Մի քանի անգամ ՀՔԾ է հրավիրել ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանը: Նա մասնակցել է քննչական գործողությունների՝ հարցաքննության, փորձաքննության եզրակացությունների է ծանոթացել:
Aravot.am-ի հետ զրույցում Լեւոն Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանն ասաց, որ Երանոսյանի նկատմամբ մեղադրանք առաջադրված չի, նա կասկածյալ է եւ ՀՔԾ է հրավիրվել 2018-ի ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում եւ 22-ին Արցախի փողոցի սկզբնամասում տեղի ունեցած բախումների ընթացքում հատուկ միջոցներ կիրառելու գործով:
Երանոսյանին կասկածում են Քրեական օրենսգրքի 309 հոդվածի հատկանիշներով, այն է՝ ոստիկանության զորքերի հրամանատար լինելով՝ պաշտոնեական լիազորությունները հնարավոր է՝ անցել է։
Մեր հարցին՝ Լեւոն Երանոսյանն ընդունո՞ւմ է իր մեղավորությունը՝ փաստաբանը պատասխանեց, որ մեղադրանք չկա, իսկ կասկածը չի ընդունում: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Թե քանի անգամ է Երանոսյանը հրավիրվել ՀՔԾ՝ Տիգրան Սաֆարյանն ասաց, որ քանակը չի կարող ասել, բայց մի քանի անգամ է եղել. «Գործողություններ են կատարվել, հարցաքննություններ, փորձաքննությունների եզրակացություններին ծանոթացումներ, 2-3 անգամ, եթե չեմ սխալվում»:
Մեր հարցին՝ 309 հոդվածը նշանակում է պաշտոնական լիազորությունների անցում, այսինքն, Լեւոն Երանոսյանը չի՞ ընդունում, որ հատուկ միջոցներ կիրառելով՝ չարաշահել է իր լիազորությունները՝ փաստաբանը պատասխանեց. «Դա կասկածանք է, մեղադրանք չկա ձեւակերպված, որ իրավական կողմը նայենք: Այն կասկածանքը, ինչ ներկայացվել է, չէ, չի ընդունել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ