«Փաշինյանին լուրջ ճամփաբաժան է սպասվում, քանի որ նա հաստատեց Հայկ Մարությանի խոսքերն առ այն, որ քաղաքական դաշտում «սեւեր» եւ «սպիտակներ» կան»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Իմ քայլը» դաշինքի հավաքներում ելույթներին, ասաց ՀՀ ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գուրգեն Եղիազարյանը: «Նման կերպ արտահայտվելը դավաճանության հիմք է, այդ ջրբաժանը բերելու է բախման, իսկ մենք շատ չլուծված հարցեր ունենք, այդ թվում՝ Արցախում»,-նկատեց նա:
Եղիազարյանի բնորոշմամբ՝ «ասֆալտին փռելու» մասին հայտարարելուց հետո Փաշինյանը հասկացավ, որ հետագայում իրեն կարող են վերագրվել քրեական օրենսգրքի որոշ հոդվածներ, քանի որ դրանք բռնությունների կոչեր էին, որոնք նա առաջին անգամ էր անում. «ՀՀ մյուս ղեկավարներից որեւէ մեկը իրեն թույլ չէր տվել հակառակորդների հասցեին ասել «գլուխները պատերով տալու» արտահայտություններ»:
Եղիազարյանը հավելեց. «Սա արդեն լուրջ է: Կարծում եմ՝ Փաշինյանին հասկացրին, որ չի կարելի նման բաներ ասել, ավելի լավ է՝ ծածուկ անի, այդ պատճառով նրա հռետորաբանությունը մեղմացավ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ