ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում ներկա եղան «Սպորտ ԿԱԲ» գիտահետազոտական նորարարական կենտրոնի բացմանը: Տարածաշրջանում գիտահետազոտական այս միակ ստեղծվել է ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրով՝ բուհին տրամադրված Նորարարությունների մրցակցային հիմնադրամի Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտում մասնագիտական կրթության արդիականացում եւ բարելավում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
Լրագրողների հետ ճեպազրույցում ԿԳ նախարարը նշեց, որ տպավորված է կենտրոնի հնարավորություններով: «Այս կենտրոնը ոլորտը մի քանի աստիճան վեր է բարձրացնում: Նոր կառավարությունը եւ ԿԳՆ-ն ցանկանում են, որպեսզի բուհերը վերածվեն նաեւ հետազոտական գիտական կենտրոնների: Եվ այս սարքավորումները, որ ներդրվել են, թույլ են տալիս հետազոտել մարզիկին տարբեր պարամետրերով, կատարել շտկումներ եւ բարելավել նրանց արդյունքները: Այսպիսի կենտրոն չենք ունեցել եւ սա տարածաշրջանում միակն է: Սա մեզ կօգնի բարձրացնել մարզիկների ցուցանիշերը, կօգնի բարձրացնել այս ինստիտուտի վարկանիշը: Գիտեմ, որ լավ սարքավորումներ եւ լաբորատորիա ունի Բժշկական համալսարանն իր վերականգնողական կենտրոնում, բայց սա կոնկրետ մարզիկների, այս ոլորտի համար է եւ դրանով առանձնանում է»,-ասաց Ա. Հարությունյանը:
Օգտվելով առիթից, որ գտնվում էինք մարզական կրթական օջախում, Aravot.am-ը Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչ կասի հանրակրթական դպրոցներում ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդման վիճակի մասին: «Ստեղծված է աշխատանքային խումբ, որը քննարկում է դպրոցում ֆիզկուլտուրայի զարգացման տարբեր մոդելներ, որովհետեւ այն մոդելները, որոնք այսօր կան, որոշ չափով անարդյունավետ են՝ կապված մեր դպրոցներում հզորությունների բացակայության հետ: Ներկայումս կառավարությունը գույքագրում է իր բոլոր հնարավորությունները՝ դահլիճները, մարզական սրահները, որպեսզի օպտիմալ տարբերակ առաջարկի եւ առհասարակ հանրակրթական դպրոցներին եւ մարզադպրոցներին՝ օգտագործելով այն հնարավորությունները, որ ունի տվյալ համայնքը տվյալ մարզաձեւի առումով: Խրախուսելու ենք խմբակների ստեղծումը, գուցե նաեւ մարզական եւ դահլիճային հնարավորությունների բացակայության պայմաններում գտնենք մեթոդներ, որպեսզի ֆիզկուլտուրան լիարժեք դասավանդվի դպրոցներում», – ասաց նախախարը եւ, ըստ էության, չժխտեց մեր այն դիտարկումը, որ դպրոցների մեծ մասում սերունդը մեծանում է առողջական խնդիրներով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ