ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը տեղեկություններ չունի այն մասին, որ ռուսական կողմը պահանջել է Հայաստանից, որպեսզի արգելվի երրորդ կողմի մասնագետների, մասնավորաբար, ամերիկացի, մուտքն ու աշխատանքը Հայաստանի տարածքում ԱՄՆ ֆինանսավորմամբ կառուցված լաբորատորիաներում, որոնք զբաղվում են բիոնյութերի ուսումնասիրությամբ: Այդ մասին այսօր վարչապետի գլխավոր խորհրդականն ասաց «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում`պատասխանելով Հայաստանի տաղավարից հնչող հարցին: Նման տեղեկություն հրապարակել էր ռուսական «Կոմերսանտը»:
Արսեն Գասպարյանը գտնվում է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում, մի շարք հանդիպումներ է ունեցել, որոնց մասին մանրամասներ չպատմեց: Միայն ասաց, որ հայ-ռուսական հարաբերությունները բարեհաջող զարգանում են բոլոր ուղղություններով, նաեւ ռազմական:
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը հույս հայտնեց, որ Պուտին-Փաշինյան վերջին հանդիպումից հետո երկու երկրների հարաբերություններում ռազմավարական գործընկերությունը կմնա: Ասաց նաեւ, որ հայ ժողովուրդը մանդատ է տվել ՀՀ վարչապետին` հայ-ռուսական հարաբերությունների մասով իր տեսլականներն իրագործելու: Դրանք այն տեսլականներն են, որոնց մասին խոսեց Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ին`իր պաշտոնավարման հարյուրօրյա հանրահավաքում: Նիկոլ Փաշինյանին տրված մանդատը Արսեն Գասպարյանը համարում է հենց այդ հանրահավաքի մարդաշատությունը:
Ի հավաստումն հայ-ռուսական դինամիկ զարգացող հարաբերությունների, վարչապետի խորհրդականը վկայակոչեց երկու երկրների միջեւ վերջին շրջանում ապրանքաշրջանառության դրական դինամիկան, Սիրիայի հարցում Հայաստանի մոտեցումը, մասնավորաբար, ռուսական դրոշի ներքո հայկական հումանիտար գումարտակի մասնակցությունը խաղաղապահ առաքելությանը: Նա ընդգծեց`Սիրիայում խաղաղապահ առաքելությունը Հայաստանի համար կարեւորվում է նաեւ այդ երկրում առկա մեծ հայկական համայնքով, պատմամշակութային օջախների գոյությամբ:
Ինչ վերաբերվում է բիոլաբորատորիաների հարցին, վարչապետի գլխավոր խորհրդականը հայտարարեց. «Ոչ մի կողմի հետ, ոչ մի խնդիր չկա»:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ