Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանյան հասարակությունը ոչ այնքան ամբողջական է ծանոթ Ադրբեջանում հայատյացության մակարդակին. Արցախի ՄԻՊ

Սեպտեմբեր 25,2018 18:40

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հանդես է եկել «Հայատյացությունն Ադրբեջանում. կազմակերպված ատելության խոսքն ու թշնամությունն ընդդեմ հայերի» հատուկ զեկույցով:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ զեկույցում ներկայացվելու է փաստահավաք գործունեության արդյունքները՝ Ադրբեջանում առկա հայատյացության վերաբերյալ:

«Փաստահավաք գործունեությունը մենք սկսել ենք ապրիլյան պատերազմի առիթով: Հիմա, ըստ էության, ավարտում ենք աշխատանքը՝ ներկայացնելով դրա արդյունքները: Մենք այս զեկույցի շրջանակներում փորձել ենք փաստերը համադրել իրավունքի հետ:

Ադրբեջանում հայատյացությունը կազմակերպված քաղաքականություն է և ատելության խոսքի կազմակերպված դրսևորում: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ մենք այս աշխատանքը իրականացնելով, ցանկանում ենք հղել երեք հիմնական ուղերձ»,- ընդգծեց Ռ. Մելիքյանը:

Նա նշեց, որ հայաստանյան քաղաքացիական հասարակությունը ոչ այնքան ամբողջական է ծանոթ Ադրբեջանում հայատյացության մակարդակին. «Օրինակ երևանյան քաղաքացիական հասարակության օրակարգում, կարծես թե, այս խնդիրը առաջնային դեր չի կատարում, սակայն իմ կարծիքով դա պետք է ավելի մեծ դեր ունենա»:

Ըստ Արցախի ՄԻՊ-ի, Ադրբեջանի կողմից կազմակերպված ատելությունն ուղղակի ատելության մակարդակում չի մնում և շատ ավելի ծանր հետևանքներ է բերում, այդ իսկ պատճառով հայաստանյան հասարակությունը պետք է այդ երևույթների մասին շատ ավելի տեղեկացված լինի:

«Երկրորդը, մենք պետք է միջազգային հանրությանը հնարավորինս մատչելի կարողանանք հրամցնել այն օբյեկտիվ տեղեկատվությունն, որն առկա է: Եվ երրորդ, մեզ չպետք է թույլ տանք ատելության պատասխան դրսևորումներ: Մեզ համար սկզբունքորեն ընդունելի չէ հակադարձ ատելության դրսևորումը հայ հասարակության կողմից»,- նշեց Ռ. Մելիքյանը:

Փորձագետ Անժելա Էլիբեգովան, անդրադառնալով խնդրին, իր հերթին նշեց, որ 19-րդ դարի վերջից ադրբեջանցիների ինքնագիտակցության հիմքում ընկած է հայերի հետ հակադրվելու գաղափարը, և այդ հակադրությունը ադրբեջանցիների շրջանում բերել է բացասական վերաբերմունքի ձևավորման: «Սովետական շրջանում այն ծպտյալ բնույթ էր կրում՝ եղբայրության և ազգերի բարեկամության ֆոնին, սակայն ամեն դեպքում գիտենք, որ կենցաղային մակարդակում դա առկա էր: Իսկ Ադրբեջանի անկախությունից հետո հայատյացությունը որդեգրվեց որպես պաշտոնական քաղաքականություն և որպես գաղափարախոսություն:

«Ըստ իս, խնդրի ամենալուրջ դրսևորումներից մեկը երեխաների հանդեպ հոգեբանական բռնությունն է, որոնց մանկուց տարբեր միջոցներով սովորեցնում են ատել հայերին»,- ասաց Ա. Էլիբեգովան:

Նա նշեց, որ Ադրբեջանի իշխանությունը խնդրին լուծում չի պատրաստվում տալ, քանի որ նրանց հասարակությունը հայատյացությամբ արդեն վարակված է, և այդ երևույթի դրսևորումները կարելի է տեսնել ամեն օր:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930