարիներից պահպանված:


ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

25.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930