Լրահոս
Օրվա լրահոսը

Անպատվաբեր «դրամահավաքն» արգելող կոչը փոխարինել «սեփական երեխայի կրթության մեջ պատվաբեր ներդրում» կոչով

Սեպտեմբեր 25,2018 15:54

Շատ ու շատ դպրոցներում թեմատիկ գրավորների անցկացման հետ կապված հասունանում է շատ լուրջ խնդիր՝ պայմանավորված դպրոցի նախահաշիվներում չնախատեսվող թղթի, պատճենահանող սարքերի և քարթրիջի հետ կապված ծախսերի հետ:

Մինչ այս այդ ծախսերը որոշ դպրոցներում հոգացել են ծնողական խորհուրդները, սակայն այսօր «դրամահավաք» երևույթը համատարած արգելվել է ու դպրոցները կանգնել են այս խնդրի առաջ:

Այսօր այս մասին ահազանգել են մարզերից քիմիայի և կենսաբանության, աշխարհագրության, պատմության ուսուցչուհիներ, որոնց մտահոգությունն այն է, որ թեմատիկ գրավորների շրջանը շուտով սկսվելու է, իսկ իրենց դպրոցների նախահաշիվներում չունեն թղթի ու այլ ուսումնական ծախսերի համար նախատեսված գումար: Ըստ այդ ուսուցիչների, նախկինում տարեկան 500-ական դրամ էր հավաքում ծնողական խորհուրդն ու այն լիովին բավարարել է բոլոր առարկաների թեմատիկ գրավորներ անցկացնելու անհրաժեշտ ծախսերի համար: Հիմա ի՞նչ անեն այդ մանկավարժներն ու տնօրենները, եթե մի կողմից աշակերտ թվով ֆինանսավորման մեջ պետական միջոցներից այդ նպատակի համար գումար չի նախատեսվում, մյուս կողմից արգելվել է ծնողների կողմից ցանկացած նպատակի համար դրամահավաք: Իմ կարծիքով, քանի դեռ պետությունը չի կարող ուսումնական անհրաժեշտ գործընթացի ծախսերի համար գումար նախատեսել, հնարավոր չէ ծնողներին կողմնակից չդարձնել դրան: Հետևաբար, կարծում եմ կրթության պետական լիազորված մարմինը պետք է հստակեցնի, թե ի՞նչն է համարում անպատվաբեր «դրամահավաք»:

Ի վերջո, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով և դպրոցի օրինակելի կանոնադրության 102-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն «ծնողական խորհուրդն օգնում է դպրոցին՝ սովորողների հիմնական պարտադիր կրթությունն իրականացնելու գործընթացում»: Եվ քանի որ ծնողների կողմից այդ օգնությունն այս պահին կարող է լինել իրենց երեխաների պարտադիր կրթության իրականացմանը գումարով նպաստելը, հետևաբար այս տրամաբանությամբ կարելի է անպատվաբեր «դրամահավաքն» արգելող կոչը  փոխարինել  «սեփական երեխայի կրթության մեջ պատվաբեր ներդրում» կոչով ու այս գործընթացը նախատեսվի և վերահսկվի դպրոցների կառավարման խորհուրդների կողմից :

Անահիտ Բախշյան

Կրթության փորձագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930