Գյումրու ծննդատուն ՓԲԸ-ն, որի տնօրենի թափուր պաշտոնի շուրջ մի քանի ամիս է ինտրիգները չէին դադարում, այսօրվանից նոր ղեկավար ունի։
Այսօր տնօրեն է նշանակվել 35-ամյա Էդգար Սուքիասյանը։ Տնօրենի պաշտոնին հավակնել են չորս հոգի, որոնցից, սակայն, երկուսը չեն ներկայացել մրցույթի։
Գյումրու ծննդատան կոլեկտիվն առանձնահատուկ է նրանով, որ համախմբված ոչ բոլորին են թույլատրում զբաղեցնել տնօրենի պաշտոնը․ թավշյա հեղափոխությունը դեռ չսկսված՝ հեղափոխություն սկսվեց ծննդատանը․ Շիրակի այդ ժամանակվա դաշնակցական մարզպետ Արթուր Խաչատրյանի որոշմամբ տնօրեն էր նշանակվել էնդոկրինոլոգ Արմինե Էլբակյանը, սակայն վերջինս, 3 օր պաշտոնավարելով, հրաժարվել էր։
Aravot.am-ի հետ զրույցում Արմինե Էլբակյանն ասել էր․ «Ինձ լավ չընդունեցին, տնօրենի պաշտոնից հրաժարվեցի»։
Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Էդգար Սուքիասյանը մեր բժիշկն է, մեր պատրաստած կադրն է, նա մեզ մոտ անցավ իր կլինիկական օրդիանատուրան ու մնաց, աշխատեց որպես բժիշկ։ Մի խոսքով՝ մեր սրտով է, մերն է, ինչքան լավ բան ունի, մեզանից է սովորել, ինչքան վատ բան ունի, էլի մեզանից է սովորել։
Միայն թե գիտեք, Գյումրու ծննդատունը պարտքեր ունի, շենքը վերազինման կարիք ունի։ Եվ այս ամենը սկսվել է նրանից, որ մեր կարծիքն անտեսելով՝ անհիմն կերպով բացեցին երկրորդ ծննդօգնությունը Գյումրիում, կիսվեց հիմնարկի ֆինանսավորումը և քիչ-քիչ ընկավ պարտքերի մեջ, և քանի որ պետական ոչ մի աջակցություն մինչև էսօր չի ստացել ո՛չ շենքի վերանորոգման, ո՞չ գործիքասարքավորումների թարմացման համար, այդ պատճառով հայտնվել է բավական ծանր վիճակում։ Բայց, քանի որ կա ծրագիր Գյումրիում ծննդօգնությունը մի տեղ՝ «Սամարիթեր» հիվանդանոցի նախկին շենքում կազմակերպելու, վստահ ենք, որ ամեն ինչ կկարգավորվի, կունենանք կարգին, ժամանակակից ծննդօգնության հիմնարկ»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ