Հոկտեմբերի 8-ից 13-ը, զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն, ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում կանցկացվի ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն` մարտական հրաձգությամբ:
Զորավարժության թեման է՝ «Զորամասերի և ստորաբաժանումների բերումը մարտական պատրաստականության աստիճանի: ՀՀ պետական սահմանի պահպանության ուժեղացում, ՀՕՊ ուժերի ու միջոցների կիրառում, պաշտպանողական մարտի նախապատրաստում և վարում»:
Զորավարժության նպատակն է կատարելագործել համահավաք գնդի և գումարտակների հրամանատարների գործնական ունակությունները, ապահովել անձնակազմի գործողությունների ներդաշնակումը ստորաբաժանումների ղեկավարման, մարտական պատրաստականության աստիճանի բերման և պաշտպանողական մարտ վարելու ժամանակ:
Զորավարժության նախապատրաստական աշխատանքների շրջանակում սեպտեմբերի 25-ին ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի գլխավորությամբ Բաղրամյան զորավարժարանում անցկացվել է տեղազննություն, հստակեցվել են միասնական գործողությունների պլանով նախատեսված միջոցառումները, ճշգրտվել են համապատասխան աշխատանքային խմբերի կազմերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն