«Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնող խմբի հանդիպումը վանաձորցիների հետ սկսվեց քայլերթով: Մինչ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատ հասնելը խմբի, անդամները քայլերթ իրականացրեցին քաղաքի Տիգրան Մեծ պողոտայով, վանաձորցիներին հրավիրելով հանդիպման: Խմբի անդամներին մարզկենտրոնում դիմավորեցին աղ ու հացով:
Արդեն հանդիպման վայրում, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը խոսելով կազմավորվող «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության մասին, ասաց, որ իրենք մշակել են 3 կետից բաղկացած ծրագիր, որը պատրաստվում են կյանքի կոչել. «Մենք պետք է առաջին քայլ կատարենք, եւ Արցախը հանրաքվեով պետք է միավորվի ՀՀ-ի հետ: Երկրորդը, մերժելով տարածաշրջանային ճարտարապետությունը ձեւավորված ռուս-թուրք պայմանագրերը: Եթե մենք ուզում ենք ազգային պետություն ստեղծել, պահպանել մեր նախնիներից ժառանգածը եւ վերատիրանալ մեր ունեցածին, մենք պարտավոր ենք լինել ազատ ու ինքնիշխան ազգային պետություն: Իսկ դրա համար մենք պետք է ձերբազատվենք ռուսական գաղութատիրությունից: Առաջին հերթին պետք է չեղյալ հայտարարենք ԱՊՀ պայմանագիրը: Եվ հաջորդը կետը դա՝ Կուր-Արաքսյան հանրապետությունն է: Այսինքն, Նախիջեւանի ազատագրումը, վերահայացումը եւ Կուրի աջ ափի վերահայացումը»:
Խոսելով կուսակցության ձեւավորման, զարգացման ու գաղափարախոսության մասին, Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ թեեւ առաջիկայում «Սասնա ծռերը» կոչվելու է կուսակցություն, սակայն բովանդակությամբ այն շարունակելու է մնալ որպես շարժում. «Մենք ժողովուրդների հետ պայքարել ենք, եւ վերջապես հասել ենք այն հանգրվանին, որ այսօր հնարավոր է մեր պատկերացրած ու երազած ազգային կառույցը ձեւավորել: Մի կառույց, որը եթե 20-25 տարի առաջ գոյություն ունենար, մենք այսօր բոլորովին այլ Հայաստան կունենայինք»:
Սեֆիլյանն իր խոսքում նշեց, որ իրենք պատրաստվում են աջակցել Նիկոլ Փաշինյանին. «Մենք պարոն Փաշինյանի հետ միասնաբար, ամբողջությամբ նեցուկ կանգնելով նրա թիկունքին, առնվազն հասնելու ենք մինչեւ ազատ ու անկախ ԱԺ ընտրությունների շեմին: Եվ միասնաբար իրականացնելու ենք քաղաքական դաշտի նոր ձեւավորումը, իսկ թե ինչպիսին է լինելու այդ պատկերը, դա կորոշի մեր ժողովուրդը: Բայց ամենակարեւորն այն է, որ մենք եւ հեղափոխական մյուս ուժերը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գիտակցում ենք, մինչեւ չձեւավորվի քաղաքական դաշտ, որից զրկված ենք եղել 20-25 տարի, մենք երբեք հակառակորդներ կամ նույնիսկ մրցակիցներ չենք կարող լինել: Մենք ձեռք-ձեռքի հասնելու ենք այդ հանգրվանին: Դրանից հետո նույնպես կարծում եմ, որ մենք չենք կարող հակառակորդներ լինել»:
Մանրամասները շուտով՝ տեսանյութում:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ