Հրայր Մաղաքյանն ու Վաղարշակ Մեյրոյանը
բացառիկ գիրք են հրատարակում
Կատովիցեում (Լեհաստան) Սիլեզյան համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Հրայր Մաղաքյանը (լուսանկարում)` տնտեսագիտության թեկնածու Վաղարշակ Մեյրոյանի հետ համահեղինակությամբ հետաքրքիր աշխատության վրա են աշխատում, որը շուտով կհրատարակվի: Գրքի աշխատանքային վերնագիրն է «Արեւելյան մշակույթը Լեհաստան փոխանցելու հայկական գործոնը»: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց լեհաստանաբնակ գիտնական Հրայր Մաղաքյանը, արեւելյան մշակույթ ասելով՝ իրենք նկատի ունեն, թե ինչպես են հայերը թուրքական, պարսկական իշխանության տակ գտնվող արաբական երկրների մշակույթը եւ առեւտրաարդյունաբերական եզրույթները ներմուծել Լեհաստան: «Առեւտրատնտեսական եզրույթների ուսումնասիրության առումով Վաղարշակ Մեյրոյանը` որպես տնտեսագիտության թեկնածու, ուղղակի անփոխարինելի համահեղինակ է: Միասին շատ վերլուծություններ ենք արել, թե հայերն ինչպես են հագուստեղենի տարբեր էլեմենտներ եւ սննդամթերք կազմակերպված ճանապարհով փոխանցել Լեհաստան, խոսել ենք չափման միավորների մասին, որոնք այսօր էլ հայտնի են քիչ թե շատ կարդացած լեհի»,-նշեց մեր զրուցակիցը: Ժամանակին օգտագործվել է հալեպյան չափի միավոր, կշռի միավոր:
Նրանից տեղեկացանք, որ գիրքը պատկերազարդ է, այնտեղ զետեղված են լեհահայ ականավոր գործիչների թեմատիկ ստեղծագործությունների արտատպությունները, 16-րդ դարի կտավների, հայկական մանրանկարների արտատպություններ, Լեհաստանի գրադարանի արխիվներից վերցրած հայկական մանրանկարչության բացառիկ օրինակներ, հայերի` Լեհաստանում օգտագործած Աստվածաշնչերի տիտղոսաթերթեր, սաղմոսագրքերի շապիկներ եւ այլն:
«Փորձել ենք, որ պատկերագիրքը լինի հնարավորինս լիարժեք: Օգտագործել ենք մեր ձեռքի տակ եղած տեքստերի 50 տոկոսը: Սա ավելի շատ գիտական աշխատություն է, բայց աշխատել ենք գրել հանրամատչելի լեզվով, որպեսզի նեղ մասնագիտական չլինի: Գիրքը ավելի շատ կենտրոնացած է գիտական մանրամասների վրա, նաեւ, թե ինչպես են տարբեր լեզուներից շատ բաներ անցել հայերենին ու հայերի միջոցով` Լեհաստան: Իմիջիայլոց, ժամանակին հայերն այնքան են լեհ ազնվականությանը արեւելյան հագուստներ հագցրել, որ դա արտացոլվել է ժամանակի կտավներում ու ծաղրանկարներում: Ռուբենսի մի նկարում Թոմիրիս թագուհին հրամայում է Կյուրոս Բ Մեծի գլուխը թաթախել արյան մեջ: Այդ նկարի առաջին պլանում (համարյա կենտրոնում) առանձնանում է արեւելյան հագուստով կերպարը, որը լեհ է:
Մեկ այլ օրինակ` 1655թ. «Վարկի մահը» կոչվող ծաղրանկարը, որի հեղինակն անհայտ է, ներկայացնում է տարբեր դասի ներկայացուցիչների ողբը Վարկի մահվան առիթով: Կենտրոնում ողբում է հայ (ORMIANIN – մակագրությամբ) վաճառականը, որը չի կարող առեւտուր անել: Օգտագործել ենք նաեւ հայակենտրոն Լվովի, այլ քաղաքների հայկական համայնքների դրվագների լուսանկարները, որոնք պահպանվել են հատկապես Ուկրաինայում»,- ասում է Հրայր Մաղաքյանը:
Նա հավելում է, որ իր համար հատկապես բարդ է հետազոտության հայացման գործը. «Հայերը Լեհաստան փոխանցելով մշակույթը, չեն հոգացել, որ դա նաեւ հայկական մտածողության մեջ մտնի: Եթե ես Լեհաստանում ասում եմ սարմատ, ապա ամեն լեհ գիտի, թե սարմատն ինչ է, կամ եթե ասում եմ Կազիմիր Մեծ, բոլորը գիտեն, թե ով է նա, ինչ արտոնություններ է շնորհել Լեհաստանի հայերին, ինչ դերակատարություն է ունեցել նրա հրամանագիրը հայերի համար:
Մեկ այլ եզրույթ` միջնադարյան Լեհաստանում գոյություն ունեին Կոնստիտուցիաներ, դրանք Լեհաստանի այն ժամանակվա սեյմի որոշումների ժողովածուներն էին: Դա չենք կարող թարգմանել որպես սահմանադրություն: Ստիպված ենք այդ բառն էլ օգտագործել` համապատասխան մեկնաբանությամբ: Կամ Լեհաստանում կա հայկական թուր` szabla ormianska, բայց արդյոք դա հայկակա՞ն է, թե՞ հայկական չէ, ոչ ոք չգիտի: Կա նաեւ Կարաբելա, որը ստուգաբանելիս մի ճանապարհը տանում է թուրքական քարա բալա` սեւի իմաստով, մյուս ճանապարհը տանում է Քարաբալա արաբական քաղաք: Այստեղ խնդիրն այն չէ, թե դրանք որ լեզվից են փոխ առնվել, այլ այն, որ դրանք լեհական մշակույթ ներդրել են հայերը: Նույնն էլ վերաբերում է արեւելյան հալվային եւ ռահատ լոխումին, Լեհաստան մտած շաֆրանին, որ մինչ այսօր օգտագործվում է: Հայերին զուգահեռ այդ ամենը ներմուծել են հույները, հրեաները, պարսիկները, բայց հայերի թիվն այնքան մեծ է եղել Լեհաստանում, որ հայկական գործոնը դոմինանտել է»: Հրայր Մաղաքյանը փաստում է, որ չնայած հնագույն ժամանակներից եղած հայ-լեհական բազմաթիվ առնչություններին, այսօր Հայաստանն, իր խոսքերով, Լեհաստանում գոյություն չունի. «Երկու երկրներն ունեն համագործակցության աննկարագրելի հնարավորություններ, սակայն այսօր Հայաստանը Լեհաստանում ասոցացվում է Ռուսաստանի հետ: Իսկ, օրինակ, Վրաստանը հայտնվեց լեհական կյանքում, երբ հրաժարվեց Ռուսաստանից»: Նա նաեւ փաստում է, երբ 39 թ Խորհրդային Միությունը Լվովը վերցրեց Լեհաստանից, իսկ այն հայահոծ էր, հայերը անհետացան լեհական կյանքից ու այդ մասին այն տարիներին չբարձրաձայնվեց, որովհետեւ դա կարող էր դիտարկվել որպես ազգայնականություն:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
25.09.2018