«Առավոտից շրջել եմ շատ ընտրատեղամասերում: Որեւէ ընտրատեղամասում չեմ տեսել խուլիգանի, խուժանի, թաղային հեղինակության, կասկածելի դեմքով մարդկանց, որոնք պետք է հարեւաններին ուղղորդեին: Հպարտ եմ, որ ի վերջո մեր երկրում նման ընտրություններ կայացան»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներին, ասաց ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետի նախկին տեղակալ, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը:
Նա ուրախ է, որ այս անգամ «հանգուցյալները» չեն մասնակցել ընտրություններին. «ՀՀԿ-ն այնքան հանգուցյալներին գերեզմաններից բերեց տեղամասեր, որ նման վախճան ունեցավ…կամ էլ Սերժ Սարգսյանը ցանկացավ այդ վախճանը ձեւակերպել»:
Գուրգեն Եղիազարյանը տվյալներ ունի այն մասին, որ որեւէ քրեակատարողական հիմնարկից որեւէ մեկին «չեն ազատել», որպեսզի իր թաղում զբաղվի թիմակից-թաղային հեղինակությունների ուղղորդմամբ. «Այս ընտրություններում թմրամոլներ ու հանցագործներ չկային»:
Գուրգեն Եղիազարյանի խոսքով՝ ձայների մեծամասնությունը ստացած «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանն իրականում չի ընտրվել քաղաքապետ. «Նա կապ չունի Երեւանի հետ, վարչապետն է ընտրվել քաղաքապետ: Ի՞նչ է սպասվում Երեւանին, ապրենք՝ կտեսնենք: Տարոն Մարգարյանն ու Մարությանը նման են իրար. երկուսն էլ անփորձ էին եւ առաջին անգամ էին անցնում այդ ճանապարհը: Տարոն Մարգարյանի օրոք Երեւանը չքանդվեց, Մարությանի օրոք էլ չի քանդվի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ