Արագ ու ճիշտ զարգացման մեր միակ շանսը Ազգային Ժողովի նոր ընտրություններն են:
Ընդ որում՝ որքան շուտ, այնքան լավ, քանի որ.
1.Ընտրությունները դարձյալ կանցնեն բացառիկ ազատ ու արդար, քանի որ ներկայումս գործադիր իշխանությունը չունի ընտրությունները կեղծելու ոչ կարիքը, ոչ էլ ցանկությունը:
2.Դատական համակարգը անտեր է, բայց ոչ անկախ: Ծայրաստիճան կոռումպացված տասնյակ դատավորներ դեռ պաշտոնավարում են, իսկ խորհրդարանի անառողջ վիճակը թույլ չի տալիս ԲԴԽ-ի և այլ իրավական մեխանիզմների միջոցով մաքրել այլանդակված ու ախոռացած դատարանները:
3.Անորոշությունից ծանր վիճակում հայտնված ու պարալիզացված տնտեսությունը շանս կստանա աշխուժանալու: Գործադիր իշխանության տարվող աշխատանքը միայն այդ պարագայում կբերի մարդկանց համար շոշափելի եկամուտներ:
4.Իրավաքաղաքական ներկայիս աբսուրդ վիճակը կվերանա: Երբ կառավարությունը ղեկավարում է մի ուժ, իսկ խորհրդարանում մեծամասնություն են հակոտնյա ուժերը, պետական կառավարումը դառնում է ահավոր անարդյունավետ:
5.Ներկայիս իշխանությունը կարիք ունի նոր ու առողջ ընդդիմության: Խորհրդարանական արտահերթ ընտրությունների հրատապությունը նաև այդ նպատակի համար է:
6.Ի վերջո ժողովուրդը վերջնականապես կազատվի սրտնխառնոց առաջացնող նախկին բազմաթիվ դեմքերից և հնարավորություն կունենա շատ հստակ պահանջներ դնել իր ներկայիս կառավարիչների առաջ:
Ահա միայն վեց ակնհայտ պատճառ, թե ինչու է ժողովրդի համար վնասակար ներկայիս Ազգային ժողովի գործունեության ամեն մի լրացուցիչ օրը: Այս պատճառներն ու հիմքերը կարելի է դեռ շատ երկար շարունակել…
Կարեն ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան