Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանները կիրառում են «էլիտայի» ազատման գրավաչափեր

Սեպտեմբեր 26,2018 14:00

Չորս տարի կալանքի տակ է, դատաքննությունը դեռ չի սկսվել

Արթուր Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործով երկրորդ մեղադրյալի՝ թոշակառու, 86-ամյա Նինա Վարդանյանի մասն անջատվել է եւ քրեական գործի վարույթը կասեցվել: Իսկ ահա Արթուրի գործով սեպտեմբերի 27-ին կշարունակվի նրա պաշտպան Աննա Ջուվանովայի բողոքի քննությունը: Պաշտպան Ա. Ջուվանովան պահանջում է բեկանել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը եւ որոշում կայացնել ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու եւ նրան անհապաղ կալանքից ազատելու մասին: Կալանավորումն անփոփոխ թողնելու դեպքում թույլատրելի համարել գրավի դիմաց իր պաշտպանյալին ազատելու հնարավորությունը: Ա. Ջուվանովան միջնորդության մեջ նշել էր. «Ա.Հարությունյանի վերաբերյալ քրեական գործով դատաքննությունը տեւական ժամանակ է, ինչ ընթանում է եւ տարբեր պատճառաբանություններով ձգձգվում, մինչդեռ պաշտպանյալս գտնվում է կալանքի տակ»:

Նկատենք, որ գրավի չափի որոշելը պաշտպանը թողել է դատարանի հայեցողությանը: Դատարան, որը շեմն արդեն իսկ բարձրացրել է: Հայաստանյան դատարաններում շեմը հասել է հիսուն միլիոն դրամի՝ դառնալով էլիտայի ազատման գրավաչափ: Մեղադրող Մ. Ենգիբարյանն առարկել է պաշտպան Ա. Ջուվանովայի միջնորդության դեմ, նշելով. «Ողջամիտ հիմքեր կան ենթադրելու, որ Ա.Հարությունյանն ազատության մեջ մնալով կարող է կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք»:

Ըստ գործի նյութերի, Ա. Հարությունյանը «նախնական համաձայնության գալով» մոր՝ Ն. Վարդանյանի հետ, «միասնական դիտավորությամբ», պահանջել է մորը զանգահարել տուժող Ա.-ին եւ պահանջել 736.000 ՀՀ դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլար գումար։ Տուժողն իր մասին «արատավորող տեղեկությունների հրապարակումից խուսափելու նպատակով», հարկադրված ամբաստանյալի մորը փոխանցել է պահանջվող գումարից 500 ԱՄՆ դոլար գումարը։ Դրանից հետո երկու անգամ Ն.Վարդանյանը տուժողից պահանջել եւ ստացել է 73.600 ՀՀ դրամին համարժեք 100-ական ԱՄՆ դոլար գումար, 5 անգամ պահանջել եւ ստացել է 20.000-ական ՀՀ դրամի չափով ընդհանուր՝ 100.000 ՀՀ դրամ գումար։

Գործի նյութերում կա մի դրվագ, երբ ամբաստանյալն ու նրա մայրը տուժողին կանչել են «Գինետուն» ռեստորանային համալիր: Նրանք սպառնացել են տուժողին, նրա որդու եւ դստեր նկատմամբ բռնություն գործադրելու, աշխատավայրում, հարազատների շրջանում մտացածին ինտիմ կապի վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, պահանջել 15.000 ԱՄՆ դոլար: Տուժողը դրանից հետո դիմել է ոստիկանություն։

Մեկ այլ դրվագով էլ, ամբաստանյալը կանգառներից մեկում հանդիպել է տուժողին, պահանջել է նստել մեքենան, երբ տուժողը չի նստել մեքենան, նրան սեռական բնույթի հայհոյանքներ է տվել, հարվածներ հասցրել:

Ի դեպ, ամբաստանյալին սպառնում է ազատազրկման ձեւով պատիժ 6-10 տարի ժամկետով, իսկ ամբաստանյալն անազատության մեջ է 4 տարի՝ 2014 թ. հուլիսի 31-ից:

Պաշտպանական կողմի տեղեկացմամբ, ամբաստանյալի մայրը, ով վերջինիս խնամքի կարիքն ունի, տառապում է ծանր հիվանդություններով, մասնավորապես` աթերոսկլերոզով, կատարակտ հիվանդություններով եւ հիմնականում գտնվում է անկողնային վիճակում: Դսեղ համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքի համաձայն, նա միայնակ է, չունի խնամակալ:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, Նինա Վարդանյանի մոտ տեսողության կողմից առկա ախտորոշումը հանդիսանում է խոչընդոտ տարածության մեջ նրա ինքնուրույն նպատակասլաց տեղաշարժվելու համար: Կողմերը միջնորդել էին, հենց այդ հիմքով, ամբաստանյալի կողմից դատական քննությանը ներկայանալու անհնարինության, նրա նկատմամբ քրեական գործի վարույթը կարճել:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի համաձայն, օրենսդիրը որպես քրեական վարույթի հետագա ընթացքի անհնարինության պայմանների շարքին է դասում ամբաստանյալի բացակայությունը` հաշվի առնելով ամբաստանյալի վերաբերյալ ընթացող գործով իր իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության կարեւորությունը։
Դատարանի գնահատմամբ. «Ամբաստանյալի դեպքում, երբ առկա են այլ հիմքեր, որոնք հանդիսանում են քրեական գործի հետագա ընթացքին ամբաստանյալի մասնակցության խոչընդոտ, ապա գործի վարույթը ենթակա է լինում կասեցման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածով»։

Պաշտպանական կողմի դիտարկմամբ. «Ա. Հարությունյանի երկարատեւ կալանքի տակ մնալը արդեն իսկ պատժի տարրեր են կրում»:
Այս գործով մի քանի դատավոր է փոխվել, բուն դատական գործընթացը տեղի չի ունենում, դեռ վիճարկվել են վարույթն անջատելու, կասեցնելու, այլընտրանքային խափանման միջոցը փոխելու հարցերը, ամբաստանյալի գործի քննությունը մինչ կսկսվի, նա արդեն չորս տարի անազատության մեջ է, իսկ եթե դատարանը որոշի վեց տարով ազատազրկում, կստացվի՝ ինչ-որ ավե՞լ է նա նստել, կամ ի՞նչ կլինի, եթե այս գործով նա անմեղ ճանաչվի:

2016 թվականի հունիսի 7-ի դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Ա. Հարությունյանը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված դրվագով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ դիրքորոշում է հայտնել, նշել, որ չի առարկում քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու դրվագով քրեական հետապնդումը դադարեցնել: Ինչին չեն առարկել տուժողն ու դատախազը: Նշենք, որ վաղեմություն կիրառելուց հետո էլ այս գործով քրեական հետապնդումը շարունակվում է:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

25.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930