Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով Երեւանի ավագանու սեպտեմբերի 23-ի ընտրությունից՝ ասել է, որ սա անկախ Հայաստանի 30 տարվա պատմության մեջ երրորդ ազատ, արդար, թափանցիկ ընտրությունն էր: Առաջինը՝ 1991 թվականի սեպտեմբերին ՀՀ նախագահի, երկրորդը՝ 1999 թվականի մայիսին՝ ՀՀ ԱԺ ընտրությունն էր:
Բանախոսի կարծիքով, ընտրությունում մեկ թիմ (ենթադրաբար «Իմ քայլը» դաշինքը-Խմբ.) խոսեց հեղափոխությունից եւ ապագայից, մյուսները ավելի շատ Երևանի գլխավոր հավաքարարի կերպարով ներկայացան:
Արմեն Բադալյանն արձանագրելով, որ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը քաղաքականապես չկայացած է, նկատում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սատարող 300 հազար երեւանցու հեղափոխական զգացմունքայնությունը ծածկեց այդ քաղաքական չկայացվածությունը: Նա վստահ է, որ «Իմ քայլը» դաշինքի օգտին է ծառայել նաեւ ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության գաղտնալսումը։ «Պետք էր ստեղծել նման բան, որ աջակցեր այս թիմի՝ լրացուցիչ ձայն բերելուն։ Հիմա արդեն յուրաքանչյուրն ինքը կարող է մտածել, թե այդ գաղտնալսումն ում կողմից էր, որովհետև բոլորը սկզբում ասում էին, որ սա երկրորդ նախագահի կողմից է, ասում էինք՝ վստա՞հ եք, չե՞ք մտածում, որ դա կարող է նպաստել ընտրարշավի զգացմունքայնությանը։ Կարող ենք ասել, որ դա խիստ նպաստեց մի թիմի ընտրարշավի արդյունքներին»,- պնդում է Արմեն Բադալյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ