«Լկտիներին, սրիկաներին ու մնացածներին զգուշացնում եմ՝ այս ընտրությունների ժամանակ թիրախային հարձակումների է ենթարկվել ԲՀԿ-ն եւ Նաիրա Զոհրաբյանը՝ սեռական բնույթի հայհոյանքներով, խայտառակ բաներով…Սերժ Սարգսյանի ժամանակ սա՝ համացանցային հայհոյանքը, չկար»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավում ԲՀԿ-ի դեմ իրականացված ակաքարոզչությանը, ասաց ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:
Նրա խոսքով՝ հայհոյանքներից բացի, համացանցում տեղադրվում էին նյութեր, թե ԲՀԿ-ականները ընտրակաշառք տալիս են բռնվել. «Գիտեի, որ դա հատուկ՝ ծրագրավորված է արվում, քանի որ նորընտիր իշխանությունները մտածում էին, որ իրենց հակառակորդը լինելու է ԲՀԿ-ն: Հասան իրենց նպատակին եւ բավականին ձայներ խլեցին սոցցանցային «ֆեյքերով»…կասկածում եմ, որ պետական մարմիններն էին խառնված դրան, քանի որ ոչ մի դեպք այդպես էլ չբացահայտվեց ու չհայտնաբերվեց»:
Գուրգեն Եղիազարյանն իշխանությունների կողմից թերություն է որակում այն փաստը, որ կաշառքի կասկածանքով երկու հարյուրից ավելի ԲՀԿ-ականներ քարոզարշավի ընթացքում բերման են ենթարկվել. «Վստահ եմ, որ այդ դեպքերը չեն ապացուցվելու: Եթե ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը մինչ օրս «ֆեյքերի» աշխարհից չեն հայտնաբերել հայհոյող-սրիկաներին…նրանք պետք է պատժվեն՝ մարդկանց զգացմունքների վրա խաղալու փորձի համար: Ինձ էլ են սեռական հայհոյանքներ տվել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ