Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարը ՖԿՀՊԻ-ում դասախոսների հետ խոսեց մարզական տերմինաբանությամբ

Սեպտեմբեր 25,2018 21:25

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում «Սպորտ ԿԱԲ» գիտահետազոտական նորարարական կենտրոնի բացմանը ներկա գտնվելուց հետո շրջեց ինստիտուտի տարածքում, հետեւեց դասապրոցեսին, թանգարանում ծանոթացավ մարզական միակ բուհի պատմությանը: Վերջում նախարարը հանդիպեց պրոֆեսորադասախոսական կազմին:

Ռեկտոր Վահրամ Առաքելյանը նախարարին ծանոթացրեց ինստիտուտում իրականացվող դասավանդման եւ գիտական աշխատանքներին, միջազգային համագործակցությանը, ներկայացրեց խորհրդի անդամներին՝ նշելով, որ վերջին տարիներին կադրերի երիտասարդացում է ընթանում: Դասախոսները նախարարին ներկայացրին նաեւ առկա խնդիրները:

Նախարարը հետաքրքրվեց, թե մարզական միակ մարզական բուհում արտասահմանցի, այլ ոչ թե սփյուռքահայ քանի՞ ուսանող է սովորում: Պատասխանը նրան չգոհացրեց: «Ասում եք, որ երեք տարի առաջ փոխայցելություններ ենք ունեցել: Այդ հնարավորությունները պետք է օգտագործվեին ներգրավելու համար: Այսօր կենտրոնի բացումը, իհարկե, ձեր բուհը կարող է այլ մակարդակի բարձրացնել, եթե այն լավ օգտագործվի: Ես շատ եմ դրա մասին ասում. բուհերը դադարել են հետազոտական կենտրոն լինելուց, իսկ դա ընդհանուր կրթության որակի վրա է ազդում: Առանց հետազոտության, չկա կրթություն: Մարզական տերմինաբանությամբ ասեմ: Եթե մասնագետը հետազոտություններ չի իրականացնում, վատ մարզավիճակում է լինում: Դա անմիջապես ազդում է ուսանողի վրա, կրթության որակի վրա:

Բուհերը պետք է վերածվեն գիտահետազոտական կենտրոնների: Հայաստանում ձեր բուհը մյուսներից առանձնանում է նրանով, որ եզակի է, ու դա լրացուցիչ շանսեր է ձեր համար ստեղծում: Պետք է օգտագործել այդ շանսերը: Այսօր կարող ենք ասել, որ ՀՀ-ում բուհերի մեծ մասը չի համապատասխանում այն ստանդարտներին, որ աշխարհում կան: Այս ուղղությամբ կրկնակի, եռակի աշխատանք պետք է կատարենք, որպեսզի միջին մակարդակին կարողանանք համապատասխանել: Ինչ-որ մասնագիտություններով, ուղղություններով ունենք շատ լուրջ հաջողություններ, բայց դա, իհարկե, բավարար չէ: Ու, կարծում եմ, յուրաքանչյուրը՝ ինձանից սկսած, վերջացրած առաջին կուրսի ուսանողով, ամեն օր պետք է աշխատի իր վրա: Առանց անհատի վերափոխման, մենք միանշանակ ոչ մի ոլորտում հաջողություն չենք ունենալու՝ հատկապես կրթական համակարգում»,-հայտարարեց նախարար Արայիկ Հարությունյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930