Վաղը Շիրակի պետական համալսարանում կանցկացվի «Խաղաղության գինը» խորագրով միջոցառում, որը նվիրված է հայ սպա Գուրգեն Մարգարյանի ծննդյան 40-ամյակին: Հիշեցնենք, որ մեր սպային 2004 թվականին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական դասընթացներին մասնակցելիս՝ քնած վիճակում կացնի 16 հարվածով սպանել էր Ռամիլ Սաֆարովը, որին այս ոճրագործ արարքի համար Ադրբեջանում հերոսացրեցին:
Միջոցառումը կսկսվի բուհի բակում զինվորական նվագախմբի ելույթով, կհնչեն դասախոսություններ, որոնցով կշեշտադրվեն խաղաղության և հաղթանակի ընկալման տարբերությունները Հայաստանում և Ադրբեջանում: Բուհի ճեմասրահում ՇՊՀ ռազմական ամբիոնի ուսանողների և Գյումրիում տեղակայված հակատանկային զորամասի զինծառայողների միջև տեղի կունենա զենքի քանդման ու հավաքման մրցույթ: Կցուցադրվեն գյումրեցի արվեստագետ Արտակ Թադևոսյանի աշխատանքները: Նա տարբեր տրամաչափերի փամփուշտներից պատրաստված գեղեցիկ ու խորհրդանշական կանացի զարդեր է պատրաստում:
«2,5 տարի որդեգրել եմ խաղաղության դեսպանի կարգավիճակը, իմ աշխատանքները խաղաղության կոչ են՝ ի լուր աշխարհի: Ես համամարդկային խնդիր եմ արծարծում, ճիշտ է՝ աշխատանքների վրա հայկական ձեռագիրը թողնում ես, բայց որևէ ազգային պատկանելություն չունեն: Այն, ինչը որ կարող է ոչնչացնել մարդու մարմինը, միևնույն ժամանակ կարող է զարդարել այն. փոխելով պարկուճի մահաբեր էներգետիկան՝ վերածում եմ զարդերի, որը տխրեցնելու փոխարեն ուրախացնում ու էսթետիկական, գեղագիտական հաճույք է պատճառում կրողներին: Նրանք դառնում եմ իմ մեսիջի՝ խաղաղության կոչի փոխանցողները: Ճիշտ է՝ մեծ ակնկալիք չունեմ, որ իմ այս մեսիջով աշխարհում կդադարեն պատերազմները, բայց եթե յուրաքանչյուր մարդ իր բնագավառում փորձի իր ներդրումն ունենալ խաղաղության հասնելու գործին, համոզված եմ՝ մենք կունենանք մեծ արդյունքներ: Պատկերացրեք մութ սենյակում մի մոմ է վառվում, հետո մոմերի քանակն ավելանում է, նույնը իմ դեպքում է, պարկուճներից պատրաստված զարդերը կրողների թիվն ինչքան ավելանան, այդքան խաղաղ ու լուսավոր կլինի աշխարհը: Սա իմ խաղաղության ընկալումն է, որով փորձում եմ պայքարել պատերազմների դեմ արվեստի լեզվով»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց արվեստագետը:
Պատահական չէ, որ Ֆրանսիայի Բաքարա քաղաքի Pole Bijou ցուցասրահում բացված «Պատերազմում»(AT WAR) վերնագիրը կրող ցուցահանդեսին մասնակցելու հայտ ներկայացրած 40 երկրի 500 արվեստագետների գործերից ընտրել էին 7 երկրի 14 մասնակցի, մեկը գյումրեցի Արտակ Թադևոսյանինն էր:
«Խորհրդանշական է, որ Pole Bijou ցուցասրահում մի հարկի տակ ցուցադրվեցին ժամանակին երկու տարբեր խրամատներում պատերազմող երկրների՝ Ֆրանսիայի և Գերմանիայի արվեստագետների գործերը: Ես պատրաստ եմ ու կոչ եմ անում մեր հակառակորդներին արվեստի միջոցով խաղաղություն տարածել»,- ասում է Արտակ Թադևոսյանը:
Նշենք, որ միջոցառումը համատեղ կազմակերպում են Շիրակի պետական համալսարանի արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժինը և ռազմական ամբիոնը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ