Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնստանտին Սիմոնյանը՝ Նժդեհին հիշեցնող պապի, ստալինյան բռնաճնշումների եւ իր կայացման դժվարին ուղու մասին

Սեպտեմբեր 26,2018 12:30

Մեր մշակույթը 1940-ականների հայրենադարձության շնորհիվ ունեցավ անհատներ, որոնք հետագայում պետք է աշխարհում հնչեցնեին Հայաստան անունը. օպերային արվեստում՝ ծնունդով Եգիպտոսից Գոհար Գասպարյան, Արմինե Թութունջյան, Միհրան Երկաթ, Սիրիայից՝ Աննա Նշանյան եւ այլն:

Օպերային թատրոնի հատուկ հանդիսությունների սրահում սեպտեմբերի 26-ին կկայանա երեկո՝ նվիրված Ռումինիայում ծնված օպերային բարիտոն, ՀՀ վաստակավոր արտիստ Կոնստանտին Սիմոնյանի ստեղծագործական գործունեության կեսդարյա հոբելյանին:

«Առավոտի» հետ զրույցում Կոնստանտին Սիմոնյանը հայտնեց, որ իր ընտանիքը Բուխարեստից հայրենադարձվել է 1948թ., 1949-ին աքսորվել Ալթայի երկրամաս: Մանրամասնելով էլ ասաց. «Պապս՝ Ասատուր Սիմոնյանը, Բուխարեստի հայ համայնքի առաջնորդներից էր եւ արտաքնապես աննկարագրելի նման էր Գարեգին Նժդեհին: Պապս, հայրս, հորեղբայրս, մեղմ ասած՝ վստահություն չէին ներշնչում, իսկ ավելի ճիշտ՝ ընկալվում էին որպես լրտես: Չմոռանանք, որ Ռումինիան դաշնակից էր Գերմանիային, իսկ Սիմոնյանները կազմակերպում էին դրամահավաք զինվորների սննդի, դեղորայքի, հագուստի կարիքները հոգալու համար: Հիշում եմ, որ գումար էին տալիս գերմանացիներին ու դրա դիմաց ազատ արձակում հայ գերիներին»: Հետո էլ հավելեց. «9 տարի դեգերել ենք: Ալթայի երկրամասում ապրում էինք անտառում, անմարդկային պայմաններում: Հիշելուց անգամ սարսռում եմ: Հետո արդեն 1953թ.՝ Ստալինի մահից հետո պայմանները իբր բարելավվեցին, տեղափոխեցին մարդկանցով բնակեցված ռուսական մի գյուղ: Իսկ 1955թ. մեր ընտանիքի հասցեն փոխվեց, այս անգամ՝ Ղազախստան: Բախտներս բերեց, երբ այդ տարի Ամենայն հայոց կաթողիկոս ձեռնադրվեց Վազգեն Առաջինը, որն իմ հոր՝ Սիմոն Սիմոնյանի մտերիմներից էր: Նրան շուրջ 3 տարի պահանջվեց գտնելու Ռումինիայից հայրենադարձված ու աքսորի ճանապարհը բռնած իր մյուս ընկերներին: Եվ վերջապես վեհափառի օգնությամբ 1958-ին «հասանք» հայրենիք: Ես արդեն 14 տարեկան էի: Բնականաբար, հաճախեցի դպրոց, զուգահեռ բանվորություն էի անում՝ օգնելու հորս՝ ընտանիքի հոգսերը թեթեւացնելու նպատակով… Ապա ինձ լսեց վոկալի անվանի մանկավարժ Թամար Շահնազարյանը, հրավիրեց Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի իր դասարանը: Այստեղ էլ ծանոթացա այն տարիների օպերային թատրոնի գլխավոր խմբավար Գրիգոր Սանդալջյանի հետ, որն էլ ինձ 1968թ. հրավիրեց թատրոնի երգչախումբ: Այսպես սկսվեց օպերային երգչի կարիերաս»:

Զրույցի ընթացքում արվեստագետը հիշեց նաեւ կոնսերվատորիայում, դարձյալ տիկին Շահնազարյանի դասարանում ուսանած տարիները: Ասաց, որ 1971-ից ներգրավվել է ներկայացումներում՝ երկրորդական եւ երրորդական դերերգերով, իսկ 1985-ից վստահել են գլխավոր դերերգեր: Գործունեության տարիներին հանդես է եկել շուրջ 25 ներկայացումներում՝ կերտելով տարբեր կերպարներ՝ Մոսիից մինչեւ Արշակ Բ, Իշխան Թաթուլ ու Մարգար, Էսկամիլիո, Յագո, Ժերմոն, Ալեկո… Բեմից հեռացել է 2013-ին, վերջին դերերգը Արշակ Երկրորդն էր՝ Չուխաջյանի համանուն օպերայում: Հայ բարիտոնը ժամանակին հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի օպերային թատրոններում:

Կոնստանտին Սիմոնյանը՝ տարբեր կերպարներում:

Դիտարկմանը՝ թատրոններում ինտրիգներն անպակաս են, ինչից դուք էլ չէիք կարող խուսափել, մեր զրուցակիցը պատասխանեց կարճ եւ կոնկրետ, առանց անուններ բարձրաձայնելու. «40 տարեկանում ես դարձա թատրոնի առաջատար մեներգիչ՝ կորցնելով 12 տարի, չնայած այն հանգամանքին, որ օրինակ՝ թատրոնի գլխավոր դիրիժորը՝ Արամ Քաթանյանը, պրոֆեսորս էր, նրանից առաջ՝ Սուրեն Չարեքյանը… Մեներգչի հաստիքի համար մե՜ծ պայքար էր գնում, իսկ այդ հարցերը տնօրինում էր կամ որոշում թատրոնի գեղարվեստական խորհուրդը…»:

Այսօր Կոնստանտին Սիմոնյանը թատրոնում է՝ բեմական եւ վոկալ արվեստի մասնագետի կարգավիճակով, պրոֆեսոր է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Նրա սաներից ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Բաբայանցը եւ Տիգրան Կոնինյանը կմասնակցեն իրենց պրոֆեսորի հոբելյանական երեկոյին՝ Կոնստանտին Սիմոնյանի երկարամյա կոնցերտմայստեր Զարուհի Թոփչյանի ընկերակցությամբ:

Հարցին՝ ի՞նչ կարծիք ունի օպերային թատրոնի մերօրյա մեներգիչների մասին, երգիչը պատասխանեց. «Վաղուց աշխարհին հայտնի է հայկական վոկալ դպրոցի հռչակը, հեղինակավոր թատրոններում սպասված հյուրեր են մեր թատրոնի գոնե տասը մեներգիչ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

25.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930